Զարթուցիչս զնգում է. ժամը 7:15 է։ 8:00-ին պիտի Գլենդելում լինենք։
Աչքերս մի կերպ բացում եմ. ընդամենը 2 ժամ եմ քնել։ Էլի փակում եմ։ «Երանի
մեկը գրեր՝ չենք գնում»,- մտածում եմ ու հաղորդագրության եմ սպասում
անհույս։ «Վեր կաց, Նարին, ուշանում ենք, արդեն անց կես ա»,- Վալն իր
դերում է, իսկ հաղորդագրություն էդպես էլ ոչ ոք չի ուղարկում։ Հեռախոսս
վերցնում եմ ու Անահիտին գրում՝ արթո՞ւն ես։ Պատասխանում է՝ վեցից։
Յոթ
րոպե անց արդեն ճամփին ենք, հերթով էրեխեքին ենք վերցնում տներից, որ
գնանք Գլենդել։ Պայմանավորվել ենք Սոնայենց տան մոտ հավաքվել ու էնտեղից
գնալ Սանտա Անիտայի կիրճը, այսպես ասած՝ արշավի։ Վալը մայրուղի դեռ չի
մտնում, ուստի Սոնան է շարունակում ճանապարհը։ Նախ գնում ենք
բենզալցակայան, իսկ մոտակա խանութից ում սիրտն ինչ ուզում է՝ վերցնում է.
ճանապարհի պաշար է հարկավոր փաստորեն։ Ասում են՝ դժվար է լինելու, իսկ իմ
հեչ պետքն էլ չի։ Նույնիսկ ջուր չեմ վերցրել հետս։ Մտածում եմ՝ կդիմանամ,
կամ էլ կեսից հետ կդառնամ, մեկ է քայլելու հավես չունեմ։
Մեքենայով
բարձրանում ենք սարը, հետո ոտքով ուղղվում դեպի կիրճ։ Սարի կատարը
մառախլապատ է, իսկ լանջերը՝ սաղարթաշատ. խորքերից ջրի խշշոց է լսվում։
Ասում են՝ փոքրիկ ջրվեժ կա, որը և մեր նպատակակետն է։ Օդը սառն է, քիթս ու
ձեռքերս սառել են, բայց դուրալի սառնություն է։ Բա թարմությունը… Վաղուց
չեմ զգացել նման բան։ Երանի տաք սուրճ վերցրած լինեինք…Ափսոս Ստարբաքս չմտանք…
Ես
ու Անահիտը հետ ենք ընկնում խմբից ու հավեսով զրուցելով հետևում նրանց։
Որոշ ժամանակ անց էնքան ենք տարվում զրույցով ու շրջակայքով, որ մերոնց
տեսադաշտից կորցնում ենք։ Ահագին անց հասնում ենք նրանց. արդեն վերադառնում
են։ Հեռվից ջրվեժն երևում է։ Ասում են՝ գնանք, մոտիկից տեսեք։ Հավես
չունեմ։ Հետ ենք դառնում։ Վալը հարցնում է՝ համաձա՞յն ենք մի տեղ
նախաճաշել։ «Հա՜, կոֆե եմ ուզո՜ւմ»,- ձայնս աշխարհ եմ գցում…
Նախաճաշում ենք. ավելի շատ կալորիա ընդունում, քան երևի առավոտյան ծախսել ենք։ Ոչինչ։
Վերադառնում
ենք Հոլիվուդ։ Ժողովրդին իջեցնում իրենց տները, գնում տատին վերցնում ու
բերում մեր տուն։ Սրճում ենք։ Տատն ուզում է բաժակս նայել, բայց չեմ շրջել։
Երևի մտածում է՝ իրենից թաքցնելիք ունեմ, բայց ես իրոք մոռացել եմ, համ էլ
հետաքրքիր բաներ չի ասում… Ամեն անգամ նույն երգը…
Երկու ժամ չի անցել,
ինչ տուն ենք մտել, էլի դուրս ենք գալիս։ Արփինեի ծննդյան օրն է, Վալը
պիտի մի տեղ տանի՝ պատիվ տալու։ Ահագին հեռու տեղ է քշում։ Արփինեն
ընդհանրապես չխոսկան է, բայց էսօր խոսում է։ Ես էլ եմ միշտ լռակյաց, բայց
էսօր ես էլ եմ խոսում։ Էնքան ենք խոսում, որ չենք զգում ժամանակը ոնց
անցավ, իսկ Վալը ձանձրանում է ու առաջարկում գնալ տուն։
-Տուն չեմ ուզում,- նայում եմ Վալի աչքերի մեջ ու նվնվում։
-Մենք տուն գնալ չենք ուզում,- հաստատում է Արփինեն, ու ես զամանալով՝սրտանց ուրախանում եմ։
-Դու գնա, հետո կգաս մեզ կտանես,- կատակում ենք։
-Էհ, էրեխեք, ես էլ չեմ դիմանում ստեղ, եկեք գնանք կինո գոնե,- տրտնջում է Վալը։
Չենք ուզում։
-Լավ, դե եկեք գնանք շոփինգի. համ կխոսեք, համ էլ կքայլենք։
-Գնանք,-Արփին համաձայնվում է։
Մտնում ենք խանութներից մեկի ավտոկայանը, էլ չեմ դիմանում.
-Էրեխեք, բայց ես շոփինգի գնալ չեմ սիրում, է։
-Ծով գնա՞նք։
-Գնա՛նք։
Ահագին
քշում ենք, հասնում օվկիանոս։ Մութը վրա է հասել։ Մտնում ենք ծովափնյա
սրճարան, որը թաղված է ավազի մեջ, սուրճ ու խմորեղեն ենք պատվիրում…
Նստելու տեղ ու դադար չկա, իսկ բուխարու կրակը չի երևում. բոլորը մրսում են
ու հավաքվել են շուրջը։ Սուրճը վերցնում ենք ու մի կերպ ավազի
վրայով/միջով գնալով հասնում ենք ափ ու նստում՝ ըմբոշխնելու մեր երեկոն,
սակայն թռչունները հանգիստ չեն տալիս, ուտելու բան կա մոտներս։ Շուտով Վալը
մեզ ազատում է նրանց ճնշումից։
Այնքան ենք նստում, մինչև մութն
ամբողջովին պարուրում է օվկիանոսն, ու մենք ստիպված շարժվում ենք դեպի
մեքենա։ Իսկ ես էլի տուն գնալ չեմ ուզում, բայց դե…
Գալիս ենք տուն։
Մտնում եմ ֆբ, մի երկու նամակ ունեմ։ Պատասխանում եմ։ Իսկ տատս դեռ ուզում է
բաժակս նայել։ Վալը սուրճ է եփում, մի կերպ խմում եմ ու նստում լսելու
տատիս հորինած ապագաս։
No comments:
Post a Comment