Հետներս մի ռուս աղջիկ կա, որ անգլերեն լավ չի հասկանում։ Միշտ գալիս հարցնում ա, թե ինչը ոնց պիտի անենք, ու ես խղճուկ ռուսերենս գործի դնելով՝ անցնում եմ գործի, այսինքն՝ բացատրում, թե ինչ պիտի արվի… Ու էդ պահերին հիշում եմ ինձ՝ դպրոցի նկարչության դասերին, երբ անգլերեն չէի հասկանում, Լյուդան ու Դաշան միշտ մոտենում թարգմանում էին դասատուի ասածները, մինչև որ մի սիրուն օր դասատուն խոսելուց հետո Դաշային կանչեց՝ իր ասածներն ինձ համար թարգմանելու, իսկ ես ասացի, որ հասկացել եմ… Ու ինքս զարմացել էի, որ էդ օրն եկել էր։
Էս անգամ հասցրեցինք Նարինեի հետ ահագին ջրիկանալ։ Էնքան ծիծաղեցինք, որ աչքերիցս ջուր էր գնում։ Վաղուց էդքան չէի ծիծաղել։ Ցավոք մեր ծիծաղն ազդեց կողքի աղջկա վրա, ու նա սկսեց հանկարծակի լաց լինել։ Հետո աչքս գցեցի նրա գործին ու նկատեցի, որ խեղճի մոտ չէր ստացվում ոչինչ։ Հավանաբար իրեն թվացել էր, թե իր վրա էինք ծիծաղում։ ։( Հավեսս էլի կորավ. իրերս հավաքեցի ու դուրս եկա՝ ուղղվելով դեպի սրճարան։
Սուրճս վերցրի, հարմարվեցի ազատ սեղաններից մեկի մոտ ու սկսեցի գրել։ Վերջերս նոր գրքանման տետր գնեցի ու ամեն օր հարմար պահերին գրում եմ մեջը էն, ինչ խելքիս փչում ա, նույնիսկ եթե իրար հաջորդող նախադասություններում արտահայտված մտքերն իրար հետ որևէ կապ չունեն։
Դպրոցում Թորսընն ամեն շաբաթ անգլերենի դասին կարգադրում էր մի ժամ գրել՝ առանց գրիչը թղթից կտրելու։ Ասում էր՝ ինչ մտածում եք, գրեք, իսկ եթե էդ պահին ոչինչ մտածել չեք կարողանում, ուղղակի գրեք որ գրելու ոչինչ չունեք ու էդ նախադասությունը գրելու ընթացքում մի միտք կծագի գլխներումդ, կշարունակեք գրել էդ մտքի մասին։ Եթե նկատում էր, որ գրիչը թղթի վրա չի շարժվում, գնահատականն իջեցնում էր։ Երբեմն էլ դասի ժամին գնում էինք սոֆլբոլի դաշտ, խոտերին նստոտում ու սկսում գրել։ Էն ժամանակ մի քիչ ձանձրալի էր ինձ համար էդպես գրելը, ու շաբաթվա էդ օրը որ գալիս էր, չուզելով էի գնում դասի, որովհետև քսան րոպե գրելուց հետո էլ բան չէի ունենում գրելու։ ։Ճ Ստիպված սկսում էի նամակներ գրել, մեկ ա ինքը չէր ստուգում՝ ինչ էինք գրում, կարող ա շատ անձնական լիներ։ Մի խոսքով՝ առիթից օգտվում էի։ Հիմա նենց հավես ա էդ գրածներս կարդալը… Տասնյոթ տարեկան աղջկա գրածներ, որ անվերջ փնովում ա ԱՄՆ-ն ու իր՝ էնտեղ գտնվելը, թվում ա՝ կարոտից շուտով կմեռնի, բայց հետզհետե գրառումները կենտրոնանում են մի ոմն G-ի վրա, որին ըստ երևույթին անհույս սիրահարվել էր… Ինչևէ, շատ շեղվեցի։ Ուզում էի ասել, որ հիմա հաճույք եմ ստանում էդպես գրելուց ու երազում, որ ազատ ժամանակ շատ ունենամ… Գործի ժամանակ էլ տետրը ձեռքիս ման եմ գալիս ու ազատ պահերին գրում եմ… Աշխատողներից մեկը զարմացավ էն օրը թե՝ ով ա տեսել էս կոմպյուտերի դարում մարդ գրիչով բան գրի։ Ասի՝ հո կոմպը ձեռքիս չեմ ման գալու, քմծիծաղեց։ Հետո էլ թե՝ իրոք լավ միտք ա։ Բայց մի տեսակ ցնդածի տպավորություն եմ թողնում։ ։Ճ Բոլորը հետաքրքրվում են, թե էդ ինչ եմ գրում։ Պարզ պատասխանում եմ՝ էն, ինչ որ մտածում եմ… «Հմ» են անում ու վերջ։ Անտոնն էն օրն ասում ա՝ ես էլ գիտեմ գիրք ես գրում, իսկ միտք չունե՞ս գիրք գրելու։ Կատակով ասի՝ ունեմ, ոնց չէ, կարելի ա մեր գործի մասին գրել, հետաքրքիր գիրք դուրս կգա։ Սարկազմս հասկացավ։
Ինչևէ։ Սրճարանում էի… Արմն եկավ, մի քիչ զրուցեցինք ու գնացի գործի։ Գործից հետո Սառայի հետ գնացինք Դաունթաուն՝ ճաշելու։ Առաջին անգամ կորեական խոհանոց փորձեցի, Սառան զարմացել էր, որ մինչ էդ առիթ չէի ունեցել… Մի քիչ իրար գծային հանրահաշվից հարցեր տալուց, մեր գիտելիքներն ստուգելուց հետո գնացինք դասի, իսկ դասից հետո Դեյվի հետ հանդիպեցինք սրճարանում՝ ռուսերեն խոսելու։
Ինձ միշտ թվացել էր, թե Դեյվն ամերիկացի ա։ Էն օրը զրուցում էինք, ասեց. «Գիտես ի՞նչ, ես կարծում եմ, որ այստեղ գործի ընդունելուց պիտի պարտադրեն երկրորդ լեզու իմանալ»։ Մեր կոլեգա սևամորթը թարս-թարս նայեց. ինքն ուրիշ լեզու չգիտի ու չի էլ պատրասվում սովորել։ Դեյվին հարցրի, թե ինքն ի՞նչ լեզու գիտի։ Պատասխանն ինձ ապշեցրեց. իտալերեն։
-Որտե՞ղ ես սովորել,- հետաքրքրությունս զսպել չկարողացա։
-Մայրենի լեզուս է, իտալացի եմ,- պատասխանեց լայն ժպիտով։
Զարմանքից քար էի կտրել։ ։Ճ
Իսկ թե նա ինչու է ռուսերեն սովորում, մեծ հարցական ա դեռ։ Իմ էդ հարցին պատասխանեց, թե՝ շատ լեզուներ իմանալը լավ բան ա։ Համենայնդեպս, հավես էր ռուսերեն լեզվով շփվել իտալացու հետ (նախորոք խնդրել էր, որ միայն ռուսերեն խոսեինք), ռուսերենս մարզվեց ահագին։ Բոլորովին կաշկանդված չէի զգում ու էնքան հավեսի ընկա, որ սկսեցի Չեխովի պատմվածքները բնագրով կարդալ։
Երեկոյան էլ կիթառի դաս ունեի, որին բոլորովին չէի պատրաստվել ու սիրուն նկատողություն ստացա՝ սխալ բան նվագելու համար։ Կիթառս լարելու ժամանակ ուսուցիչս ազգանունս կարդալուց հետո հարցրեց.
-Գիտե՞ս՝ բաբուշկա ինչ է նշանակում լեհերենում։
-Երևի տատի՞կ,- անակնկալի եկա հարցից։
-Չէ, շարֆ։
-Ես լեհերեն դեռ չգիտեմ,- կարմրեցի։
-Ոչինչ-ոչինչ, երբեք ուշ չի,- ասեց ու կիթառս տվեց ձեռքս։
Ժամը տասին քայլում էի տուն ու մտածում՝ տեսնես մի երկու տարի հետո էն մարդիկ, որոնց հետ հիմա առնչվում եմ, կլինե՞ն իմ կյանքում, թե՞ չէ…
- Mood: impressed
No comments:
Post a Comment