Thursday, May 10, 2012

Փոքր ժամանակ (3-6տ.) մամայի փեշից կպած էի։ Հանկարծ եթե մաման մի տեղ էր գնում, կամ ես էի գնում՝ աոանց մամայի, մտքովս հազար ու մի բան էր անցնում։ Միշտ թվում էր, թե նրա հետ վատ բան պիտի պատահեր, եթե ես իր մոտ չլինեի։ Իբր որ կողքին լինեի, ի՞նչ պիտի անեի, չգիտեմ։ ։Ճ Էդպես մերոնց հոգին ուտում էի ՝ վատ երազներ տեսնելով, նվնվալով, լացելով և այլն… Երեք հատ կրկնվող երազ ունեի, որոնց ձեռքը կրակն էի ընկել։ Ու հենց մամայենք մի քանի օրով քաղաք էին գնում կամ չգիտեմ ուր, էդ հիմար երազներն ինձ հյուր էին գալիս։


1. Ես ու մաման կանգնած ենք մեր դարպասի մոտ, հանկարծ տրակտորի ձայն է լսվում, մամայի ձեռքից քաշում եմ, որ ներս գնանք, ինձ չի լսում ու համոզում է, որ վտանգավոր ոչինչ չկա։ Տրակտորը գալիս նրա ոտքերի վրայով անցնում է,  ոտնաթաթերը արյան մեջ կորում են, իսկ ես լեղաճաք եմ լինում, ու արցունքներս էնքան են խեղդում, որ վեր եմ թռնում տեղիցս։
2. Պատշգամբից նկատում եմ, որ գետի կողմից զինված մարդիկ են գալիս, վազում եմ մամայի մոտ ու շնչակտուր զգուշացնում ու խնդրում, որ մի բան անի, էդ մարդիկ հանկարծ մեր տուն չգան։ Մաման լուրջ չի ընդունում, ու հրացանակիրներից մեկը, չգիտեմ ոնց, հայտնվում է մեր բակում ու նշան է բռնում մամայի վրա։ Մաման մի քիչ հեռվում է, չի նկատում, ես կոկորդս ճղելով գոռում-գոչում եմ, որ փախչի, բայց չնայած կոկորդիս պատռվելու ու անտանելի ցավին՝ ոչ մի ձայն դուրս չի գալիս բերանիցս, ու մամային կրակում է էդ ապուշը։ Վեր եմ թռնում։
3. Ինչ-որ անգլուխ մարդիկ, մամայի ոտքերից ու ձեռքերից բռնում են ու նրան մեջտեղից սղոցելով՝ երկու մասի են բաժանում։
Էս վերջին երազն առաջին անգամ տեսնելիս ահավոր վատացել էի։ Խեղճ պապիս ահագին տանջեցի գիշերը։ Ինչքան համոզում էր, որ նման բան պատահել չի կարող, չէի հավատում… ։(

Բա էսքանից հետո ես ո՞նց մամային մենակ թողնեի։ ։Ճ
Միշտ ուզում էի տատիս տուն գնալ, էն էլ հենց մամային հիշում էի, սիրտս կտոր-կտոր էր լինում, հետ էի կանգնում գնալու ցանկությունից, ու իմ փոխարեն քույրս էր ուրախ-ուրախ վեր կենում գնում։
Մի անգամ էլ հորքուրենք մի օրով Թիվլիզ էին գնում, հաջորդ օրն էլի պիտի վերադառնային։ Համոզեց, որ տիկնիկ կառնի, պաղպաղակ կառնի, քաղաքում ման կտա և այլն, մամային էլ հո չեն ուտելու, ընդամենը մի օր ա, մինչև ես հավեսս տիկնիկից հանեմ, արդեն մամայի մոտ կլինենք։ Էնքան հեշտ թվաց… Ուրախացա, թռվռացի, ու գնացինք…
Խոստացած ամեն ինչ արել էր հորքուրը, բայց գիշերն էն ինչ լաց ու կոծ էի դրել՝ մամա, հա մամա՜, Աստված գիտի, իսկ ես գիտեմ, որ դրանից հետո հորքուրն էլ ռիսկ չէր անում ինձ առանց մամայի քաղաք տանել ու միշտ ասում էր. «Ղալաթ կանեմ, թե քեզ մեկ էլ հետս մի տեղ կտանեմ։ Մամայիդ հետդ օժիտի մեջ ենք դնելու»։ ։Ճ
Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, բայց ասում են, որ երբ վերադարձել ենք, մաման հարցրել է՝ հո շատ չի՞ տանջել էրեխեն։ Հորքուրն էլ, մամայի սրտին դարդ չլնելու համար, ասել է. «Չէ, շատ խելոք էր։ Հանգիստ ամբողջ գիշերը քնեց, ցերեկն էլ դե էրեխեքի հետ էր խաղում, ինչ մամա, ի՜նչ բան»։ Էդ պահին եկել եմ մամայի մոտ ու ունքերս կիտած ասել. «Մամ, ես որ գիշերը լացում էի ու լիքը «մամա» էի կանչում, դու լսո՞ւմ էիր, բա ինչի՞ պապան չեկավ ինձ տանի»։ ։ՃՃ

No comments: