Sunday, May 13, 2012

Մի տեսակ ոչինչ անելս չի գալիս։ Ոչ մի բանի հավես չունեմ, ձանձրույթից խույս տալու համար սկսեցի էս օրագրի հին գրառումները կարդալ, ու պարզվեց՝ առաջ երկար-բարակ, առանց ալարելու, օրվա եղած-չեղածը լրիվ գրում էի։ Երանի իմ հավեսին։ Հիմա երկու տող էլ չեմ կարողանում շարադրել։ Էն օրը նստեցի նամակ գրելու, համբերությունս չէր հերիքում, ինձ ստիպելով հազիվ մի կերպ ավարտին հասցրի (8 էջ գրվեց), եղանակն էլ լավն էր՝ ամպամած, քայլեցի փոստ, նամակն ուղարկեցի ու եկա տուն։ Վրայիցս կարծես ծանր բեռ ընկավ. մոտ երկու տարի է, ինչ չէի գրել։ Ասածս ինչ է, հիմա էլ նստել եմ, անիմաստ գրում եմ՝ առանց գրելու հավեսի (թե էս ո՞վ աչքով տվեց ։Ճ)։
Էսօր առավոտ ալարելով վեր կացա, ներկերս դասավորեցի ու իջա քոլեջ։Երկար նկարել-ջնջելուց հետո դուրս եկա, գնացի մոտակա սրճարանը։ Սովից «մեռնում» էի, հավի մսով սենդվիչ ու սուրճ վերցրի ու նստեցի գիրք կարդալու՝ մինչև Արմենուհին գար։ Հետաքրքիր մասերի էի հասել, հենց էդ ժամանակ էլ եկավ, ստիպված գիրքս փակեցի, ու թեժ զրույցի բռնվեցինք։ Ուրեմն Նոյի թվին խեղճ աղջիկը ավտովթարի էր ենթարկվել, էդ մասին մի փոքր նշել էի այ էս գրառման մեջ, վերջերս դիմացի մեքենայի վարորդը, չգիտեմ ինչ էր իմացել, բռնել նրան դատի էր տվել ու անընդհատ սպառնում էր, թե՝ մինչև հարյուր հազար քեզնից չպոկեմ, չեմ հանգստանա։ Երեք օր է դատի ու քաշքշուկների մեջ էր, դառել էր կես մարդ։ Վերջը` երեկ ուրախ-ուրախ եկավ ու ասեց, որ ամեն ինչ լավ էր ավարտվել։ Ընդամենը տաս հազարի տուգանք էին նշանակել, որից հակառակորդը շատ էր նեղվել, բայց իրեն էդ էլ չէր հասնում։Կարևորը՝ անցավ էդ ամեն ինչը։
Խոսելու ընթացքում ոմն մեկն անընդհատ զանգում էր, չէի վերցնում, պատրաստ էի նույնիսկ հետո խաբել, թե չեմ տեսել զանգը, միայն թե չխոսեի հետը։ Էն էլ իմ անբախտությունից էր, թե ինչ, տաս րոպե անց հայտնվեց նույն սրճարանում ու մի հատ էլ մուննաթ եկավ, թե ինչի չէի պատասխանում զանգերին։ Լեզուս կապ ընկավ, բայց ասացի՝ զբաղված էի խոսելով... Հավանաբար կարևոր ասելիք չուներ, հետո էլ չզանգեց։ Ես էլ չզանգեցի։ Հավես չունեմ։
Հետո էլ Վալը գրեց՝ գնանք օվկիանոս։ Գնացինք… Թեթև գլխացավ էր սկսվել մոտս, որ գնալով ուժեղացավ ու տանն արդեն ինձ հանգիստ չէր տալիս։ Վերջապես մի բան հասկացա. ծովում հանգստանալու փոխարեն ես միշտ հոգնում եմ։ Տեսնես ինչի՞ց է։

No comments: