Էսօր մաման չգիտեմ ինչ եփեց, դրեց խոհանոցի սեղանին, որ հովանար, որ հետո
դներ սառնարան։ Ես էլ սուրճ էի պատրաստում, մեկ էլ շրջվեց ու ասեց՝ նոր եմ
սարքել, հանկարծ չթափե՛ս։
Ծիծաղս հազիվ զսպեցի։ Փաստորեն աչքը լավ վախացրել եմ։ ։Ճ
Մամայիս սիրելի արտահայտությունը՝ ափսոս ա։
Ոնց եմ ջղայնանում, որ ամեն ինչ ափսոսում ա։ Ասենք՝ զգում եմ, որ ինչ-որ
իր հնացել ա, կամ անպետք ա, հեչ չենք օգտագործում, որոշում եմ դեն նետել,
բայց վերջին րոպեին ասում եմ՝ լավ, մի հատ մամային հարցնեմ։ Հարցնում եմ՝
մամ, էս պետք չի, չէ՞։ Պատասխանն անգիր գիտեմ՝ թող մնա, ափսոս ա։
Հակաճառելն անիմաստ ա։ Երկուսս էլ ներվայնանալու ենք։ Դրա համար վերջերս
ինչ ինձ դուր չի գալիս, կամ զգում եմ, որ պետք չի/չենք օգտագործում,
վերցնում ու առանց հարցնելու գցում եմ աղբամանի մեջ։ Լինի դա ուտելիք,
աման-չաման, սրբիչներ, կոշկեղեն, շորեղեն և այլն. կապ չունի-ո՛չ մի
ափսոսալ։
Թու-թու-թու, ոչ մի բողոք չկար։ Մտածում էի՝ ինչ լավ ա, չեն
զգում, գոնե հանգիստ պահարանները կթեթևացնեմ։ Բայց դե, արի ու տես, որ
մաման լավ էլ նկատել ա, ուղղակի ձեն չի հանել։ ։ՃՃ
Միակ բանը որ
ռիսկ չեմ անում ձեռք տալ, պապայի իրերն են։ Ասենք՝ կարող ա Նոյի թվի
բոթասներ ունի, որոնց գոյության մասին չի էլ հիշում, ուղղակի պահարանում
տեղ են զբաղեցնում, հենց տանեմ գցեմ, հաջորդ օրը չգիտեմ որտեղից կհիշի ու
կգա կասի՝ ես սենց բոթասներ ունեի, վաղը դրանք հագնեմ լիճ գնալուց, թե չէ
էս մեկերը հարմար չեն կամ բլա բլա… Ու որ իմանա էլ չկան, ես կորած եմ,
որովհետև ինքը ժամերով կխոսի ու անդադար կներվայնանա, որ քիթս խոթել եմ իրա
իրերի մեջ։ ։/ Իսկ մամայի ջղայնությունը հինգ րոպե ա տևում, հետո մի որոշ
ժամանակ նեղված ա մնում, բայց դե անցնում ա։ Թափածը ետ բերել չենք կարող։
։Ճ Կարևորն էն ա, որ վերջերս ո՛չ ջղայնանում ա, ո՛չ նեղվում, ու ես արդեն
սկսում եմ մտածել, որ ինքն էլ ա ներքուստ ուրախանում, որ ես էդ թափելու
գործին եմ անցել, որովհետև իրա մեջ էդ գիծը իսպառ բացակայում ա։
Մեկ
էլ քրոջս իրերի հետ գործ ունենալն ա մի քիչ բարդ, որովհետև պարտերազմ ա
սարքում։ Էն օրը եսիմ ինչ էր փնտրում, չգտավ, միանգամից ասեց՝ ես գիտեմ,
հաստատ թափել ես, էն ա հա ուզում էր պատերազմ հայտարարել, բայց դե ես
ավելորդ աղմուկից փախչող մարդ եմ, օգնեցի, գտավ ուզածը։ Համ էլ ուզում էի՝
հասկանար, որ պետքական բաները չեմ թափում։ Հա, իրա իրերը թափելուց առաջ
ռումբերս նախապատրասում եմ, նոր անցնում գործի, որ պաշտպանվեմ։ ։Ճ Ասեմ, որ
ինքն ահավոր շոպահոլիկ ա. ինչ տեսնում ա, առնում ա։ Էնպես ա լինում, որ մի
բանից երկու հատ ա առնում, որոշ ժամանակ անց, նորից ա առնում, բայց երբեք
էն հները չի գցում։ Լինի դա շոր, կոշիկ, կոսմետիկա, կամ եսիմ ինչ զիրթ ու
զիբիլ։ Օրինակ՝ մի քանի օր առաջ քրոջս կոսմետիկայի դարակը աչքիս շատ խառը
թվաց, ասի՝ մի քիչ դասավորեմ (իրա գլուխը խառն ա, մենակ իրա դասերի մասին ա
մտածում), տեսնեմ՝ մի կրեմից 3 հատ կա, որից մեկը համարյա պրծած էր,
մյուսը կիսատ էր, էն մեկն էլ՝ նոր։ Վերցրեցի էդ նորը թողեցի, էն մյուս
երկուսը թափեցի։ Հետո եկավ տուն ու պարզվեց՝ դրանք տարբեր կրեմներ էին, ու ի
զարմանս ինձ, ձայն չհանեց։ Արդեն գիտի, որ գլուխս մեկ ա չի մտնում։ ։Ճ
Սուսուփուս գնաց նորից էդ կրեմներից առավ, քոռանամ ես։ Ջանդամ, գոնե դրանք
նոր են, նրանք արդեն պրծել էին (ինձ մխիթարում եմ)։
Երբեմն առավոտները,
տանից դուրս գալուց առաջ, գալիս դիմացս կանգնում ասում ա՝ նայի, էս
շորս/կոշիկս հագել եմ, հետո չասես՝ չես հագնում, տանեմ թափեմ։ Մեկ էլ, որ
շատ ա ջղայնանում, ասում ա՝ տար քո էն-էն զբրդախները թափի, ինչի՞ ես իմ
վեշերին աչքդ տնկել։ Ու ես չեմ դիմանում, սկսում եմ ծիծաղել։ «Զբրդախներս» Սկուբն ու Պատրիկն են՝ մեծ խաղալիք-շնիկներ, որոնք մտերիմ ընկերներս են նվիրել. ձեռքս չի գնում, որ թափեմ։
Վայ,
ամենացավոտ մասը մոռացա։ Հայաստանից բերած բուրդ կա տանը, որն աչքիս փուշն
ա։ Ինչ անում եմ, մաման էդ մի բանը չի թողնում թափել, ինչ ա թե էդ բուրդն
առնելու համար տատս շատ ա չարչարվել, երկրե-երկիր անցել։ Վախենում եմ, որ
թաքուն թափեմ, մաման կվիրավորվի ու … եսիմ։ Պիտի բանակցություններ վարել
սկսեմ։
Ինչո՞ւ եմ թափում։ Դժվար հարց ա։ Ուղղակի սիրում եմ, որ ամեն
ինչ պարզ ու հասարակ ա լինում։ Որ առնում, դարակները ճխտում են, տեղ ու
դադար չի մնում, անկախ ինձնից վատանում եմ ու շատ անհարմար զգում։ Դեռ հեչ
չի պատահել, որ փոշմանեմ թափածիս համար, բայց երբեմն պատահում ա, որ ինչ-որ
հին բան եմ գտնում (ու շատ եմ զարմանում, որ մինչ այդ թափած չեմ լինում),
ուրախանում եմ, որովհետև հետաքրքիր հիշողություններ են արթնանում մեջս (
ասենք եթե ինչ որ տետր, թղթի կտոր կամ նման մի բան ա լինում), չնայած՝ էդ
առարկայի վերաբերյալ ամեն ինչ վերապրելուց հետո՝ դրանից էլ եմ
ձերբազատվում։
Մի օր մամային ասում էի՝ այ, որ էս տանը մենակ ես
ապրեի, էս ծաղիկները կտանեի դուրս, էդ ակվարիումն ու ծտերն իրանց
վանդակներով կթափեի, էս ծաղկամանները կթափեի, էն նկարն էլ կթափեի, հա մեկ
էլ՝ թիվին. չես պատկերացնի, ինչ երջանիկ կլինեի էդքանից հետո։ Մաման
մնաց-մնաց ասեց՝ դու մեզ էլ կթափեիր։
Տխրեցի։ Մի խոսքով՝ դժվար ա էս մարդկանց հետ ապրելը։
No comments:
Post a Comment