Ուղիղ երկու շաբաթ առաջ տատս առավոտյան եկավ մեր տուն ու զարմացավ, որ ես
արթուն էի ու տանն էի, նույնիսկ սուրճ խմեցի նրա հետ ու թեժ զրույցի
բռնվեցի՝ բազմաթիվ հարցեր տալով մեր նախնիներից։ Նրան էլ նման բան էր պետք.
սկսեց գործի դնել երևակայությունն ու հիշողությունն ու առանց շունչ
քաշելու պատմեց իր ծնողների ու մանկության մասին, իսկ ես ինձ հետաքրքրող
ինֆորմացիան ստանալուց հետո հարմար պահ ընտրեցի ու ծլկեցի հյուրասենյակից։
Երկար ժամանակ է, ինչ չէի տեսել նրան, որովհետև գիշերները չքնելու
պատճառով՝ ցերեկը, նրա գալու ժամանակ, քնած էի լինում։ Էդ կիրակի չգիտեմ
ինչու, որոշեցի չքնել ու դիմավորել տատիս, ինչը շատ ուրախացրեց նրան։
Տատս
խոսել շատ է սիրում։ Իրեն միայն ականջ է հարկավոր։ ԱՄՆ գալուց հետո շատ
ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ իմ ականջներն ինքը շատ է սիրում,
քանզի միակ մարդն եմ, որ երբեք չի ընդհատում նրան խոսակցության ընթացքում,
իմ կարծիքը չեմ հայտնում, դեմքիս արտահայտությունը չի փոխվում, իսկ ինքը
խոսում-խոսում է՝ անդադար, ինքն իրենից առաջ անցնում, ձայնի տոնը
բարձրացնում, ջղայնանում, սրան-նրան փնովում, ուրիշներին՝ գովում, երկինք
բարձրացնում, վերադառնում նախորդ թեմաներին, մինչև հոգնում է ու ինձ
ասում՝ հայդե, գնա դասերիդ նայի, ես էլ մի քիչ հանգստանամ։ Ու ես ժպիտը
դեմքիս հեռանում եմ, ինքս ինձ համոզելով, որ տատիս աչքին այդուհետ քիչ
կերևամ։
Ի՞նչ մեղքս թաքցնեմ։ Որ նոր էի եկել,
տատիս հայացքներն ինձ ահավոր խորթ էին ու անընդունելի։ Փորձեցի մի քանի
հարցում հակաճառել, բայց դարձա նրա աչքի փուշը։ Մի օր էլ հայաստանցիների
մասին խոսելիս էնպես վիրավորեց, որ ոչինչ ասել չկարողացա. բառերիս փոխարեն
արցունքներ էին հոսում աչքերիցս։ Էդ օրն ինձ շատ փոխեց։ Հենց էդ օրը
սովորեցի տատիս հետ զրուցելու ժամանակ ուղղակի նրա մենախոսության վկան
լինել՝ առանց ձեն-ծպտուն հանելու։ Իսկ երկու շաբաթ առաջ, կիրակի օրը,
չգիտեմ ինչու, որոշեցի խոսել նրա հետ, հարցնել իր անցյալից և այլն,
ինքն էլ ուրախ-ուրախ ահագին բաներ պատմեց՝ լավ զգալով, որ հետաքրքրվում եմ։
Պատմածների մեծ մասին տեղյակ էի, մի մասի մասին էլ հույս ունեի հենց
իրենից լսել, բայց վարպետորեն շրջանցեց ու երևի երբեք էլ չի պատմի այդ
մասին։
Էդ կիրակի օրվան հաջորդող չորեքշաբթի օրը ահազանգ ստացանք, որ
տատը վատացել է ու հիվանդանոցում է։ Մարմնովս դող անցավ։ Երկար չտևեց
հիվանդանոցի տեղը պարզելն, ու կարճ ժամանակ անց արդեն էնտեղ էի։
Հորքուրները լուռ հեկեկում էին սպասասրահում ու չհասցրին կարգին պատմել, թե
ինչն ինչոց է, երբ բժիշկը մոտեցավ ու սառնասրտորեն ասաց, որ ընդամենը 25%
շանս կա փրկելու, իրենք ամեն ինչ կանեն, բայց մենք էլ պիտի պատրաստ լինենք՝
վատ նորություն լսելու։
Տատս ուղեղի կաթված էր ստացել։
Երկու օր
անց, երբ որոշեցին էլ հանգստացնող չներարկել, պարզվեց որ նա խոսել չի
կարողանում։ Մարմնի աջ կողմն էլ անզգայացել է։ Բռնեցի ձախ ձեռքը, գլուխը
թեքեց, տեսավ՝ ես եմ, փորձեց ժպտալ, բայց ծամածռություն ստացվեց։ Իմ արևին
ուզեցա մխիթարել, երկու բառ էլ չէի ասել, նկատեցի տատիս արցունքներն ու ինձ
զսպել չկարողացա։
Հիմա երբ այցելում եմ նրան, կանգնում եմ կողքը,
լուռ նայում է երեսիս ու բան չի ասում։ Ծանր է։ Սիրտս կտոր-կտոր է լինում,
ու ահավոր մեղավոր եմ զգում, որ մի ժամանակ ինքը խոսում էր, իսկ ես փախչում
էի... Հիմա ես եմ ուզում, որ խոսի, բայց ավաղ… Երկար կանգնում եմ կողքը,
անհանգիստ շարժումներ է անում, չեմ հասկանում՝ ինչ է ուզում։ Վերջը գլխի եմ
ընկնում ու հարցնում՝ տատ, ուզում ես, որ նստե՞մ։ Գլխով «հա» է ասում, ու
սիրտս էլի լցվում է… Մտածում եմ՝ ինչ լինում էր, թող լիներ, միայն թե
խոսելու ունակությունից չզրկվեր։ Երկար չի դիմանա, ինքը սովոր չի դրան։ ։(
No comments:
Post a Comment