Wednesday, August 8, 2012

Հարցազրո՞ւյց… Չեմ ուզում

Ոնց չեմ սիրում հարցազրույցի գնալ։ Գնա էդքան պատասխանի ձանձրալի հարցերին, հետո էլ հարց ա՝ կկանչեն արդյոք, թե չէ։
Վերջերս հարցազրույցի էի, մամային զգուշացրի, որ երկար կտևի՝ հիշելով նախորդը, որ  40 րոպե էր տևել ու դեռ երևի ավելի կձգձգվեր, եթե չհասնեիք մի օրհնված հարցի, էդ հիմա եմ ասում օրհնված։ ։))
Ուրեմն օֆիսի տեղը գտա, ներկայացա, նստեցի՝ պատրաստ լինելով մանրակրկիթ հարցաքննվելու։ Խնդրեց անունս տառ առ տառ ասել, հեռախոսիս համարը վերցրեց, մի երկու բառով ասեց՝ գործն իրենից ինչ է ներկայացնում, ինձ հարմար ժամերը գրանցեց ու սիրուն հայտնեց, որ կարող եմ էս ինչ օրը սկսել թրեյնինգը։ Մնացի շշմած։ Շնորհակալություն հայտնեցի, վեր կացա՝ գնամ, երևի զգաց, որ զարմացած եմ, հարցրեց՝ ինչ հարցեր ունեմ։ Ասի՝ փաստորեն փորձը կարևոր չի, հա՞։  Ժպտաց, բա թե՝ ես ամեն ինչ գիտեմ քո մասին։ Մեղայ… Ավելի խճճվեցի։ Նա էլ թե՝ Սոֆյան (նախկին ղեկավարս) քո մասին շատ լավ բաներ ա ասել, էնպես որ մի անհանգստացիր, երկուշաբթի օրվանից կգաս գործի։ Ի զարմանս ինձ, հարցազրույցս տևեց ոչ ավել, ոչ պակաս 4 րոպե։ Ուրախ-ուրախ գնացի տուն։


Իսկ նախորդ հարցազրույցի ժամանակ ուզում էի կեսից վեր կենալ ու ասել՝ գիտեք ի՞նչ, փոշմանեցի, էլ էս գործը չեմ ուզում, ու դուրս գալ։ Երկար-բարակ չեմ գրում, թե չէ էլի կջղայնանամ։ Հերիք չի գործի հետ կապ չունեցող հարցեր էր տալիս, իսկ ես պատասխանում էի շատ հակիրճ, ինքն սկսում էր իր մասին պատմել ու անվերջ խոսել իր դստեր մասին։ Եվ վերջապես հասավ էն օրհնված հարցին.
-Որտեղից իմացա՞ր մեր ծրագրի մասին։
-Քրոջիցս։
-Իսկ նա որտեղի՞ց գիտի մեր մասին։
-Մի քանի տարի առաջ աշխատել է Ձեր ծրագրով, բայց ուրիշ դպրոցում։
-Հմմմ, անունն ի՞նչ է, ես բոլորին հիշում եմ։
-Թինա...Ավելի ճիշտ՝ Վալենտինա՛։
Էստեղ էդ մարդը զարմանքից քար կտրեց մի վայրկյան, հետո ծլեց-ծաղկեց։
-Դու Վալենտինայի քո՞ւյրն ես։ Ինչու՞ շուտ չասացիր։ Ախր ազգանունդ ծանոթ թվաց, ո՞նց շուտ չհասկացա։ Որ ասեիր, էսքան հարցեր չէի տա։ Շուտ կկանչեի։ Դու ուշ էիր դիմել, դրա համար վերջում կանչեցի, ամենաառաջինը քեզ կկանչեի։ Պիտի էլ-փոստում գրած լինեիր, որ Վ-ի քույրն ես… Դու գիտե՞ս, որ նա մեր լավագույն աշխատողն էր։ Ի՞նչ է անում հիմա։ Չի ուզո՞ւմ վերադառնալ մեզ մոտ։ Բլա բլա բլա…ու էլի լիքը բլաներ…
Մի խառնվել խառնվեց իրար, որ բառերով նկարագրել չեմ կարող։ Անմիջապես անցավ գործի, ինձ հարմար ժամերը հարցրեց, ասացի՝ որ ուրիշ գործ էլ ունեմ ու ուզում եմ դրա շուրջ հարմարեցնել։ Էստեղ տխրեց, թե՝ հնարավոր չի։ Ես էլ ասացի, որ իմ գործը շատ եմ սիրում, հաստատ չեմ թողնի, ուղղակի ազատ ժամեր ունեի, դրա համար դիմեցի իրենց։ Մի խոսքով՝ չստացվեց։ Իր տվյալները տվեց, թե՝ զանգիր ցանկացած ժամանակ, երբ որոշես գործդ թողնել։ Տարավ օֆիս, աշխատողների հետ ծանոթացրեց, բա թե՝ Վ-ի քույրն է, պատկերացնում եք… բլա բլա…
Դուրս եկա, հազիվ շունչ քաշեցի, որ պրծա… Մտածում եմ՝ որ չասեի Վալի քույրն եմ, տեսնես՝ ինչքան էր ձգձգվելու, կամ գոնե որ իմանայի՝ էդպես հեշտ կպրծնեի, իսկականից հենց սկզբից էլ կասեի։ ։Ճ

Էսքանից հետո եկա էն եզրակացության, որ մինչև մի ընդհանուր ծանոթ չլինի, կամ ինչ որ մեկի միջոցով չճշտեն՝ ով ես, ինչ ես, ոչ մի բան էլ դուրս չի գա։ ։/ Ես էլ չէի ուզում հավատալ ու պնդում էի, թե էդպես չի։ ։/

No comments: