Երկրորդ դասարանից սկսած մեր դասարանի «սանիտարկան» էի։ Մամաս սպիտակ
կտորից սիրուն պայուսակ էր կարել տվել՝ վրան կարմիր խաչ, որ պիտի ամեն օր
հետս դասի տանեի։ Մեջը յոդ, բամբակ, բինտ, մկրատ ու նման բաներ էին, ինչ որ
դասատուս ասել էր, որ պարտադիր պիտի ունենայի, որ անհրաժեշտության դեպքում
մեր էրեխեքին օգնության հասնեի։ Մի փոքր կտոր էլ, էլի կարմիր խաչով, թևիս
էի կապում, որ երբ իբր հանկարծ ինչ-որ մեկն ընկներ-վնասվեր, կարմիր խաչս
նկատեին ու իմաց տային, հասնեի առաջին օգնություն ցույց տալու ։ Սկզբում
ինձնից գոհ-գոհ, ինձ մեծ զգալով, էդ պայուսակը թևիցս չէի գցում, հետո
սկսեցի ձանձարանալ։ Էնքան անտանելի էր հա՛մ դա բռնել, հա՛մ իմ պայուսակը,
հետն էլ ամբողջ օրը կողքիցս կախ գցած ման գալ/նստել։ Երանի էի տալիս
մյուսներին, որ հանգիստ մի պայուսակով էին դասի գալիս, բայց դե ոչինչ փոխել
հնարավոր չէր, դասատուս գլխիս տակ փափուկ բարձ էր դնում, թե՝ մյուս տարի
էլ ուրիշը կլինի, այս տարի քո հերթն է։
Հաջորդ տարի դասղեկս փոխվեց, էլի
ինձ նշանակեց սանիտարկա։ Կարծիք հաշվի չէր առնվում։ Ես էլ մռութս կախել էի
ու մի օր էրեխեքին հայտարարեցի՝ հանգիստ կվազեք ու չընկնեք, ես ձեր
վերքերը բուժողը չեմ։ Առաջ վազում գնում էի, Վրեժն օգնում էր յոդ-մոդ էինք
քսում, կամ մեր արևին՝ վիրակապ դնում, հիմա եթե ինչ-որ մեկը քերծվածք էր
ստանում, չէի գնում։Ահավոր եսասեր էի դարձել, ասում
էի՝ լավ ա, էլի, դուք ձեր ուզածի չափ վազում-խաղում եք, դեռ մի հատ էլ
ընկնում, ես էլ պիտի իմ խաղը կիսատ թողնեմ, գամ ձեր ոտքերն ու ձեռքերը
խնամեմ, չե՛մ գալու։ Տեսան՝ օգուտ չկա, Վրեժը (դասարանի ավագն էր) երբեմն
գալիս էր ինչ-որ պետք էր վերցնում-գնում էր «օգնության» (երանի իր հավեսին
ու համբերությանը), ես էլ մի օր հանեցի պայուսակս ու դրեցի դասարանի
պատուհանի գոգին ու ասեցի՝ էլ չգաս ինձ մոտ, գնա, ինչ քեզ պետք ա, էնտեղից
վերցրու։ Հետո քիչ-քիչ ինքն էլ խելքի եկավ. ով որ ընկնում էր, ուղարկում էր
դասարան, որ իրենք իրենց քերծվածքներին տեր կանգնեին։ Դասատուն էլ ձայն
չէր հանում…
Քանի որ մեր գյուղն էն ժամանակ կարգին դպրոց չուներ,
էրեխեքի մի մասը մանկապարտեզի շենքում էր դաս անում, մյուս մասը՝
դոմիկներում, առաջինից չորրորդ դասարաններն էլ` գյուղի ծայրամասում գտնվող
մի փոքր շենքում։ Ահավոր քարքարոտ ու քարուքանդ եղած էր էդ շենքի
շրջակայքը, ոտքդ մի քիչ թեք որ դնում էիր, ընկնում էիր։ Մեր էրեխեքի ուշքն
էլ վազվզելու համար գնում էր, դրա համար անընդհատ ընկնում, արյունոտվում
էին։ Ինչևէ, եթե լուրջ բան էր լինում, դասատուները տեղներից շարժվում էին։
Այնուամենայնիվ, լուրջ բաները լինում էին էն ժամանակ, երբ դասատուներն
էնտեղ չէին լինում, այսինքն՝ դասերից հետո։ Օրինակ՝ մի անգամ խաղի
ընթացքում մեզնից մի տարի մեծ մի տղայի հրել էին մոշի թփերի վրա, փշոտ
ցողունն աչքն էր մտել, խեղճի աչքը դուրս էր եկել։ ։( Նրան էլ չտեսանք,
հեռացան գյուղից։ Ինչևէ, սրա մասին չէի ուզում գրել, վերադառնամ մեր
դասարանին։
Մի օր չորրորդ դասարանում դասերից հետո Կարենն ու Արսենը
կռվեցին։ Տղաները բաժանեցին, կարծես թե հադարտվեցին ու գնացին տուն։ Հաջորդ
օրն ի՞նչ իմանայինք, որ լավ լիներ։ Արսեն, դու Արսեն, գնացել էր տուն,
իրանից մեծ դանակ վերցրել ու վազել Կարենի հետ հարցերը լուծելու. առանց
երկար-բարակ մտածելու՝ դանակը խրել էր Կարենի փորը։ Լրիվ սենսացիա էր. ոչ
մեկը լսածին չէր հավատում։ Արդեն քննարկվում էր Արսենին գաղութ տանելու
հարցը, չնայած ամեն ինչ անում էին, որ չտանեին։ Ու էդպես էլ եղավ։ Ուղղակի
որոշ ժամանակով արգելեցին դպրոց գալ։ Կարենն էլ, Փառք Աստծո, լուրջ
վնասվածք չէր ստացել, բայց ահագին երկար տևեց բուժումը։
Երբ արդեն
մոռացել էինք էս դեպքի մասին, նոր Արսենին թողեցին դպրոց գալ։ Ու եկավ։
Նենց սառն ու վախենալու էր, ոչ մեկը չէին շփվում հետը, ինքն էլ ոնց որ թե
գիտեր, որ էդպես էր լինելու, ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում,
առանձնացել էր։ Ես էլ էնքան էի վախենում իրենից, որ հանկարծ մի մետր մոտ էր
հայտնվում ու էն իրա կապույտ ու սառն աչքերով հայացք գցում վրաս, թուքս
չորանում էր։ Իհարկե, հետզհետե անցավ էդ լարվածությունը, բայց դե բոլորս էլ
զգոն էինք։ Երևի ինքն էլ լավ էր զգում, որ իրենից վախենում էինք։
Վեցերորդ
դասարանում էս Արսենն ում մոտ նստում էր, կռիվ էր սարքում։ Վերջը բերին իմ
մոտ նստեցրին։ Մարդը սուսուփուս, իր համար հանգիստ նստում էր, ո՛չ խոսում
էր, ո՛չ խանգարում, ոչ էլ անդադար շուռումուռ գալիս, ինչպես ուրիշները։
Ավելի ճիշտ, երբ սկսում էր խոսել, ասում էի՝ սուս, հետո կասես, լռում էր։
Արդեն գիտեր, որ դասի ժամին ինչ էլ ասեր, չէի լսելու։ Փաստորեն կողքից
բզզում էին, դրա համար էլ կատաղում էր…
Ինքը հիմա էն դասընկերներիցս է,
ում հետ կապը պահպանվել է։ Երբ ադնակլասնիկ կոչվածը գյուղ էր «հասել», նա
մեր դասարանից առաջին մարդն էր, որ ինձ գտավ։ Էն ոնց էի ուրախացել, էլ
ասելու չի։ Ոնց որ հարազատիս գտած լինեի։ Մինչ այդ բացիկ-բան էի ուղարկում
ընդհանուր դասարանին, բայց պատասխան չկար։ Հետո ասին՝ մենք կարծում էինք,
թե դու մեր ուղարկածը չես ստանա, դրա համար չէինք ուղարկում։ Միայն Մարիամն
էր սկսել նամակներ գրել, էն էլ երբ արդեն գնացել էր սովորելու։
Ճիշտ է,
հիմա Արսենի հետ խոսելիս ընդամենը մի երկու բառ ենք փոխանակում ու
հիմնականում Նոր Տարի ու ծննդյան օր ենք շնորհավորում, բայց դե էդ էլ իրա
տեղն ունի։
Ինքը հիմա Ղարաբաղում է։ Երբ մի անգամ հարցրի, թե ինչ է անում, ասեց՝ «նայոմնիկ» եմ։
No comments:
Post a Comment