Tuesday, July 30, 2013

10. Ուրիշի պատմած պատմություն, որն ուժեղ տպավորվել է

Մորական տատս միշտ հետաքրքրվում ու փնտրում էր եղեռնից հետո ցիրուցան եղած իր հարազատներին։ Թեև ինքը նրանց երբևիցե չէր տեսել, բոլորի մասին լսել էր ծնողներից ու սրտանց ուզում էր գտնել նրանց։ Էդ հարցով նաև ավելի ակտիվորեն զբաղվում էր նրա եղբայրը, որ հանկարծակի մի օր սրտի կաթվածից մահացավ։
Եղբոր մահվան տարուն, գերեզմաններում շիրմաքարերից մեկին տատս մի կնոջ նկար է նկատում, հետո իր քույրերին ասում է, որ էդ քարի վրայի կնոջն իրենց տան նկարներից մեկում տեսել է։ Որոշ ժամանակ անց սկսում են հետաքրքրվել ու պարզել, թե էդ մահացած կնոջ բարեկամները որտեղ են ապրում։ Պարզվում է, որ հասցեն փոխված է լինում, ինչ որ տեղափոխված են լինում…
Ահագին ժամանակ անց վերցնում են էդ նկարն ու գնում նոր գտած հասցեով։ Դուռը մի մարդ է բացում, տատս ասում է, որ իրենք անկոչ հյուրեր են ու մի  հարցով են եկել։ Շատ բարեհամբույր մարդ է լինում, հրավիրում է ներս, սուրճ են հյուրասիրում, ընթացքում էլ տատս նկարը ցույց է տալիս ու ասում, որ նկարում իր հորեղբոր ընտանիքն է, որին վաղուց փնտրում են, անուններն է ասում, պատմում է թե կոտորածից առաջ ովքեր են եղել, երբ է վերջին անգամ իր հայրը նրանց տեսել և այլն։ Նաև ասում է, թե ինչու են էդ հասցեով եկել. շիրմաքարի նկարի կինը հենց էդ նկարի միջի կինն է լինում, որը և տատիս հորեղբոր կինն է։ Տանտերը լսում-լսում է ու վեր կենում սուսուփուս գնում կողքի սենյակ։ Հետո գալիս է՝ ձեռքին նույն նկարից ու ասում, որ էդ կինն իր մայրն է եղել։ Փաստորեն տատիս հորեղբոր տղան է լինում։ Գրկախառնվում են, ուրախանում, էդ մարդն էլ է ասում, որ շատ է նրանց փնտրել, բայց ապարդյուն։ Ուղղակի նրա ազգանունը փոխված է լինում, քանի որ անմիջապես հոր մահից հետո մայրը նրան քեռու ընտանիքին է տված լինում, քեռին է իրեն պահում-մեծացնում, ուստի ինքը քեռու ազգանունն է կրում…
Էդպես արդեն նոր բարեկամական կապ է ստեղծվում։ Երկու կողմն էլ անկեղծ ուրախացել էր։ Ցավալին այն է, որ տատիկիս հորեղբոր տղան որ լսում է տատիկիս  մահացած եղբոր անունը, ասում է, որ ճանաչում է նրան։ Իրենք միասին նույն հիմնարկում են աշխատած լինում, բայց ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ հորեղբոր տղաներ են։
Մի խոսքով՝ էս ամեն ինչը ութսունական թվականներին է տեղի ունեցել։  Տատս էնքան լավ էր պատմում, ու էնպես է տպավորվել, որ թվում է՝ ես էլ եմ ականատես եղել էդ ամեն ինչին։ ։)
Ափսոս, որ կարգին գրել չկարողացա։

No comments: