Thursday, August 8, 2013

11. Իմ երազանքի մասին

Միշտ երազել եմ մենակ ապրելու մասին։ Մոտավորապես պատկերացնում էի, որ առավոտյան արթնանում եմ, սուրճս խմում, գնում գործի։ Երեկոյան գալիս եմ տուն, ամեն ինչ իր տեղում է, նույնիսկ առավոտյան կիսատ թողած սուրճիս բաժակը։ Ուտելու բան եմ սարքում, ուտում, հետո նստում եմ կա՛մ կինո  նայում կոմպով (հեռուստացույց չունեմ), կա՛մ գիրք եմ կարդում։ Երբեմն էլ երաժշտություն եմ միացնում ու նկարում։ Եթե հոգնում եմ, էդպես էլ թողնում եմ ներկերս՝ իմանալով, որ ոչ ոք ձեռք չի տալու։ Կարևորը՝ շուրջս միշտ իմ երազած լռությունն է. ոչ ոք չի խոսում, ոչ ոք չի զանգում։

Արդեն մոտ մեկուկես ամիս է, ինչ տեղափոխվել եմ։ Ճիշտ է, մենակ չեմ ապրում, երկու ռումմեյթ ունեմ, բայց լռությունս ապահովված է։ Ռաշմին առավոտյան գնում է լաբ, երեկոյան գալիս, իր ճաշն եփում-ուտում ու գնում իր սենյակ։ Գոհարն էլ կամ գիրք է կարդում, կամ կոմպի մոտ է, էլի ձայնը դուրս չի գալիս։ Մինչև չխոսաս, չի խոսա։ Էդպես ամենքս մեզ համար ապրում ենք։
Հուլիսին նրանք հանգստանալու էին գնացել, ես դասերի պատճառով տանն էի մնացել։ Չորս օր մենակ էի. պիտի որ իմ երազած կյանքը լիներ, բայց մի տեսակ նենց անհետաքրքիր էր։ Նախ որ մենակ էի, ճաշ եփելու հավես բացարձակապես չունեի։ Հասկացա, որ չոր հաց ու պանիրով էլ յոլա կգնամ, բայց ինքս ինձ համար չեմ կանգնի ճաշ-մաշ եփեմ։ Շատ-շատ բրինձ խաշեմ ու վերջ։ Հետո էլ լրիվ աշխարհից կտրված ոնց որ լինեի։ Չորս օր բերանս չէր բացվել։ Վերջին օրն էլ արդեն անհամբեր սպասում էի, որ վերադառնային։ Մի բան էլ հասկացա, որ չնայած էնքան էլ շփվող մարդ չեմ, մի փոքր շփման կարիք այնուամենայնիվ ունեմ. առանց դրա չեմ կարող ։
Ուղղակի մեր տանն ինձ մոտ էնպիսի տպավորություն էր, որ բոլորն անվերջ խոսում են։ Մաման գործից գալիս էր ու սկսում իր օրից/գործընկերներից պատմել։ Հետո ընկերուհիներն էին զանգում, նրանց հետ էր խոսում։ Պապային իր ծանոթներն էին զանգում։ Հովոն սկայպով առավոտից իրիկուն իր ընկերների հետ էր խոսում։ Վալը գալիս էր տուն ու ջղայնացած իր գործընկերների արարքներից պատմում։ Բոլորը խոսում, խոսում, անվերջ խոսում էին։ Էնպես էր լինում, որ մաման նույն բանը սկզբում ինձ էր պատմում, հետո պապան էր գալիս, նրան էր պատմում, հետո՝ Վալին… Վրաս ահավոր ազդում էր էդ ամեն ինչը։ Ուժս միայն Հովոյի վրա էր պատում ու ամբողջ օրն ասում էի՝ Հովո, հերիք ա, սուս… Հովո, հերիք ա, սուս։ Երբեմն էլ Վալին էի ասում՝ կներես, բայց ստոպ, մի պատմի, էլի։ Խեղճը վատ էր զգում, թե՝ բա ո՞ւմ պատմեմ…
Առավոտյան աչքերս բացում էի, մեկ էլ Վալն սկսում էր՝ էսօր նենց տարօրինակ երազ եմ տեսել, բլա բլա բլա։ Երբեմն չէի լսում, իմ մտքերի գիրկն էի ընկնում, ինքն ուղղակի շարունակում էր պատմել։ Երբեմն չէի կարողանում չլսել, ատամներս սեղմած մի կերպ սպասում էի, թե երբ պիտի վերջանար երազը։ Երբեմն էլ չէի դիմանում ու ասում էի՝ ինձ մի պատմի, գնա ջուրը բացի ու սկսի պատմել, թող գոնե առավոտս լուռ դիմավորեմ։ Ինքն էլ ինադ էր ընկնում, թե՝ պատմելու՛ եմ, ուզում ես լսի, ուզում ես՝ չէ։ ։D Լռության կարոտ էի, միշտ երազում էի լուռ միջավայրում ապրելու մասին ու ինձ թվում էր, որ միակ ելքը մենակ ապրելն է, սակայն ընդամենը մի քանի օր մենակ մնալով հասկացա, որ չէ…
 Մի խոսքով՝ հիմա ոչ թե մենակ ապրել եմ երազում, այլ մեկի հետ, ով գիտի լռությունն ինչ է։ Հեչ որ չէ, մի հատ սիրուն շուն կառնեմ. ես կխոսեմ, ինքը կլսի։ ։)))

No comments: