Monday, August 26, 2013

13. Մի սիրո պատմություն

Իննսունականների երկրորդ կեսին հաճախ էի գնում տատիկիս տուն, որովհետև էդ թվերին թաղի էրեխեքը հետաքրքիր հավաքույթներ էին կազմակերպում ամեն շաբաթ ու մինչև ուշ գիշեր ասում-խոսում-ուրախանում։ Անչափ հաճելի էր էդ ամեն ինչը, ու ես միշտ ափսոսում էի, որ մեր գյուղում նման բան չկար։ Այսինքն՝ լիներ էլ, մաման ու պապան հաստատ չէին թողնի մթին դուրսը մնալ, որովհետև  ժամը տասին մենք արդեն քնած պիտի լինեինք։ Հանկարծ եթե տասն անց էր, իսկ մենք դեռ հեռուստացույցի առջև նստած էինք, պապան մի հատ թարս նայում էր, սուսուփուս վեր էինք կենում, գնում մեր սենյակ՝ քնելու։ Ես էլ թարսի պես միշտ քնի հետ կապված խնդիր եմ ունեցել, ու թեև գնում էի սենյակ, մինչև ժամը մեկն արթուն էի լինում։ Մթության մեջ նստում էի մահճակալիս՝ առանց վերմակով ծածկվելու, ու ընկնում մտքերի գիրկը։ Ձմեռներն էլ էդպես նստած փետանում էի։ Ինչևէ, եկավ մի շրջան, որ տատիկիս տուն գնալն ինձ համար դարձավ մեծ ուրախություն, որովհետև ազատություն էի ստանում։ Ոչ ոք չկար, որ ասեր՝ գնա քնի։ Երբ ուզում էի, էն ժամանակ էլ քնում էի։ ։) (Չնայած հետո մերոնք ինձ համար սիրուն պատի լուսամփոփ առան ու արդեն անիմաստ նստելու փոխարեն գիշերները հեքիաթներ էի կարդում։  Թեև քույրս էլի բողոքում էր, թե իրեն խանգարում է լույսը, ինձ համար մեկ էր)…

Ուրեմն ամռանը որ գնում էի տատիկիս տուն, գիշերն էրեխեքը լույս էին քաշում թաղի էրեխեքից ինչ-որ մեկի տան առջև, ամեն մեկն իր տնից աթոռներ էր տանում ու շրջան կազմած նստում էինք փողոցում։ Տատիկիս կողքի հարևանը երաժշտական գործիքներ ուներ՝ ակորդեոն, դհոլ, կլառնետ և այլն, իր տղաներին էլ  նվագել էր սովորեցրել։ Համոզում էինք նրանց, մեկ-մեկ հավեսի էին ընկնում, գործիքները հանում էին դուրս ու սկսում նվագել։ Երբեմն նրանց հայրն էլ էր միանում, նվագակցում ու սիրուն շոու էին մատուցում, բայց ինչպես ես էի հասկացել, տղաները նվագել չէին սիրում։ Մի տեսակ չեմուչումով էին նվագում միշտ, թեև իրենց տնից միշտ զուռնա-դհոլի ձայն էր գալիս, ու պահ էր գալիս, որ մարդ ներվայնանում էր ու չգիտեր՝ ուր փախչել։ Բայց դե մեզ համար որ նվագում էին էդ երեկոներին, հավես էր։

Մեկ-մեկ երանի եմ տալիս էդ օրերին… էնքան ուրախ էին բոլորը, էնքան բարի ու իրար հասնող, մի տեսակ անհոգ… Ո՞վ կմտածեր, որ հենց էդ նույն տղաները պիտի դառնային հանցագործ, ու որ նրանցից մեկը ցմահ բանտարկության էր ենթարկվելու՝ տուն թալանելու ու տանտիրոջը դաժանորեն սպանելու համար։ Ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե որտեղից նրան էդքան դաժանություն։

Ինչևէ, եթե նրանք նվագելու հավես չէին ունենում, էրեխեքը մագնիտոֆոն էին միացնում ու սկսում պարել։ Թեև շատ էի սիրում էդ երեկոներին մասնակցել, պարել ահավոր չէի սիրում։ Մի օր էլ աղջիկներից մեկը որոշեց, որ ես էլ պիտի պարեմ։ Ու ձևական ջղայնանալով ասեց.
-Լավ ա, էլի, մենք պարում ենք, դու՝ նայում։ Մենք էլ ուզում ենք քեզ նայենք, պիտի պարես, վեր կա՛ց։
Վեր չկացա։
-Ես մեծ եմ, որ ասում եմ՝ լսի։ Համ էլ դու մեր մեջի փոքրն ես, ինչ ասում ենք, պիտի լսես,- ասեց ու քաշեց թևիցս։
Իրոք, որ փոքրն էի։ Իրենք բարձր դասարանների էրեխեք էին, ես 3-4րդ դասարան էի։ Ստիպված սկսեցի պարել։ Էս աղջիկն էնքան ուրախացավ, սկսեց թռվռալ, ու ասեց՝ տեսա՞ր ինչ հավես ա, դժվար բան չկա, էլ նստել չես ուզի…
Մեկ էլ պարի ընթացքում խեղճի ոտքը ոլորվեց, թե ոտքի տակ քար ընկավ կամ ինչ, փռվեց գետնին…
-Աստված պատժեց։ Էս էրեխուն որ չստիպեիր տեղից հելներ, տենց չէր լինի,- նկատեց էրեխեքից մեկը։
Էդ օրվանից ինձ չստիպեցին պարել։ ։)


Ուրեմն մեր ուրախ երեկոներին թաղի ջահելներից երկուսը չէին մասնակցում։ Մեկը Դավիթն էր՝ չափից դուրս լուրջ տղա։ Ինձ համար ինքն էն ժամանակ շատ մեծ էր թվում, բայց հիմա որ մտածում եմ՝ երևի դպրոցը նոր էր ավարտել, այսինքն՝ դեռ բանակ չէր գնացել (Հաստատ չգիտեմ։ Գուցեև իրոք մեծ էր ու ինչ-ինչ պատճառներով ուշ գնաց բանակ)։ Երբեմն դուրս էր գալիս, գլանակը ձեռքին իրենց դարպասի դիմաց կանգնում, ծխում, վերջացնում ու մտնում ներս։ Ինչքան էրեխեքը կանչում էին, չէր գալիս ու ոչ մի անգամ չմիացավ մեզ։
Մյուսն Անժելան էր, չտեսնված գեղեցկության տեր մի աղջիկ, որն ընդամենը 5-10 րոպեով գալիս նստում էր, արագ-արագ զրուցում, ոնց որ փշերի վրա լիներ, հետո բարի գիշեր էր մաղթում ու գնում տուն։ Էդպես էլ չհասկացա՝ ինչու։ Երևի ծնողները չէին թողնում, որ մինչև ուշ գիշեր մեզ հետ մնար։ Շատ նուրբ ու համեստ աղջիկ էր ու միշտ սիրուն, կոկիկ էր հագնվում։ Շատ էի ուրախանում, որ գալիս էր մեզ մոտ ու չէի ուզում, որ գնար…

***
Մի օր Անժելան ու Դավիթն անհետացան գյուղից։ Միասին փախել էին։ Անժելայի հայրն իր տեղը չէր գտնում ու հավանաբար չէր հանդարտվում, որովհետև զույգը մոտ չորս ամիս «ջրի երես դուրս չեկավ»։ Անձամբ ես էնքան ուրախ էի իրենց համար, հա՛մ Դավիթին էի շատ հավանում, հա՛մ Անժելային։ Ու իմ մանկական ուղեղի համար իրանք չտեսնված կատարյալ զույգ էին։ Չնայած գյուղում տարածված խոսակցություններից էլ երևում էր, որ բոլորը կողմ էին նրանց միացմանը։ ։))
Վերջապես նրանք գարնանն եկան ու մեծ հարսանիք արեցին։ Շատ սիրուն հարս էր Անժելան, Դավիթն էլ սիրուն փեսա։ Էնքան ուրախ էին երկուսն էլ, էնքան երջանիկ, ու դրանից ավելի լավն ու կատարյալ էին թվում աչքիս։

Եթե առաջ Անժելային ժամանակ առ ժամանակ տեսնում էինք, ապա հարսանիքից հետո, ցավոք, իզ ու թոզը կորավ։ Ոչ մի անգամ տնից դուրս չէր գալիս։ Դավիթն էլի իր պարտքը կատարում էր ամեն օր դուրս գալով ու դարպասի առջև գլանակը ծխել-ներս գնալով. Անժելան չկար ու չկար։ Մի օր տատիս հարցրեցի՝ բա ինչի՞ Անժելան հեչ դուրս չի գալիս։ Ասեց. «Անժելան արդեն ամուսնացած կին ա, դուրս գա ի՞նչ անի։ Համ էլ Դավիթը շատ խիստ ա, նրան դա դուր չի գա»։
-Պահ,- ասեցի։
Տատս էլ թե՝ էդ քո հասկանալու բանը չի։

***
Ես որ իմ գիրք-տետրերով էի ընկնում, մոռանում էի ամեն ինչի մասին ու թե որտեղ եմ գտնվում։ Մի օր էլ նկարչությամբ էի տարվել տատիս տանը, երբ «վերադարձա աշխարհ», տատս տանը չէր։ Մտածեցի՝ երևի այգի ա գնացել ու դուրս եկա, որ գնամ նրա մոտ։ Դավիթն իրենց դռան մոտ կանգնած էր, էդ պահին էլ Անժելայի եղբայրներն էին անցնում փողոցով։ Մեծ եղբոր ու Անժելայի տարբերությունը երևի մի տարի կլիներ, իսկ փոքրը 6-7 տարեկան էր։ Մեծը կանգնեց, բարևեց Դավիթին, մի քանի բառ չէին փոխանակել, մեկ էլ Անժելան գլուխը դուրս հանեց, հենց նկատեց, անմիջապես վազեց դեպի փոքր եղբայրն ու գրկեց նրան. մի փաթաթվել փաթաթվեց, նենց կարոտով ու սիրով, որ միայն կինոներում էի տեսել էդպիսի բան։ Չհասկացա, թե ինչ ա կատարվում։ Ախր ընդամենը երկու քայլ ներքև էին ապրում եղբայրները, ինչո՞ւ պիտի էդպես կարոտեր։ Մեկ էլ Դավիթն արհամարհական ասեց՝ անցի ներս։ Այ քեզ բան։ Ուրեմն Անժելային տնից դուրս գալ չէր կարելի, ուր մնաց թե գնար եղբայր տեսնելու։ Խեղճը ձայները լսել էր ու իրեն դուրս գցել՝ մոռանալով կապանքների մասին։
Էդ մի երկու րոպեի ընթացքում տատիս մասին լրիվ մոռացած՝ կանգնել ու ապշահար իրենց էի նայում։ Անժելան առաջվանը չէր։  Իր սանդալների փոխարեն հագել էր կոպիտ կալոշներ, ծնկներից ներքև հասնող յուբկա, տղամարդու սպորտային հագուստ, վրայից՝ ժիլետ, մազերն էլ անխնամ հավաքած էր։ Մի խոսքով՝ դարձել էր օրուգիշեր բանուգործի հետևից ընկած ու իր մասին մոռացած տնային տնտեսուհի։ Էն Անժելայից մնացել էր միայն նուրբ դեմքը։

Մի որոշ ժամանակ անց Դավիթը գնաց բանակ։ Անժելան էլի դուրս չէր գալիս, նույնիսկ հայրական տուն չէր գնում՝երևի վախենալով, որ սկեսուրը Դավիթի ականջին կհասցնի էդ ամենն ու նրան դա դուր չի գա։ Դավիթի գնալուց մի քանի ամիս անց Անժելան երեխա ունեցավ ու տեղափոխվեց հորանց տուն։ Հիշում եմ՝ սկեսուրը մի օր տատիկիս հետ խոսում էր, ես էլ չդիմացա ու հարցրի՝ բա Անժելան ո՞ւր ա։ Ժպտաց,  թե՝ Անժելան իրանց տանն ա, երբ որ Դավիթը գա, էլի կգա։ Իբր Դավիթը նամակ էր գրել ու թույլ տվել, որ Անժելան գնա հորանց տուն։
Էդ ժամանակ արդեն երբեմն մոր ու երեխայի հետ Անժելան դուրս էր գալիս ու քայլում իրենց տան շրջակայքում։ Էլի դարձել էր առաջվա սիրուն Անժելան…

Ժամանակն էնպես արագ գլորվեց, որ Դավիթը վերադարձավ։ Վերադարձավ, բայց ոչ մենակ, այլ մի շեկ զզվելի կնոջ հետ, ու դա դեռ հերիք չի, շուտով երեխա էին ունենալու մարդիկ։

Դրանից հետո էլ Անժելային չտեսա։

Երբ գնում էի տատիս տուն, միշտ էդ շեկ կնոջն էի տեսնում փողոցում՝ երեխային գրկած-կանգնած։ Դավիթն էլ ինչպես միշտ գլանակը ձեռքին պպզում էր դարպասի առջև։ Ոնց չէի ուզում տեսնել, մի տեսակ ահավոր թշնամանք էր առաջացել մեջս էդ մարդու նկատմամբ։ Ու որ դուրս էի գալիս խանութ-մանութ գնալու, չէի էլ բարևում, կարծես չէի ճանաչում։ Տատս էլ ինձ փորձում էր խրատել, թե չի կարելի, ամոթ ա։ Մի գրամ ամոթ էլ չէի զգում, ասում էի՝ թող ինքն ամաչի։ Բայց դե հիմա երևի ինքն էդպես երջանիկ էր… Էն ժամանակ ինձ համար շատ անհասկանալի էր, թե ոնց կարող է սերն անհետանալ, ցնդել ու էդպիսի բան կատարվել։

Անժելան էդպես էլ չքացավ բոլորի աչքից։ Ու մոռացվեց։ Սկզբում անընդհատ հարցնում էի տատիս՝ բա Անժելան ու՞ր ա։ Ասում էր՝ իրենց տանն ա, ո՞ւր պիտի լինի, բայց էդպես էլ ոչ մի անգամ չտեսա։

Մի քանի տարի անց, 2004-ի մայիսին պատրաստվում էի ԱՄՆ գալու։ Քույրս դիսկեր էր ուզել՝ ասելով, որ դրանք էնտեղ շատ թանկ են։ Մորքուրի հետ մի օր հարմարեցրինք ու գնացինք խանութ։ Ձեռքի հետ էլ մտանք կողքի խանութը։ Միանգամից ճանաչեցի Անժելայի մամային. գիտեի, որ իրենք խանութ ունեին, բայց հեչ չէի եղել էդտեղ։ Թոռն էլ մոտն էր, մոտ չորս տարեկան սիրուն ժիր աղջնակ էր։ Էնտեղ մի ուրիշ կին էլ էր նստած, որին չճանաչեցի։ Մորքուրը մի քիչ խոսեց Անժելայի մոր հետ, էրեխուն սիրեց, մեկ էլ Անժելայի մաման էրեխուն ասեց՝ գնա մորդ մոտ, ու էդ պահին էն կինը վեր կացավ եկավ էրեխուն հետևելու։ Մորքուրի հետ էլ սկսեց մի քանի բառ փոխանակել։ Ես էդտեղ մնացի շշմած, որովհետև մի պահ թվաց, թե Անժելան էր։ Մեկ մտածում էի ինքն ա, մեկ՝ չէ։ Անհամբեր սպասում էի դուրս գայինք, որ մորքուրին հարցնեի։ Ու էդպես էլ արեցի։
-Մորքուր, էդ ո՞վ էր որ… էն սև շորերովը։
-Էդ կնգա աղջիկն ու թոռն էին։
-Անժելա՞ն էր։
-Հա՜ հա։ Լավ էլ հիշում ես։
Շոկի մեջ էի։ Անժելան, որ մոտ 21-22 տարեկան պիտի որ լիներ ամենաշատը, իր մորից ծեր էր երևում։ Դիմացի ատամն ընկել էր, մի քանիսը՝ փչացել։ Ինքն ահավոր նիհարել էր, մազերի մեջ հատուկենտ սպիտակներ կային։ Ծիծաղելուց էլ դեմքը մի տեսակ կնճռոտվում էր…
Հավատս չէր գալիս։ Չկար առաջվա գեղեցկուհին։

Անժելան շուտ էր ծերացել… ։(

No comments: