Saturday, August 10, 2013

12. Իմ սիրելի վայրի մասին

Երբ ԱՄՆ-ում պապան վերջապես մեքենա գնեց, սկսեցինք քիչ-քիչ մեզ համար Կալիֆոռնիան բացահայտել։ Ծովափների ու լճերի մեծամասնությանը երկու տարում կարգին ծանոթացանք։ Պատահել է, որ յոթ ժամ միայն քշել ենք, ինչ է թե քարտեզի վրա նշմարած նոր լիճը գնանք։ Քանի որ պապայի խելքը բնության համար իրենը չի, շատ է սիրում, աշխարհի ծերն էլ կգնա դրա համար, բայց որ ասենք՝ ինչ-որ քաղաք գնանք, օրինակ՝ Ֆրեզնո, չի քշի, ու մինչ օրս էլ չենք գնացել։
Հիմա որ հիշում եմ, զարմանում եմ, թե ոնց չէինք ալարում ամեն շաբաթ լիճ կամ ծով գնալ, բայց միևնույն ժամանակ մի տեսակ կարոտում եմ էդ օրերը։ Եկավ մի պահ, որ մաման կտրուկ հրաժարվեց մեզ հետ էդպիսի տեղեր գնալ՝ դրանք չորուցամաք տեղեր անվանելով, պապան էլ սկսեց շաբաթ օրերն էլ աշխատել, էդպես քիչ-քիչ մոռացանք մեր փոքրիկ ճանապարհորդությունների մասին։
Մեր  գնացած բոլոր լճերից  Էլիզաբեթ լիճը դարձավ իմ սիրելի տեղը, այսինքն՝ լճի այն ափը, որտեղ մարդկային ձեռք չի կպել. ոչ մի նստարան ու եսիմ ինչեր չկան, միայն ծառեր ու թփեր են։ Քանի-քանի անգամ պապային ասել եմ, որ էդ լիճը գնա, կգնամ, եթե չէ, ուրեմն չէ… ու գնացել ենք։ Մաման էլ թարսի պես չսիրեց էդ տեղն, ու հենց իմանում էր՝ էդտեղ էինք գնալու, ասում էր. «Էն սիրուն սարքած ափերը թողած, էդ չոլն եք գնում, թե ի՞նչ եք գտել, չեմ հասկանում»։
Նախ էդ չոլում մարդ չկար, շատ հանգիստ ափ էր. իսկական մաքուր օդ շնչելու տեղ։ Հետո՝ էդ տեղն ինձ Հայաստանն էր հիշեցնում։ Գյուղում օգոստոսյան շոգին որ իջնում էինք Դեբեդ, մեր կողմում ոչ մի ծառ չկար, ամայի էր, արևն էլ այրում էր։ Ծանծաղ մաս էինք գտնում, գետն անցնում, վրացիների կողմը գոնե էլի ծառեր կային։ Էն ժամանակ մի հարմար տեղ էինք գտել ու «սեփականաշնորհել»։ Նստում էինք էդ ծառերի տակ՝ գետի ափին, ու թվում էր, թե աշխարհի ամենազով տեղում ենք։
Էլիզաբեթի ափին էլ նստում էի գետնին, հենվում ծառի բնին ու մտովի տեղափոխվում Դեբեդի ափ։ Պապան էլի իր ուդոչկան հարմարեցնում էր, ինչպես գյուղի լճում էր անում, ու հանգիստ նստում ափին… Որ փոքր էինք ու պապայի հետ իջնում էինք ձուկ բռնելու, սկսում էինք ձանձրանալ ու անընդհատ համոզում, որ գնանք տուն։ Իսկ պապան  ժամերով մեծ համբերությամբ կնստեր ափին՝ հույսով, թե ձուկ է բռնվելու։ Օրեր էին լինում՝ բռնվում էր, օրեր՝ չէ։ Հիշում եմ՝ մի անգամ քրոջս լացացրի (փոքր ժամանակ խեղճին շատ էի ճնշում), պապան ջղայնացավ վրաս ու ինձ, որպես պատիժ, չտարավ ձկնորսության։ Միայն քրոջս ու զարմիկներիս տարավ։ Ես էլ պապիս զահլեն էնքան տարա, մինչև համաձայնեց ինքն էլ ինձ տանել։ Սկզբում իջանք լիճ, էնտեղ չէին։ Ես մի հատ մտա իմ արևին լողացի, հավեսս հանեցի, հետո նոր գնացինք գետ ու մերոնց գտանք։ Քույրս էլ մոռացել էր, որ իրեն նեղացրել էի, սրտանց ուրախացավ, որ պապիկի հետ հասել էի իրենց։
Մի օր Էլիզաբեթում նստած էդ օրերն էինք հիշում, ձեռքիս մի մեծ ճիպոտ կար, հավեսի համար մաքրում էի։ Մեկ էլ ասի՝ Վալ, հլը սպասի խփեմ, տեսնեմ կլացե՞ս, ու առանց երկար-բարակ մտածելու՝ ճիպոտը թեթևակի իջեցրի Վալի գլխին։ Էս Վալն սկսեց լաց լինել։ Դու մի ասա ճիպոտի վրա փշանման մաս էր եղել, չէի նկատել, էդ մասը գլուխը ցավեցրել էր։ Գլխին «պոպոզ» դուրս եկավ։ Պապան էլ թե.
-Էլի սկսեցիք իրար միս ուտե՞լ. հիմա էլ հո փոքր չեք։ Վալյուշ ինչի՞ խելոք չես մնում։
Խեղճ Վալը հեկեկալով. «Ես ի՞նչ արեցի, իրան ասա, տեղը հանգիստ չի նստում,-շրջվեց դեպի ինձ,- էդ ճիպոտը տուր քո գլխին տամ, տեսնեմ դուրդ կգա՞»։
Անկախ ինձնից ծիծաղս եկավ ու ասեցի՝կներես։
Պապան էլի. «Վալյուշ, լավ, էրեխա չես, իյա»։
-Մենակ Վալյո՛ւշ-Վալյո՛ւշ, մի՛շտ Վալյուշ, մի հատ Նարին չասեք հանկարծ։
Հինգ րոպե անց էլի մոռացավ, որ նեղացրել եմ, ինչպես հին ժամանակներում, բայց էս անգամ գլխի «պոպոզը» մի որոշ ժամանակ մնաց։ ։)

Էլիզաբեթից բացի նաև էնտեղ գնալու ճանապարհն եմ սիրում։ Միշտ առավոտ շուտ՝ մոտավորապես ժամը հինգին էինք տանից դուրս գալիս, երբ օդը սառն էր, ճանապարհը՝ մառախլապատ։ Մառախուղի համար ուշքս իմը չի։ Ճամփին կանգնում էինք, տաք սուրճ վերցնում ու շարունակում։ Մոտ մեկուկես ժամ էր տևում Էլիզաբեթ հասնելը։ Որոշ հատվածներ հիշեցնում էին մեր գյուղից Վանաձոր տանող ճանապարհը, հատկապես Ալավերդու մասերը։ Էնքան հավես էր։ Լեռնային ճանապարհների համար էլ է ուշքս գնում, ցավոք դրանք էստեղ էնքան էլ շատ չեն։

Վաղուց Էլիզաբեթ չենք գնացել։ Մերոնց հավեսի գցեմ, մի օր գնանք…

No comments: