Վերջապես էս մի քառորդից էլ պրծա, չնայած դեռ հայ գրակի ռեֆերատը ավարտին չեմ հասցրել: Երկուշաբթի օրը հանձնելու վերջին օրն է, բայց որոշել եմ վաղը տանել: Էսօր ոչինչ չկարողացա անել. էլի գլուխս ցավում էր: Երբ մի քիչ մեղմացավ գլխացավս, սկսեցի սենյակս դատարկել: Վաղը նոր կահույք են բերելու: Առավոտյան շուտ կարթնանամ, որ մինչև տասնմեկը գրեմ վերջացնեմ ու տանեմ հանձնեմ, դրանից էլ պրծնեմ:
Անհամբեր սպասում էի էս արձակուրդին, իսկ հիմա չգիտեմ ինչ անեմ: Ավելի ճիշտ էնքան բան կա անելու, որ չգիտեմ որ մեկն անեմ ու էդպես էլ ոչինչ չեմ անում: Աչքս կթարթեմ ու դասերը նորից կսկսվեն: Վաղը պիտի նստեմ պլանավորեմ, թե ինչը երբ անեմ: Ախր համ մաման է ուզում մի տեղ գնանք, համ Վալն է ուզում, համ Արմենուհին, իսկ ես չեմ ուզում, որովհետև եթե տանից մի օր դուրս եմ գալիս, էդ օրս կարող եմ կորած համարել: Տեսնենք ինչ կլինի...
Ուրբաթ օրը քիմիայի լաբորատորի վերջին օրն էր: Քրիստինան երեք րոպե ուշացավ, բայց էդ երեք րոպեն ինձ երեք ժամ թվաց: Ինչևիցե, գրավորները հանձնեցինք, իբր պիտի մեր օգտագործած իրերը մաքրեինք, դասավորեինք, բայց մեզանից առաջ դաս ունեցողներն արդեն ամեն ինչ արել էին, ուստի թողեցինք ու գնացինք:
Արմենուհու հետ ժամը երկուսին պիտի գրադարանում հանդիպեինք, բայց 11:10 ես արդեն վերջացրել էի ու միանգամից եկա տուն: Արդեն նստած կենսաբ էի կարդում, երբ նա զանգեց, որ գնանք մի բան ուտելու...
Մնացած չորս օրերը մենակ կենսաբ եմ պարապել: Շաբաթ երեկոյան պապան լավ ֆիլմ էր ուզում նայեր (նոթբուքով), երբ վերջապես նրա ուզած ֆիլմերից գտա ու միացրեցի, ինքս էլ նստեցի ու սկսեցի նայել: Հետաքրքիր ֆիլմ էր, էդպես էլ տեղիցս չկարողացա վեր կենամ, որ գնամ շարունակեմ կարդալը: Իսկ կիրակի օրը գնացինք ննջասենյակի համար կահույք ընտրելու: Մաման ու պապան նախքան մեր գնալը մի հատ գնացին ու եկան թե՝ մենք հավանել ենք, եկեք դուք էլ հավանեք, որ առնենք: Չէի ուզում գնայի, բայց էնքան ասացին՝ արի՛, գոնե մի քիչ կցրվես, որ համաձայնվեցի: Իրենց հավանածն իմ դուրը չեկավ: Ճիշտ է, մաքուր փայտ էր, բայց գույնը մուգ էր: Կատալոգով մի հատ ընտրեցի ու պատվիրեցինք: Հիմա վաղը դա են բերելու: Մտածում եմ՝ բա որ դուր չգա իրականում, ի՞նչ եմ անելու: Հին մահճակալներն արդեն տարել ենք դուրս: Երևի արդեն տարած կլինեն: Իսկ էսօր հատակին ենք քնելու.... Վերջին անգամ հատակին երևի էն ժամանակ եմ քնել, երբ մերոնք ԱՄՆ պիտի գային: Մեր բոլոր հարազատներն եկել էին գյուղից, իսկ բնակարանում էդքան քնելու տեղ չկար...Երանի էդ օրերին:
Էհ, չգիտեմ: Արդեն կասկածում եմ, որ վաղը կկարողանամ շուտ արթնանալ:
No comments:
Post a Comment