Saturday, May 2, 2009

Խառը

Պապան լափթոփով կինո է նայում, մնացել եմ դեսկթոփի հույսին: Քանի օր է լափթոփիս երեսը չէի տեսել, հազիվ երեկ բերեցի սենյակ. էսօր էլի տարան: :(

Մի երկու ժամ առաջ վերջացրեցի «Ծաղկած փշալարերը», ալարում եմ նստել ու նշումներ անել, պլանավորել, թե ինչ եմ խոսելու դասին: Թողել եմ վաղվան: Հարկավոր է նաև քիմիա պարապել: Արդեն վեց գլուխ դաս է բացատրել, իսկ ես միջանկյալից հետո ոչ մի բան չեմ արել: Ինչևիցե...

Էս շաբաթն էնքան շուտ իր ավարտին հասավ, որ ինքս էլ չհասկացա ոնց: Չորեքշաբթի ամբողջ օրը համալսարանում էի: Հայերենի դասից երկու ժամ հետո բանավեճ ունենինք հայկական ավանդույթների վերաբերյալ, մնալու հավես չունեի, բայց քանի որ խոսք էի տվել, որ գնալու եմ, ստիպված մնացի: Նախքան սկսվելը Սյուզիի հետ գնացինք Northern Lights. նստած մեր չնաշխարհիկ ավանդույթներից էինք խոսում: Նա դեմ էր մեծամասնությանը, հատկապես հարսանեկան արարողության հետ կապվածներին: Հետո Աննան միացավ մեզ, սկսեցինք հայ գրականության մեջ օրինակներ փնտրել, որովհետև պիտի աշխատեինք, ինչքան հնարավոր էր, քննարկումները կապել գրականության հետ, բայց, ինչպես հետո երևաց, բանավեճը հիմնականում գրականության տաբուների մասին էր: Հավես չունեմ երկար- բարակ գրելու դրա մասին, բայց կարծում եմ գրողը պիտի գրի, իսկ եթե ընթերցողի համար տհաճ է նրա գրածը, թող չկարդա, իրեն ստիպող չկա:

Երեկոյան ութի կողմերը հասա տուն, հենց մտա տուն, պապան անմիջապես հարցրեց՝ ինչի՞ ես ջղայնացած: Վերջերս անընդհատ էդ հարցն են տալիս: Կարճ կապելու համար ասում եմ՝ չգիտեմ:

-Ո՞նց թե չգիտես:

-Չգիտեմ,- նորից եմ ասում ու գնում սենյակ ու «փլվում» մահճակալիս:

-How are you, sis?- լսում եմ Հովոյի ձայնը: Շրջվում եմ. խավար սենյակում կոմպի դիմաց նստած է:

-Դու դաս արե՞լ ես էսօր,- հարցնում եմ առանց պատասխանելու:

-Հա՛:

-Քանի՞ ժամ ես նստած դրա դիմաց:

Ձայն չի հանում:

-Լավ եմ,- մի քանի րոպե հետո պատասխանում եմ հարցին,-դու՞:

-Me too! When are you gonna come home tomorrow?

-Ես անգլերեն չեմ հասկանում:

-Է՜, վաղը ե՞րբ ես գալու:

-Չգիտեմ:

-You always say that word! Բա ինչ գիտե՞ս:

-Հովո, հլը թող տեսնեմ ինչ կա չկա ինետում:

-Շա՞տ ես մնալու:

-Չգիտեմ,- ասում եմ, բայց գիտեմ, որ մի քանի ժամից ոչ քիչ:

***
Հինգշաբթի ստատիստիկայի լաբը պրոֆը չեղյալ էր համարել, ժամը տասնմեկին դուրս եկա տնից: Տասնհինգ րոպե ուշացա լեկցիայից, բայց բախտի բերմամբ դեռ չէին սկսել, միջանկյալից էին խոսում...Դասից հետո անմիջապես գնացի տուն: Տրամադրությունս ահավոր վատ էր...Գիշերն էլ ուշ քնեցի, իսկ երբ Արմենուհին ուրբաթ առավոտյան գրեց դասի չի գնալու, կիսաբաց աչքերով գրեցի՝ դե ես էլ չեմ գնում, բայց որ միտքդ փոխես, ձեն հանի: Ժամը ինն էր արդեն, գրեց՝ տաս րոպեից պապայի հետ գնում եմ: Կայծակնահար վեր թռա տեղիցս, պատրաստվեցի ու գնացինք: Մեքենայի մեջ ռաբիզ երաժշտություն էր միացրած: Ներվերս սղոցվեցին մինչև տեղ հասանք: Քիմիայի լեկցիային էլ ականջներիս մեջ դեռ «կապույտ-կապույտ աչերդ» էր հնչում:(md)

Դրսում նենց լավ ամպամած եղանակ էր. մեկը լիներ հետս, կգնայի զբոսայգի...թափառելու...մոռանալու ամեն ինչ...

Ցերեկն էլ Վալի հետ ցնացինք Սեդայի մոտ: Այնքան էր փոխվել, իմ իմացած Սեդան չէր: Որ խոսում էի հետը, թվում էր` մի ամբողջ կյանք տեսած մարդու հետ եմ խոսում: Ահավոր տրամադրություն ուներ. մոր վիճակը վատ է, մի ոտքը մահվան դռանն է: Ես ուղղակի քարացած նստել էի ու մտածում էի, որ եթե ես լինեի Սեդայի տեղը, հաստատ չէի դիմանա էդ ցավին... Նրա տանից դուրս եկանք, մեքենայի մեջ ահավոր թուլություն զգացի, Վալն էլ ուզում էր խանութ գնանք... գնացինք մի քիչ քայլեցինք ու եկանք տուն: Էդ վիճակի մեջ էի, երբ Հ.Ե.Ղ.-ը գրեց: Ցրվեցի ահագին...

No comments: