Monday, June 22, 2009

Ամառվա դասերիս առաջին օրը

Ահա և սկսվեցին ամառային դասերս: Առաջին անգամ եմ մեր համալսարանում ամռան դասեր վերցնում, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի:
Գիշերը քունս չէր տանում, ներվայնանում էի դրանից, բայց հետո քնեցի մի կերպ ու զարթուցիչի ձայնը չէի ուզում լսել: Մի կերպ արթնացա, պատրաստվեցի ու գնացի կանգառ: Ճանապարհը շատ երկար թվաց: Էլ չէի դիմանում. ուզում էի իջնել ավտոբուսից ու վազել: Թվում էր՝ այդպես ավելի շուտ կհասնեմ:
Վերջապես հասանք: Դասս PAB-ում էր: Գնացի իմ իմացած ու հոգեհարազատ PAB-ը, բայց նշված լսարանը չգտա: Մի քանի հոգու էլ տեսա, պարզվեց իմ դասարանից էին, իրենք էլ էին մոլորվել: Դասի սկսվելու ժամից արդեն մի քանի րոպե անցել էր, մենք դեռ լսարան էիք փնտրում: Հազիվ մի բաց օֆիս գտանք ու պարզեցինք, որ դա ընդհանրապես ուրիշ PAB է, համալսարանի մյուս ծայրում: (Ճիշտս ասած սկզբում զարմացել էի, թե էս դասն ինչ գործ ունի իմ իմացած PAB-ում, բայց դե խելոք-խելոք գնացել լսարան էի փնտրում): Վազելով հասանք ու շնչակտուր մտանք ներս: Դե առաջին լեկցիան էր. էդքան էլ կարևոր չէր: Տարրական բաներ էր բացատրում: Որ չգնայի էլ, մեծ բան կորցրած չէի լինի:
Դասից հետո լաբորատորն էր: Կողքինիս հարցրեցի, ասաց՝ լաբ չկա էսօր, բայց հաստատ չգիտեմ, պրոֆն էլ դասի սկզբում բան չի ասել այդ մասին: Գնացինք լաբ, մի տաս րոպե սպասելուց հետո տեսանք մեզ հիշող չկա, ցրվեցինք: Ասա մի մեյլն ինչ էր, ուղարկեիք, տեղյակ լինեինք էլի:
Ժամը դեռ ինն անց կես էր: Մյուս դասս մեկ անց կես էր սկսելու: Գնացի մի բաժակ սուրճ վերցրեցի, Ֆրանցի դիմացի նստարանին նստեցի մի քիչ: Նենց անսովոր էր, որ դպրոցի երեխեքի ու ճժերի ղժժոցը չկար: Միշտ որ Ֆրանցի մոտ նստում եմ, հոգեբանության շենքից փոքր երեխաներին, որոնց վրա փորձեր ու հետազոտություններ են անում, հանում են դուրս ման տալու: Հիմա իրենք էլ են արձակուրդ երևի: Դպրոցի աշակերտներն էլ չկային, էն որ ղալմաղալով գալիս են համալսարան այցելության ու հիացմունքով նայում շենքերին ու ուսանողներին, հույս ունենալով, որ իրենք էլ մի օր կընդունվեն ու կսովորեն այդտեղ: Դե իսկ ոմանք էլ պարզապես էդ օրը դպրոց չգնալու համար են ուրախ լինում ու չեն էլ լսում, թե գիդն ինչ է խոսում:
Մի խոսքով՝ համալսարանում մի անասելի լռություն է տիրում: Էնքան քիչ են ժողովուրդը: Շատերն արձակուրդ են. կամ հանգստանում են, կամ աշխատում: Ինն անց հիսուն րոպեին էլ էն իրարանցումը չկար, որ բոլորը դասից դուրս էին գալիս ու վազում մյուս լսարան: Դատարկ-դատարկ են ճամփեքը...
Սուրճս կիսատ թողած գցեցի աղբն ու գնացի գրադարան: Կոմպյուտերներն ազատ էին, ինչ հերթ կանգնել, ինչ բան: Մի կողմից տխուր է մի քիչ, բայց մյուս կողմից էլ լավ է: Բայց ավելի լավ կլիներ, ասենք, բոլորը այստեղ լինեին, բայց այսօրվա պես էլի ազատ կոմպեր լինեին ու ոչ մի հերթ չլիներ: Ինչևիցե... թող միշտ ամառ լինի: Առաջին անգամ եմ սկսում սիրել ամառը: Տեսնենք վերջն ինչ կլինի...

No comments: