Sunday, June 28, 2009

Տհաճ օր

Առավոտյան ուղիղ հինգին պառկեցի քնելու, ինն անց կես արթնացա հեռախոսազանգի ձայնից (Հայաստանից էր): Շատ անհանգիստ էի քնել ու ուրախացա, որ էդ զանգն եկավ, թե չէ երազիս մեջ լեղաճաք էի լինում: Նստած էի մի մարդասպանի դիմաց ու հարցաքննում էի, թե ինչո՞ւ և ո՞նց է կատարել սպանությունները (իբր քննիչ էի): Էդ ապուշն էլ ուղիղ աչքերիս մեջ նայելով ու ատամները կռճտացնելով պատասխանում էր: Ահավորն էն էր, որ դրա ձեռքով դաժանորեն սպանված զոհերը հայտվում էին կողքս ու իրենց միջոցով էի ճշտում իր ասածների ճիշտն ու սխալը: Դրանք էլ ավելի էին մանրամասնում, թե ոնց են խոշտանգվել, կտրատվել և այլն ու ես ավելի էի այլայլվում: Մի խոսքով՝ արդեն ութերորդ սպանությունն էի "բացահայտում", հերթական զոհը դեռ հարություն չէր առել ու մտել քննասենյակ, երբ էդ մարդասպանը շարժվեց տեղից, կարծես ուզում էր հարձակվեր վրաս, ես աթոռից վեր կացա ու հետ- հետ գնացի. հենց էդ մոմենտին էլ զանգն եկավ ու աչքերս բացեցի... Օրս սկսվեց:

Ամբողջ օրը ջղայնացած էի... առանց տրամադրության: Ֆիզիկա էի պարապում Մեսչյանի երգերի տակ: Ընդհանրապես երաժշտության տակ դաս անել չեմ կարողանում, բայց էսօր ստացվում էր ոնց-որ: Մեսչյանն իր համար երգում էր, ես էլ տնային էի գրում: Ամբողջ օրը սենյակում իր երգերն էին հնչում, Հովոն մի մոմենտ նույնիսկ հարցրեց՝ չհոգնեցի՞ր: Վալն էլ տեսավ անջատելու միտք չունեմ, թողեց ստիպված գնաց հյուրասենյակ, իսկ հետո համոզում էր, որ Ստարբաքս գնանք, բայց հավես չունեի: Մտադրվել էի երկու դասի հանձնարարություններն էլ էսօր վերջացնել ու տենց էլ արեցի: Ինձնից չէր: Եթե գնայի, հետո չէի շարունակի: Ինքն էլ Արմի հետ գնաց, իսկ հետո շենքի հետևը պարան էին խաղում ու զրուցում...

Նախքան էդ մաման խնդրեց, որ սուրճ եփեմ: Ինձ էլ որ ջղայնացած պահերին ինչ-որ մի բան են ասում, ավելի եմ ներվայնանում, բայց առանց ձայն հանելու գնացի խոհանոց ու սուրճը գազին դրեցի: Երբ անջատեցի, վերցնելն ու ձեռքիցս ընկնելը մեկ եղավ, մենակ էդ անտերի պոչը մնաց ձեռքիս: Հինգ բաժակ բան էր մեջի եղածը, բայց ամբողջ խոհանոցը, ինձ էլ հետը սևացրեց: Կատաղությունից կանգնել էի ու քիչ էր մնում սինու մեջի բաժակները հերթով պատերին տայի: Հազիվ ինձ զսպեցի, որ ձայն չհանեմ ու սկսեցի խոհանոցը մաքրել: Դե գնա, մի կոֆե չէիր ուզում եփեիր, դե հիմա մի ամբողջ խոհանոց մաքրի: Ինչ-որ մեկը երազիս մարդասպանին, որ տեսած լիներ, երևի աչքերիս կատաղությունը դրան կնմանեցներ: Ինչևէ, դեռ չէի վերջացրել, տատս հասցրեց խոհանոց մտնի ու իմ արած քաջագործությունը տեսնի ու մի տաս անգամ ասաց՝ ոչինչ, թո՛ղ, մաման կանի:
Ավելի ներվայնացա: Ա՛յ մարդ, դե հիմա անում եմ էլի, ի՞նչ տարբերություն: Ձայն չհանեցի: Էսօր համարյա չեմ խոսացել, ճիշտն ասած:

Մենակ առավոտյան, նախքան տատիկի գալը, որ դեռ երազիս ազդեցության տակ էի ու սառը սուրճ էի պատրաստում, չգիտեմ ինչ էինք խոսում մամայի հետ, բորբոքվեցի, ասաց՝ դու վերջերս շատ ես մարդկանց ներվերի հետ խաղում, գիտե՞ս, բայց չես ուզում ինչ-որ մեկը քեզ բան ասի: Սկսեցի ծիծաղել ու ասացի, որ էդ ես երեկ էի զգացել, հետո ավելացրի՝ մամ, արի չնեղանանք, հա՞: Գոնե դու մի նեղացի ինձնից, ես գիտեմ, որ անտանելի եմ... ու անցա դասերիս...

Մի խոսքով՝էսօր շատ էի ուզում մեկին խփել, մի բան ջարդել, որ մեջիցս դուրս գար էդ ջղայնությունը, բայց դե հեչ հարմար չէր: Հիշում եմ՝ մի անգամ ջղայնացել էի, գնացի մամային ասացի՝ մամ, նենց կատաղած եմ, չես պատկերացնի, էս բաժակը կվերցնեի ու կջարդեի: Մաման էլ ասածս լուրջ չընդունեց ու ասաց՝ է, ջարդում ես, ջարդի: Ինձ էլ տենց բան էր պետք, ձեռքիս տակ ընկած բաժակը վերցրի ու ուղիղ պատին՝ չըրխկ: Էդ պահին չմտածեցի, որ կարող է փշուրները ինձ կամ իրեն վնասեն: Խեղճ մաման զարմացել էր: Ու ոնց-որ էսօր սուրճն էր խոհանոցը նախշել, էդ օրն էլ՝ ապակու բեկորները:

Էդ սաղ հեչ: Հիմա մի քիչ հանգիստ եմ: Հուսով եմ էսօր սարսափելի երազ չեմ տեսնի:

Վաղը վերջնականապես կորոշվի՝ պապային վիրահատելու են, թե չէ: Սիրտս ցավում ա, Աստված բարին թող կատարի:

Բարի գիշեր:

No comments: