Վերջը իմ ասածն արեցի ու էսօրվա տաշի-տուշիից փրկվեցի: Մաման ասում ա՝ քեսաբցու տամար ունես: Ի՞նչ անեմ: Եթե մի տեղ պիտի գնամ ու հաճույք չստանամ, էլ ինչո՞ւ գնամ: Նարեկ ջան, ներող կլինես: Կարևորը, որ վերջապես ձեր կնունքն իրականություն դարձավ:
Վաղվա համար տրամադրություն չունեմ, բայց ինքս ինձ ստիպելով գնալու եմ: Այսինքն ոչ թե տրամադրություն չունեմ, այլ հոգնածությունից տանից դուրս գալ չեմ ուզում, բայց ամառս անցնում ա, բան չեմ հասկանում:
Ա՛յ, Հայաստանի ամառներն ինչ լավն էին: Ի՞նչ ամառային դաս, ի՞նչ բան: Գնա քեզ համար հանգստացի: Քանի տարի ա անընդմեջ դասեր եմ վերցնում, թե ո՞վ ա հետևիցս ընկել, ո՞ւր եմ սենց վազում, ինքս էլ չգիտեմ: Լավ, ասենք դպրոցի տարիներին մի կերպ պիտի խցկեի դասերս, որ երեք տարում հասցնեի ավարտել, բա հիմա՞: Մեկ ա գիտեմ՝ բժշկական չեմ ընդունվելու, ի՞նչ եմ անում, չգիտեմ:
Ձանձրույթից եմ փախչում. մի շաբաթ տանը մնալուց հետո 'խելագարվում եմ, ինչ մնաց երեք ամիս...
Հայաստանում հենց արձակուրդը սկսվում էր, գնում էինք տատիկենց տուն, քեռանց, մորքուրենց, հետո կարոտով վերադառնում տուն: Քաղաքից հա երեխեք էին գալիս գյուղ հանգստանալու ու կարգին ժամանակն անցնում էր: Ձանձրանալու առիթ չէր ստեղծվում: Մեկը գնում էր, մյուսն էր գալիս, չէինք հասցնում սկի կարգին շփվել...
Մի ամառ էլ Ռուսաստանից իրենց տատիկ-պապիկին այցելելու էին եկել մի քույր ու ախպեր: Փոքրուց ծանոթ էինք, պարզվեց, որ հիշում են մեզ, մտերմացանք: Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց շուտով նրանք ձանձրացան: Դե գյուղ էր վերջիվերջո, շատ անելիք չկար: Ընդամենը մի լիճ ու գետ կար, էն էլ մեզ մենակ ով էր թողնում գնանք, մանավանդ մի քանի օձի կծելու մահացու դեպքերից հետո...
Ավելի շատ Նարեկն էր նեղվորում, մանավանդ որ հասակակից տղա չկար: Մի օր ասացի՝ Նարեկ, գնա ձուկ բռնելու, չես ձանձրանա: Բա թե՝ ո՞նց, ի՞նչով, բա պա՞պը, չի՞ ջղայնանա:
Գնացի գարաժ, պապայի ձկնորսական գործիքները, կարթ-մարթ հանեցի, տեսավ, հավեսի ընկավ...
-Լավ, թաքուն կգնամ:
-Բա որ նկատի՞ պապդ:
-Չի նկատի: Բա կարթի վրա ի՞նչ պիտի դնեմ, որ ձկները գան:
-Ճիճու: Պիտի այգում խոնավ հող գտնես, փորես ու հավաքես ճիճուները: Հետո կարթին կամրացնես:
-Ճիճու՞: Ես բռնողը չեմ, ի, ուրիշ բան չունեի՞ր ասելու:
-Էհ հա, բա ձուկ ինչո՞վ ես ուզում բռնես:
Հիշեցի, որ պապան ԱՄՆ-ից արհեստական գույնզգույն որդեր էր բերել, բայց չգտա: Մինչ մտածում էի ինչ կարող ենք անել, վերև նայեցի, մի հատ մեծ մեղվի փեթակ տեսա:
-Օհ, մեղվի ձագերով էլ կարաս բռնես, բայց դու փեթակ քանդող չես:
Փեթակ ասացի ու կրակն ընկա: Նարեկը մի ոգևորվեց: Արդյունքում մեղուներին փախցնելու համար մի ճիպոտի ծայրին կտոր փաթաթեցինք, վառեցինք ու Նարեկը մոտեցրեց փեթակին: Էն ինչ խառնվել էր, որ էդ մեղուները խառնվեցին: Նկարագրել անհնար է: Սկսեցինք փնտրել իրենց ու մեր տան բոլոր փեթակներն ու մեղուներին էդպես ցրեցինք, Նարեկն էլ մի երկու փեթակ վերցրեց ու գնաց ձուկ բռնելու:
Ոչ մի բան էլ չէր բռվել: Պապն էլ տեսել էր, բարկացել ու տուն ուղարկել:
Էդ օրը ամբողջ թաղը մեղուներից էր բողոքում: Բոլորի երեխեքին կծել էին: Ես ու Նարեկը իրար երես էինք նայում ու ծիծաղում: Ուշադրություն չդարձրինք, բայց հաջորդ օրը երեխեքը հենց իրար նայում էին, սկսում էին ծիծաղից թուլանալ: Նենց ահավոր էր, մեղուները ամենքի հենց դեմքից էին խայթել: Ասենք՝ մեկի աչքի տակը, մեկի աչքի վերևը, մյուսի այտը և այլն ու բոլորի դեմքը ուռել-այլափոխվել էր: Ոմանց էլ նույնիսկ երկու տեղից էին խայթել. Նարեկին՝ ականջի մոտից: Մեջների անձեռնմխելին ես էի: Չգիտեմ ինչու, բայց ինձ հերթը չհասավ, չնայած խեղճերի տունը քանդողը ես էի, որ Նարեկին ձկնորսության չուղարկեի ու փեթակը չնկատեի, տենց բան չէր լինի:
Ինչի՞ հիշեցի էս դեպքը: Էն օրը Նարեկին ինետով գտա: Չճանաչեց ով եմ, մեղուների մասին հիշեցրեցի, միանգամից տեղը բերեց...Երանի էդ օրերին.... Գյուղի ամառն եմ ուզո՜ւմ....
No comments:
Post a Comment