Monday, August 17, 2009

Հեռախոսազանգեր

Ոնց չեմ սիրում հեռախոսազանգերին պատասխանել: Ահավոր նյարդայնանում եմ, երբ զանգում են տուն, հատկապես եթե գովազդային նպատակներով են զանգում կամ որ քրեդիթ ու եսիմ ինչեր են առաջարկում:
Մեր տանն էլ կարծես բոլորը փախչում են լսափողը վերցնելուց: Երբ զանգ է գալիս, քիչ է մնում ցելա գցենք, տեսնենք ում բախտը չի բերում ու նոր վերցնենք: Անձամբ ես տեղիցս չեմ շարժվի, հաստատ իմանալով, որ ոչ ոքի մտքի ծայրով չէր անցնի ինձ զանգել: Դրա համար հիմնականում մաման է պատասխանում զանգերին:
Երբ տանը մենակ եմ լինում ու զանգում են, ինադ եմ ընկնում ու չեմ վերցնում: Եթե ինձ են ուզում, թող ձեռքի հեռախոսին զանգեն, եթե ուրիշին, թող հաղորդագրություն թողնեն: Բայց ախր հեռախոսի իրեն պատռելը նյարդերիս ազդում է, ստիպված վերցնում եմ ու առանց խոսելու անջատում:
Բա ինչ ասեմ, երբ ուզում ես մի փոքր պառկել հանգստանալ ու հենց գլուխդ դնում ես բարձին, կոպերդ վերջապես փակվում են, մեկ էլ տուլուլու...Քիչ է մնում ասես՝ դե զարհումար... Չես ուզում տեղիցդ վեր կենաս, բայց մտքովդ հազար ու մի բան է անցնում: Հովոն ոտքով է տուն գալիս, բա որ ճամփին մի բան պատահած լինի: Վալը մեքենայով է, բա որ մի փորձանքի մեջ ընկած լինի և այլն ու վերցնում ես.
-Hello! This is John Smith. I'm calling on behalf of Bank of America...,-առանց բարևիդ սպասելու անցնում է կյանքի ապահովագրության գովերգությանը:
-I'm sorry, John,- անմիջապես ընդհատում եմ նրան ու չոր ու ցամաք ասում,- I don't care what happens after I die, OK?
-But miss...
- When I decide to die, I'll definitely sign up for your insurance.
-You can't get the insurance if you commit suicide.
-I was just trying to be nice. Bye John.
Քիչ է մնում լսափողը շպրտեմ: Արդեն զզվացրեցին:
Նորից եմ տեղավորվում, գլուխս դնում բարձին ու ... տուլուլու: Չեմ վերցնում, նորից է զանգ գալիս: Արդեն գիտեմ, թե ով է: Վերցնում եմ.
-Հա՛, պապ:
-Հովոն եկա՞վ:
-Չէ՛, պապ:
-Լա՞վ ես ուրիշ:
-Հա՛:
-Դե լավ...
Տնաշեն ասա զանգեիր Հովոյին, իմանայիր էլի: Մի գիրք եմ վերցնում ու վերադառնում բազմոցի մոտ: Մի քանի րոպե կարդալուց հետո նորից զանգ:
-Ալո՛:
-May I talk to K.B, please?
-He's not home.
-OK, I'll reach him next time.
-OK, but he doesn't speak English.
-I'll make a note of that.
-OK.
-Have a nice day!
-You too, bye.
Քանի-քանի՜ անգամ է էս նույն խոսակցությունը տեղի ունեցել, բայց գլուխները չի մտնում, որ էն մարդը անգնլերեն չի խոսում... էլի կզանգեն ու էլի նույն պատասխանը կստանան...
Գնում սուրճ եմ պատրաստում, խմում, վերջացնում ու հենց գլուխս դնում եմ բարձին, էլի զանգ:
-Նա՞ր:
-Վա՞լ:
-Ի՞նչ ես անում:
-Հեռախոսին պահակություն... Ուզում եմ քնեմ: Ինչի՞:
-Հեչ, ասի տեսնեմ ինչ կա: Դե լավ:
-Մյուս անգամ ձեռքիս զանգի: Էլ տան հեռախոսը չեմ վերցնելու:
-Իբր էն մեկը ե՞րբ ես վերցնում որ...
-Թե կարևոր բան ա, թեքստ արա, կկարդամ, կզանգեմ...
-Օհ, դե գնա քնի:
Հեռախոսը ալարում եմ տեղը դնեմ, դնում եմ սեղանին: Համ էլ էլ հույս չունեմ, որ չեն զանգի և, ահա՛, հաջորդ զանգը չի ուշանում: Վերցնում եմ.
-Նար ջա՞ն:
-Մա՛մ, ինչո՞ւ ես զանգել:
-Ո՞նց ես ցավդ տանեմ:
-Ահավոր, դե թողեք քնեմ էլի, մեռաք զանգելով:
-Վայ, քնի-քնի, դե լավ բալես:
Աչքերս գցում եմ ժամին ու սկսում մտածել, էլի է զանգ գալիս: Զզված վերցնում եմ լսափողը ու կյանքից հոգնած ձայնով «ալո» ասում:
-Ազիզ ջան, մաման եկե՞լ ա, բարև,- սովորաբար վերջում է ասում բարևը, ես էլ նույն ձևով եմ պատասխանում:
-Չէ՛, Էմմա տյոտյա, բարև ձեզ:
-Որ գա, ասա կոֆեն պատրաստ ա, թող գա վերև:
-Եղավ:
Լսափողը գցում եմ բազկաթոռին: Վերջ, էլ չեմ վերցնելու... Քնում եմ... Էլ ոչինչ չեմ լսում...Թվում է՝ ահագին քնել եմ, մեկ էլ՝ զանգ... Դռան զանգն է... Հովոն եկավ...Ժամին եմ նայում, ընդամենը տաս րոպե է անցել:
-Հով, որ զանգեն, կպատասխանես, ես քնեմ մի քիչ:
Բայց ի՞նչ քնել: Նրա ընկերներն են գալիս, մաման է գալիս... տունը աղմուկով է լցվում... դե Նարին, էդ հոգնած գլխով գնա ու դաս արա:

Ձեռքի հեռախոսիս հալալ չի՞ բա, ձայն չի հանում. միշտ անձայնի վրա եմ դնում, հետո, եթե հավես եմ ունենում, զանգերը վերադարձնում եմ: Ինձ որ մնա, ոչ էլ կստուգեմ, թե ով է զանգել կամ ինչու: Զարթուցիչի ու ժամի համար եմ օգտագործում ու ընթացքում տեսնում եմ ով է զանգել:Թե չէ ես ո՜ւր, հեռախոսով խոսելն ո՜ւր: Արձակուրդներին խայտառակ վիճակ է, հեռախոսիս տեղը չգիտեմ էլ, դասերի նախորդ օրը տեսնում եմ մի տոննա թեքստ ու զանգ է եկել: Ժամկետն անցած զանգերին էլ ինչ պատասխանել...
Սկզբում վատ էի զգում, նեղվում, թե ինչի էդ հեռախոսը ջանիս կապեցին, բայց հետո տեսա, որ ում պետք եմ, լավ էլ իմ հետ կապվելու միջոց գտնում են... Զանգում են Վալին ու հեռախոսն ականջիս դնել տալիս:
Մի օր Արմը լուրջ-լուրջ հարցրեց.
-Հետաքրքիր ա, հեռախոսն ինչի՞ համար ա:
Նայեցի-նայեցի ու ձայն չհանեցի: Հետո հարցրի՝ զանգե՞լ ես: Բա թե՝ հա: Հետո տեսա, որ իրոք մի քանի անգամ զանգել էր...

Չեմ սիրում հեռախոսով խոսել ու վերջ: Բայց մի բացառություն կա... Խեղճ Անահիտ... Դրա համար ամիսը մեկ եմ զանգում...:)

05/18/09

No comments: