Հինգշաբթի օրը դասերը սկսվեցին: Արձակուրդիցս բան չհասկացա, բայց ինչպես երևաց, մենակ ես չէի, որ բան չէի հասկացել: Էդ գոնե «վիշտս» մի քիչ թեթևացնում ա: Դե քանի որ Արմը փարքինգում տեղ չստացավ, ստիպված ավտոբուսով պիտի դասի գնայինք, բայց երբ գիշերը վերջապես հեռախոսս պայուսակիցս հանեցի, տեսա գրել էր՝ Սրբուկը կտանի: Չպատասխանեցի, ուշ էր: Վերևից ոտնաձայներ չէին լսվում, ուրեմն արդեն քնել էր: Առավոտյան սմս գրեց նորից, հարցնում էր՝ ստացել եմ նախորդ գրածը, թե չէ: Գրեցի՝ հա, պատրաստ եմ արդեն: Դուրս եկանք, կամաց քայլեցինք վերև, Սրբուհին եկավ ու շարժվեցինք դասի: Սանսեթի վրա, ինչպես միշտ, խցանում էր: Ինձ իմ իսպաներենի շենքի մոտ իջացրեցին, իրենք գնացին փարքինգ:
Իսպաներեն...իսպաներեն... լրիվ մոռացել եմ: Ուղիղ մի տարի առաջ էի վերցրել նախորդ դասը, քառորդի վերջում քչից-շատից բլբլում էի գոնե: Հավատս չէր գալիս, որ երբիցե կմոռանամ սովորածս: Դայանը ճիշտ էր ասում, որ միանգամից էդ դասից հետո վերցնեմ հաջորդը, բայց դե ինչ անեմ, որ տեղ չկար: Բյուջեն ճեղքվել էր, ահագին դասերի կրճատումներ էին արել: Դե իսկ հետո էլ չստացվեց վերցնել, արդյունքում մոռացա չօգտագործելու շնորհիվ: Իսկ դասին անգլերեն խոսելն արգելված ա: Կողքիս նստողին իսպաներեն հարց էի ուզում տալ, բայց չէի կարում... Ախր ես գիտեի, թե ոնց են ասում էդ բառը... ախր...ախր...ինչ ախր... Կոտրտելով, արանքում անգլերեն բառեր օգտագործելով, պրոֆեսորին ծածուկ նայելով իմ արևին խոսեցի Քեյթլինի հետ:
Ահագին հանձնարարություն տվեց, բայց գիրքը չէի առել դրա, հույս ունեի, որ փոխված չի լինի, էն էլ փոխվել էր: Հավես չունեի գրախանութ իջնելու, միանգամից գնացի կանգառ, ավտոբուս նստեցի ու ուղիղ տուն: Ճամփին Waiting for Godot-ն էի կարդում: Կողքս մի սևամորթ կին նստեց ու սկսեց ինձ տանջամահ անել իր հարցերով: Գրքի մասին էր հարցնում:
Մաման էլ էր նոր եկել դասից: Սրճեցինք ու պառկեցի, որ մի ժամ աչքս կպցնեմ ու գնամ հիվանդանոց: Ո՜նց չէի ուզում գնալ, բայց ինձ հույս տվեցի, որ քիչ կաշխատեմ ու կգամ տուն: Տարբեր մտորումների պատճառով քնել չկարողացա, չնայած որ գիշերն ընդամենը կես ժամ էի քնել:
Հակառակ իմ սպասածին, հիվանդանոցում անընդհատ գործ էին տալիս: Ահագին թղթեր կային դասավորելու: Մեկի տվածը դեռ չդասավորած, մյուսն էր իր թղթապանակը բերում: Արանքում էլ հիվանդների զանգերին պատասխանել, քսերոքս անել, տարբեր բաժիններից եսիմ ինչեր բերել, հիվանդին մաքուր օդի կամ ծխելու տանել....Կարևորն էն էր, որ երեք հիվանդ դուրս գրվեցին էդ օրը, մեծ ուրախությամբ ճամփու դրեցի: Մեկին տանելու չէին եկել, հիվանդանոցի ավտոբուսը պիտի տաներ: Էդ կինն էլ անգլերեն չգիտեր: Իջացրեցի ներքև ու հարցրեցի, թե ով է տանելու: Ասեց՝ բուս: Չֆայմեցի, որ բուսը բասն է: Թղթերը վերցրեցի, կարդացի, նոր տեղ հասավ: Ժամը հինգին վրաս արդեն հալ չկար: Ստելլային ասեցի՝ ես գնում եմ:
Եկա տուն, փոխվեցի, մի բաժակ ջուր վերցրեցի, նստեցի բազմոցին, ոտքերս բարձրացրեցի վերև, գլուխս դրեցի ծնկներիս ու ոչինչ չէի զգում, նույնիսկ հեռուստացույցի ձայնը: Կամաց-կամաց անջատվում էի, երբ Վալը զանգեց: Համոզում էր, որ գնանք մի տեղ հաց ուտելու, հետո էլ կինո: Հավես չունեի: Հեռուստացույցն անջատեցի ու գնացի սենյակ: Էդ քնելն էր, որ քնեցի մինչև առավոտ: Արանքում հա սմս-ներ էի ստանում ու պատասխանում էի, բայց թե ինչ էի գրում, ես չէի զգում: Ոնց որ քնած լինեի, բայց ձեռքերս տպեին: Էդպես շարունակվեց, մինչև հեռախոսը ձեռքիցս ընկավ:
No comments:
Post a Comment