Ավտոբուս նստեցի, մի երկու հոգի էին մեջը: Հավես ա, երբ բարձրանում ես ու խցկոց չի լինում: Ականջակալները դրեցի ականջիս, գիրքս հանեցի, կարդալ չէի ուզում, դրեցի պայուսակիս մեջ, տետր հանեցի, որ իբր գրեմ, ուղղակի խզբզեմ ու սկսեցի... մի երկու բառ գծոտելուց հետո (ձեռքս իմ կամքին հակառակ էր շարժվում ու անճոռնի տառեր գծում), էլ չգրեցի... Մտածում էի... չէ՛, չէի մտածում...այսինքն ուզում էի հիշել, թե էս երկու շաբաթները ոնց անցան, բայց տենց էլ չհասկացա: Օրերն ակնթարթի պես անցնում են, մնաց ութ շաբաթ....սրանք էլ ութ ակնթարթի հետ կանցնեն: Ու ոչինչ չի լինում, այսինքն ո՞նց չի լինում: Գնալով ավելի անհավես եմ դառնում: Երկու շաբաթ, հա՛, բայց բազմաթիվ բացականեր, ուշացումներ, չգրած լեկցիաների կուտակում, մի խոսքով մի հիմար քաոս՝ իմ ալարկոտության ու անհավեսության պատճառով:
Լեկցիաների տեսագրությունների՝ ինտերնետում առկա լինելն էլ նպաստում են դասի չգնալու ցանկությանս: Առավոտյան ուղղակի չեմ ուզում արթնանալ ու ժամը ութի քիմիայի լեկցիային գնալ ու ինքս ինձ մխիթարում եմ, որ երեկոյան կմիացնեմ ու կնայեմ՝ Հարդինգերն ինչ ա խոսացել, այնինչ եթե լեկցիային նստած լինեի, երեկոյան մի քանի հատ խնդիր կգրեի լեկցիա նայելու փոխարեն: Համալսարան հասնում եմ իսպաներենի համար: Եթե դասին մասնակցությունը պարտադիր չլիներ, ընդհանրապես չէի գնա դասի: Այ, էդ աստիճանի եմ հասել:
Մեկ էլ մի ապուշ երևույթ ա սկսվել մոտս: Երբ մարդ եմ տեսնում, գիտեմ, որ իրան ճանաչում եմ, ասենք միասին դաս ենք ունեցել, բայց էդ պահին չեմ հիշում կոնկրետ ով է, անունն ինչ է, կամ ինչ դաս ենք ունեցել: Ուղեղս անջատվում ա ու սպանեն էլ՝ տեղը չեմ բերի, թե ով ա: Էն օրը մի աղջիկ բարևեց: Նենց ծանոթ էր: Ապուշի պես երեսին էի նայում ու փորձում հիշել՝ ով ա: Հետո ուշքի եկա ու պատասխանեցի բարևին: Լավ ա, շտապում էր, շուտ գնաց: Երկար ժամանակ մտածում էի՝ տեսնես ով էր: Բան դուրս չեկավ: Ահագին ժամանակ անց նոր հիշեցի, որ Նայիրին էր....
Երեկվա սուրճ պատրաստողն էլ էր ծանոթ: Հաստատ գիտեմ, որ հետը դաս եմ ունեցել: Ինքը իմ անունը հիշեց: Էս անգամ էլ ես էի դասից ուշանում, չհասցրեցի պարզել, թե որ դասն ենք միասին անցել: Մտովի գնացի բոլոր դասարաններս, չկա, չի տպավորվել... Տեսնես ո՞վ ա:
Գժվում եմ...
No comments:
Post a Comment