Երեկ պահարանն էի դասավորում, ահագին հնադարյան թղթապանակներ ու գրքեր կային, որոնք պարզապես պահել էինք՝ մտածելով, որ մի օր պետք կգա ու տենց էլ մնացել էին: Այսինքն, որ ճիշտն ասեմ, իմը չէին, մամայինն ու Վալինն էին: Ես՝ ինձ պետք չեկած թղթերն անմիջապես թափում եմ, առանց մտածելու, որ երբևիցե ոմն մեկին պետք կգան, իսկ գրքերը հանձնում եմ գրախանութին: Իսկ մերոնք թափելուց ահավոր հեռու են, ունեցած-չունեցածը պահում են, սևագրերից սկսած մինչև էն Նոյի թվի դասացուցակներն ու չգիտեմ ինչերը: Մի խոսքով, երեկ մեր թղթի աղբարկղը լցվեց մամայի ու Վալի գիրք ու տետրերով:
Դասավորելու ընթացքում Հովոյի տետրերից մեկն ընկավ ձեռքս, սկսեցի թերթել: Մաթեմի տետր էր, մի քանի էջ էր գրված, մնացածը մաքուր էր: Էդ մաքուր էջերի արանքում մի էջի վրա մեծ-մեծ տառերով գրված էր՝ THE WORLD BECAME A BETTER PLACE, 03/30/1997, ներքևում էլ՝ 2009: Կարդացի ու հո չսկսեցի ծիծաղել... Պատկերացրեցի իր ծննդյան օրն ինչքան ուրախ ա եղել, որ տենց բան ա գրել, իսկական երեխա: :))
Մտովի տեղափոխվեցի 1997 թիվ: Մարտի երեսունին Զատիկ էր, ես ու Վալն արդեն մի քանի օր էր՝ պապիկի հետ էինք մնում, անհամբեր սպասում էինք, որ պապան մամային տուն բերի: Շատ էինք կարոտել: Ասում էին՝ գնացել են ապերիկ առնելու: :D Իրականում մաման հղիությունը դժվար էր տանում ու շուտ էին տեղափոխել հիվանդանոց: Մենք էլ պապիկի հետ մենակ մնալով ձանձրացել էինք: Չէր թողնում տնից դուրս գայինք, որ թաղի երեխեքի հետ խաղայինք, ասում էր՝ նստեք դաս արեք: Ո՞վ դասի հավես ուներ, մեր ուշք ու միտքը խաղն էր ու ձանձրույթից փախչելը. տիկնիկներից էլ հոգնել էինք :
Մի օր առավոտյան ուզում էինք քսան րոպե շուտ դասի գնալ, պապիկը տան դռան մոտ նստել էր, որ դուրս չգանք: Մենք էլ սուսուփուս գնացինք բալկոնով դուրս եկանք, մեզնից գոհ-գոհ մտածելով, թե պապիկին հարիֆացրեցինք ու շատ մեծ եղավ մեր զարմանքը, երբ նրան տեսանք դարպասի դռան մոտ կանգնած: :D Ինչքան ասում էինք՝ լավ էլի պապի, հիմա գնանք, թե քսան րոպե հետո, քո համար մեկ չի՞: Ասում էր՝ չէ, ցուրտ ա, սառելու եք, անցեք ներս: Մենք էլ ներս չէինք գնում: Ինադ էինք ընկնում ու խեղճ մարդուն չարչարում:
Մարտի երեսունին էլ արթնացանք, տեսանք պապը ձու էր ներկել ահագին. չէինք սպասում: Գիտեինք, թե որ մաման տանը չի, ուրեմն ոչ մի Զատիկ: Անչափ ուրախացանք ու սկսեցինք կռվոցին: Երևի բոլոր ձվերը կջարդեինք, եթե պապը չասեր, որ ապերիկ ունենք: Չէինք հավատում: Որախությունից թռչկոտում էինք: Էնքան էինք սպասել էդ օրվան: Հիշում եմ, գնում էի դատարկ օրորոցն օրորում էի ու դժգոհ ասում՝ էհ, դե ե՞րբ եք առնելու ապերիկին: Ասում էին՝ լավ մտածի, ախպեր ես ուզո՞ւմ, թե քույր: Առանց մտածելու ասում էի՝ ախպեր: Արդեն ամեն ինչ որոշված էր: Մի քույր ունեի, հերիք էր: :D
Ուրախությունից սկսեցինք պապիկի ասածները լսել: Վազեցինք ննջարան՝ մեր անկողինները հավաքելու ու մեր ձայներով պապային արթնացրեցինք: Նկատելով էդ ամեն ինչը ու լսելով մեր զրույցը, որ լավ ա մաման էսա կգա ապերիկի հետ, էլ ստիպված չենք լինի ձանձրանալ և այլն, պապան հարցրեց՝ ուզո՞ւմ ենք քեռու տուն գնալ: Միաբերան ասեցինք՝ հա, ու ավելի ոգևորվեցինք: Երբ գնացի խոհանոց, պապիկն արդեն ջուր էր տաքացրել, ասաց՝ հիմա եկեք, ես ամանները լվանալու եմ, մեկդ չորացնելու եք, մյուսդ էլ՝ տեղավորեք: Վալն անմիջապես լեզվին տվեց.
-Պապի ջան, դու կլվաս, դու կչորացնես, դու էլ կտեղավորես:
-Մենք գնում ենք,-ավելացրեցի ես ու գնացինք հագնվելու, որ դուրս գանք: Պապն էլ ուշադրություն չդարձրեց մեր ասածներին:
Մի քանի րոպեից տաքսին եկավ, պապայից առաջ ընկնելով՝ վազեցինք նստեցինք մեքենան ու գնացինք: Ճամփին պապան հարցրեց, թե պապին ասե՞լ էինք, որ քեռու տուն ենք գնում: Ասացի, որ մենակ ասել եմ՝ գնում ենք, բայց չեմ ասել, թե ուր: Երևում ա պապան էլ էր ուրախությունից մոռացել պապիկին հայտնել, որ մեզ տանում ա: Էդ ամեն ինչը շատ արագ ստացվեց:
Հասանք քեռու տուն, պարզվեց, որ տատիկս ու քեռուս կինն էլ էին պատրաստվում հիվանդանոց գնալ: Քեռուս երեխեքն էլ Լենինականում էին: Էլի նեղսրտեցինք, որ ձանձրանալու ենք: Պապան ասեց՝ լավ, դուք էլ կգաք, համ մամային կտեսնեք, համ ապերին: Էդ պահը մեր ամենաերջանիկ պահերից էր: Տնաշեն տատիկս ու քեռեկինս էնքան խմորեղեն էին թխել, եսիմ ինչեր էին պատրաստել, որ մեքենայի մեջ տեղ ու դադար չկար: Հազիվ խցկվեցինք տաքսին ու ուղիղ Նոյեմբերյան, բայց մեր բախտից տաքսին ճանապարհին փչացավ: Պապան նեղացավ վարորդի վրա.
-Որ դու գիտեիր քո մեքենան անսարք ա, ինչի՞ էիր ճամփա դուրս գալիս...
-Բայց ես ինչ իմանայի, որ փչանալու էր, առաջին անգամ ա սենց լինում,- արդարանում էր վարորդը:
Մի խոսքով, էնքան կանգնեցինք, մինչև մի ծանոթ մեքենա կանգնեց ու մեր տաքսու վարորդը վերադարձավ գյուղ, ուրիշ մեքենայով վերադառնալու նպատակով: Ահագին ժամանակ անց իր ավտոբուսով եկավ՝ տղայի ու թոռան հետ: Նրանք մնացին տաքսու մոտ, մենք էլ տեղափոխվեցինք լեն ու բոլ ավտբուսի մեջ ու շարունակեցինք ճանապարհը: Նենց հավես էր.... էդ անհամբեր սպասման զգացումը. վերջապես մամային տեսնելու էինք.... Հասանք հիվանդանոց, ասացին, որ տեսնելու իրավունք չունենք: Բայց մամային հաղորդել էր պետք, որ էդտեղ ենք: Քեռեկինս չգիտեմ ոնց խցկվեց ներս ու գնաց մամային գտավ: Մաման էլ, որ իմացել էր մենք էլ ենք հասել հիվանդանոց, էդ հալին հելավ եկավ դռան մոտ, որտեղ կանգնած էինք, էն էլ դուռը փակ էր, մի փոքր լուսամուտից ընդամենը մի երկու բառ փոխանակեցինք: Բարեբախտաբար երեխուն բերել էին կերակրելու, իր մոտ էր, էդ լուսամուտից ցույց տվեց, բան չհասկացանք: Նենց պուճուր թվաց, մենք մեծ էինք ուզում: :D Բայց դե կարևորն էն էր, որ տեսանք...
Վերադառնալուց ավտոբուսի մեջ մի նստատեղից մյուսն էինք գնում ու կռիվ անում իրար հետ, թե ով պետք ա ապերին օրորի ու պահի: Վրաներս խաբար չկար, որ հետո իրար վրա էինք գցելու օրորելն ու փախչեինք: :D
Մինչ մենք հիանում էինք մեր հաճելի անակնկալով, խեղճ պապիկս ընկել մեզ ա ման եկել ամբողջ գյուղով մեկ ու չի գտել: Մտքով ինչեր ասես անցել են: Հույսը կտրած, վախեցած թե՝ տղուս ինչ եմ ասելու, երեխեքը կորել են, նստում է մեքենան ու գնում կողքի գյուղ՝ քեռուս տուն: Թարսի պես էլ քեռիս մեզ չէր տեսել ու չգիտեր, որ պապայի հետ ենք, բայց հույս էր տվել, որ պապայի հետ կլինենք, էլ ուր պիտի գնայինք: Բայց դե մտածմունքից պապիկի սիրտը թուլացել էր, ինքն էլ մի անգամ ինֆարկտ տարած մարդ էր:
Հիշում եմ, որ մտանք քեռու տուն, պապս նենց ուրախացավ, որ ասելու չի:
-Եկան ճտերս, եկա՜ն,- ծիծաղելով ընդառաջ եկավ մեզ ու դիմեց քեռուս,- տեսնո՞ւմ ես ինչ օյին բերին գլխիս:
-Բա տենց բա՞ն են անում, մի բերան էս մարդուն ասեիք, որ չանհանգստանար,- հանգիստ տոնով քեռին ասեց, ու ես միանգամից պատասխանեցի.
-Ասեցի, պապիկը չհավատաց. գիտեր, թե աման ենք լվալու:
Իսկ պապիկիս համար արդեն մեկ էր, ուրախությունից սիրտը տեղն ընկավ ու էլ ավելի ուրախացավ, երբ իմացավ, որ եղբորս իր անունով էին կոչելու:
Երեկոյան էլ, երբ արդեն տանն էինք, անսպասելիորեն հորքուրենք եկան Մոսկվայից: Էլ ի՜նչ ձանձրույթ, ի՜նչ բան....Է՜հ, երանի էդ օրվան:
No comments:
Post a Comment