Friday, October 16, 2009

Այսպես էլ ապրում ենք

Էս երկու օրն ինքս ինձ արձակուրդ եմ տվել: Կես ժամից հիվնդանոցում պիտի լինեմ, բայց հանգիստ նստել եմ ու իբր փորձում եմ ուղեղս անջատել, որ չհիշեմ այդ մասին ու ուզում եմ մի պատճառ գտնել չգնալու համար, որ հետո բացակայությունից վատ չզգամ, բայց չի ստացվում: Ի՞նչ անեմ, մեկ է, չեմ գնալու: Ինչ ուզում է լինի... Վաղն առավոտյան կաշխատեմ գնալ մի քանի ժամով... Ախր որ հիշում եմ պիտի գնամ ու ձանձրույթից մեռնեմ ու չեն թողնելու տուն գամ, սիրտս կանգնում է: Ոնց որ չուզենան, որ ինչ-որ մեկն իրենցից շուտ գնա: Չնայած անցած ուրբաթ մի հայ տատիկ էին բերել, նրա սենյակում ահագին մնացի, զրուցեցինք ու ժամանակն անցավ...

Երեկ երեկոյան ժամը հինգին միջանկյալ ունեի, դրա պատճառով չկարողացա հիվանդանոց գնալ: Երեկոյան ութի կողմերն էր, երբ ավտոբուսից իջա ու տուն էի քայլում, Փրեսբիթերյանի մոտ Մաշային տեսա, նոր էր դուրս եկել ու հոգնած վերև էր բարձրանում... Ես էլ առավոտվա յոթից դուրս էի եկել, որ իբր իսպաներենից առաջ հասցնեմ մի քիչ պարապել, բայց Տյոմի ու Արմի հետ խոսքով ընկանք ու միանգամից վազեցի դասի: Թարսի պես էլ Մոնիկան բերեց քուիզ տվեց. չէինք սպասում նախորդ օրվա գրավորից հետո, բայց դե դա հեչ:

Էսօր արդյունքը տեսա, մի բայը սխալ էի հոլովել, ամոթ ինձ... Իսկ գրավորից ահագին բարձր էի ստացել, ճիշտն ասած, չէի սպասում: Չգիտեմ հիմա Մոնիկան է թեթև նայում, թե իսկապես լավ էի գրել: Դայանի ժամանակ էդքան գրում-գրում էի, վերջում էլի իմ ուզածը չէի ստանում: Հիշում եմ, որ վերջին գրավորի ժամանակ դասից հետո ջղայնացած ասացի՝ Դայան, քո հետ պիտի խոսեմ, ժպտաց ու ասաց, որ կաֆեում սպասեմ իրեն: Երբ գնացի, ինքն արդեն էնտեղ էր: Նստած ծխում էր: Ես էլ շտապում էի: Կենսաբի լեկցիան թողած իսպաներենի հարց էի լուծում, երնեկ իմ հավեսին... Հիմա հեշտ ու հանգիստ համակերպվում եմ ստացածիս հետ, ամեն ինչ միևնույնն է... Վերջը, շատ սիրուն բացատրեց ինչու էր ցածր գնահատականս ու ես շատ սիրուն ընդունեցի իմ սխալները, իսկ հաջորդ գրավորը կարգին էի գրել...

Լավն էր Դայանը: Չնայած նրան, որ հաճախ իսպաներենը խառնում էր պորտուգալերենի հետ ու մեզ էլ չէր թողնում նույնիսկ անգլերեն խոսենք: Ասում էր կոնֆետ կտամ, մենակ թե անգլերեն մի խոսացեք դասին: Ու ամեն անգամ հենց պորտուգալերեն բառ էինք բռնացնում, քաղցրավենիք էր բերում դասի: :) Շատ էինք մտերմացել: Ափսոս էս անտեր կրիզիսը մեջտեղ ընկավ ու ինքը գործից դուրս մնաց: Դասարանով մեր արևին գնացինք գրեցինք, որ մենք մեր Դայանին հետ ենք ուզում, բայց դե ոչ մի օգուտ:

Հիմա էլ ուզում են լեզվի դասերն ընդհանրապես կրճատեն: Առաջ եթե պարտադիր առնվազն 3 լեզվի դաս պիտի վերցնեինք, հիմա ոչ մի օտար լեզու էլ պետք չի: Էն էլ որտե՞ղ... Կալիֆորնիայի համալսարանում, Լոս Անջելեսում, որտեղ լեզուների աջափսանդալ ա շուրջբոլորը: Հայերենն էլ են հանելու: Տխուր է... Լուրջ պայքարել է պետք... Տեսնենք ինչ է լինելու... Ես էլ ուզում էի էս տարի հայերենը թողնել, մյուս աշնանը վերցնել, բայց երբ առաջին օրը մտա լսարան ու արդեն հարազատ դարձած դեմքերը տեսա ու հետո էլ ընկ. Քեշիշյանն եկավ, միանգամից էդ որոշումս հօդս ցնդեց: Ուրիշ է էս դասի համն ու հոտը, ուրիշ... Երբ դասերդ վերջացնում ես, հոգնած հազիվ հասնում ես հայերենի լսարան, ոնց-որ մի ուրիշ աշխարհ մտնես, որտեղ հայերեն ես լսելու, խոսես ու գրես, բոլորը հայ են ու այնտեղից, որտեղից դու ես եկել... էդ լրիվ մի աննկարագրելի հաճույք է... Ինչքան էլ անգլերեն իմանաս ու էդ լեզվով սովորես, հայերենով ավելի հեշտ է արտահայտվել... Չնայած հայերենս ահագին հետ է գնացել: Ամռանը քերականության գիրք վերցրեցի, որ պարապեմ, էդ էլ չարեցի... :(

Հայերենի դաս ասեցի, հիշեցի... Էն օրը դասից առաջ Կարենի հետ նստած էինք լսարանում, Սյուզին եկավ արտասվախառն աչքերով: Չհամարձակվեցի հարցնել՝ ինչ է պատահել: Քիչ անց ասաց.
-Nar, I killed my mice. One of them,- ավելի տխրեց, հետո իրեն հավաքեց ու ասաց,- It was pregnant with six babies. I killed it. Can you imagine? I took the babies out, then I had to take the spinal cords out and...
Էդ միջոցին Ադրինեն ու Ռուբինան մտան ներս ու Ադրինեն չթողեց Սյուզին պատմի իր կատարած «հանցանքի» մասին...Մեղկ էր, ասում էր՝ էդքան պահեցի, որ վերջում իմ ձեռքով սպանեմ...

Ինչևէ, երեկ իսպաներենից հետո վազեցի գրադարան: Ուղիղ յոթ ժամ սոսնձվել էի աթոռին, աչքերս էլ՝ կենսաբի գրքին: Արանքում Արմն եկավ թե՝ վեր կաց գնանք հաց ուտելու, չհամաձայնվեցի, գիտեի, որ չէի հասցնի: Ճիշտ էլ գիտեի: Պարապելու ընթացքում հանկարծ մի խումբ տղաներ եկան, շարվեցին մեր սեղանի շուրջ: Նրանցից մեկը հայտարարեց, որ մեր կողքի նստած զույգերի հանդիպման մի տարին է լրանում էդ օրը, շնորհավորեցին ու սկսեցին երգել ու պարել: Աղջկա ընկերն էլ տեղից վեր կացավ, միացավ տղաների երգ ու պարին, վերջում էլ կարմրած աղջկան առաջարկություն արեց: Բոլորս բերաններս բաց ծափ էինք տալիս, հավես էր: :)) Հետաքրքիր էր՝ ինչու էին որոշել էդ ամեն ինչը հենց ընթերցասրահում անել:

Քննությանը երկու ժամ ժամանակ ունեինք, բայց 6:10 դուրս եկա, Ռուբինայից հետո: Տուն երկու ժամում հազիվ հասա, վրաս էլ հալ չկար: Մանավանդ, որ ամբողջ ճանապարհին կանգնած էի ավտոբուսում, պայուսակս էլ ինձնից ծանր էր... Եկա ու քնեցի... Աչքով չտամ, ռեժիմս քիչ-քիչ կարգավորվում է: Մենակ թե որ կարողանամ ամեն օր գրադարանում պարապել, հետո տուն գալ, էդ շատ լավ կլինի... Մեկ էլ տեսար մեկն ու մեկի մտքով անցնի, գա գլուխս կտրելու: Ոնց-որ անցյալ շաբաթ պատահական համալսարանում ուսանող տղաներից մեկը մտել էր օրգանական քիմիայի լաբորատոր, մի աղջկա դանակահարել, կոկորդն էլ կտրել ու դուրս եկել... Ես արդեն տանն էի, որ հեռախոսիս սմս եկավ՝ Յանգ մասնաշենքին չմոտենալ, վտանգավոր է: Հիմա էլ իրենց արևին ուզում են ապացուցեն, որ էդ տղան հոգեկանի հետ կապված խանգարումներ ունի... Տեսնենք սրա վերջն ինչ է լինելու...

No comments: