Monday, November 2, 2009

Կոտրված

Երեկ կյանքիս ամենավատ օրերից մեկն էր: Կողքից նայողը կասի՝ երջանիկ մարդ ես, որ դա է քո վատ օրը... բայց կոտրված եմ: Պայուսակս դասավորելու ժամանակ մի պահ ուզում էի գրքերս շպրտեի, սիրտս լցվել էր, հիստերիկությունս կբռներ, եթե տանը մարդ չլիներ... Ինձ հազիվ զսպեցի... Մաման հա հարցեր էր տալիս դասից, չդիմացա ու ասացի, որ ոչինչ չհարցնի...Գնացի սենյակ, նստել էի ու ոչինչ չէի անում, բայց մեջս փոթորիկներ էին: Երբ կոմպն անջատեցի, ուզում էի դա էլ շպրտեի: Բայց ախր սենց ո՞ւր եմ հասնելու: Լույսն անջատեցի, գլուխս խրեցի բարձիս մեջ: Գոնե լացել կարողանայի, կհանգստանայի ու կքնեի: Վեր կացա, լույսը միացրեցի ու թուղթ էի ման գալիս, որ էդ փոթորիկները թղթին հանձնեմ, հիմա էլ Վալն սկսեց բողոքել: Անջատեցի: Լուսամփոփը միացրեցի, օրագիրս բացեցի ու սկսեցի գրել: Չէի ուզում օրագրիս մեջ գրել, գիտեի որ պատռելու եմ հետո, բայց գրեցի: Մոտ մի երկու ժամ: Մինչև ձեռքս հոգնեց ու գլուխս «ընկավ» օրագրիս վրա: Մի քանի րոպե անց մաման սենյակ մտավ, լույսն անջատեց, ուզում էր տետրս վերցներ, դներ մի կողմ, վեր թռա ու չթողեցի:

-Նամակ ես գրո՞ւմ: Քնի, ուշ ա:
Ի՞նչ քնել: Ոնց-որ թե ես չէի ուզում...բայց հետո քնեցի, չգիտեմ ոնց...

Այսօր առավոտյան 6:15 զարթուցիչս ձայնը գլուխը գցեց, բոլորը վեր կացան, ես տեղիցս չէի շարժվում: Հետո աչքերս բացեցի, շատ հանգիստ էի զգում, բայց մի քանի վայրկյան անց երեկվա կատարվածներն աչքերիս առաջ եկան:

-Նար, չես հելնո՞ւմ,- Վալը շրջվեց:
-Չեմ գնում: Չեմ ուզում:
-Ես հիմա լույսը կմիացնեմ ու շատ լավ կուզես:
-Լավ էլի:

Արդեն միացրել էր: Վեր կացա, հագնվեցի, պատրաստվեցի ու պապայի հետ դուրս եկա: Ավտոբուսի մեջ էդքան էլ շատ մարդ չկար, հանգիստ տեղավորվեցի ու իսպաներեն էի կարդում: Քիչ անց քիթս սկսեց արնահոսել: Որ սկսում է, վերջ չկա: Մի տասնհինգ րոպե դրանով էի զբաղված: Հա՛, էսօր ավտոբուսում «ավարտ» բառի մասին էի մտածում ու մի պահ սարսռեցի: Չգիտեմ ինչու:

Քիմիայի սկսելուն քսան րոպե կար, դեռ մարդ չէր եկել, մենակ նկարահանողն էր լսարանում, կամերան էր նախապատրաստում: Հետո միանգամից բոլորն եկան: Դասին ուշադրությունս չէր շեղվում: Մինչև վերջ նստեցի ու լսեցի Հարդինգերին: Վերջում Դանիելը միջանկյալները վերադարձրեց, ինչ սպասում էի, չէի ստացել: Հանգիստ քայլերով ուղղվեցի դեպի ՓԱԲ՝ իսպաներենի: Առաջին անգամ էր, որ չէի շտապում իմանալով հանդերձ, որ ուշանալու եմ, իսկ ուշացումներն էս դասարանում նշվում են: Երեք րոպե ուշացումով մտա դասարան, Մոնիկան գրատախտակին հարցեր էր գրում, հավանաբար չնկատեց, որ ուշացել եմ: Կելլին ինձնից ուշ եկավ: Հարցերի մասին մի թեթև խոսելուց հետո սկսեցինք բլբլալ Կելլիի հայրենիքի՝ Անգլիայի մասին:

Իսպաներենի թեստն ու գրավորն էլ հետ ստացանք: Սրանց մասին չեմ խոսում: Հանգիստ տեմպով դուրս եկա ու քայլերս ուղղեցի դեպի Լակրեց: Էլի չէի շտապում: Մեկ է դռան մոտի առջևի երկու աթոռն ազատ էին լինելու, երեխեքն արդեն սկսել են լեկցիայի չգալ: Տասնհինգ րոպե հետո ահավոր ձանձրացա Ջոնսոնի մոնոտոն ձայնից ու դուրս եկա լսարանից: Ինչ էլ անեմ, էդ լսարանում կենտրոնանալ չեմ կարող: Սուրճ վերցրեցի ու նստեցի ստվերի տակ ընկնող սեղաններից մեկի շուրջ, սկսեցի կարդալ: Ամառվա ֆիզիկայի դասիս հայերից մեկը մոր հետ մոտեցավ ու տեղավորվեց կողքի սեղանին...

Տասներկուսին գնացի հայերենի: Մարգոյի ու Ադրինեի հետ կանգնած էինք, հանձնարարված դասից էինք խոսում, Կարենը մոտեցավ թե՝ ինչի չեք գալիս դասարան: Մելինեն էլ էր եկել դասի, վաղուց չէինք տեսնվել, ահագին խոսեցինք, մինչև Քեշիշյանն եկավ: Դասին Ալենի ու Կարենի բանաստեղծություններին ծանոթացանք, երկուսն էլ լավ են գրում: Շատ լավ անցավ դասը, ահագին ծիծաղեցինք, մի քիչ ցրվեցի:

Արդեն ավտոբուսից իջել էի, Փրեսբիթերյանի մոտ էի հասել համարյա, երբ Վալը զանգեց.
-Ստարբաքսում եմ, ի՞նչ կխմես, ասա բերեմ:

Ստարբաքսի սուրճ չէի ուզում:

Հասա տուն, թունդ սուրճ պատրաստեցի ու նստել եմ... Էսա Ջոնսոնի ձայնն եմ միացնելու ու... սկսեմ....

No comments: