Monday, November 9, 2009

Halloween

Նախանցյալ հինգշաբթի օրը համալսարանից տուն գալիս Վալի ու Արմի հետ պայմանավորվեցինք Հալլոուինի առթիվ մի տեղ գնալ: Ես էլ նենց տեղ էի ուզում, որ շատ սարսափելի լիներ, որ վախենայի. վախենալ շատ եմ սիրում: :) Արմենուհին էդպիսի մի տեղ առաջարկեց, բայց հեռու էր: Վալը դեռ ֆրիվեյ չի մտնում, ուստի որոշեցինք գնալ Universal Studios: Էդտեղ էլ էին Հալլոուինի կապակցությամբ "Horror Night" կազմակերպել: Ամեն ինչ ինքնըստինքյան որոշվեց, երեկոյան Վալն Անահիտին էլ գրեց ու անսպասելիորեն նա էլ համաձայնվեց գալ:

Ուրբաթ առավոտյան դասի չգնացի, բայց իզուր, որովհետև մաման ու Վալը սկսեցին խոսել, ես էլ նրանց միացա ու քնել չկարողացա: Վալի հետ գնացինք Գլենդել Գալերիա, քարտ պիտի վերցնեի նվիրելու համար, բայց իմ ուզած քարտի տեղը դեռ փակ էր: Մնում էր մենակ ֆռֆռալ խանութներում մինչև մի ժամն անցներ: Գնացինք Թարգետ սուրճ վերցրեցինք, Վալն ահագին շորեր փորձեց, զարդեղեն ու եսիմ ինչեր, հետո գնացինք քարտի տեղը: Մի ժամ տևեց մինչև վերցրինք: Էլ բանկ, էլ եսիմ ինչ սաղ խառնեցինք իրար: Տենց էլ չհասկացա ինչ կատարվեց, բայց գիտեմ, որ մի թեթև ներվայնացել էի: Տեղի աշխատողն ասում էր՝ քարտդ չի աշխատում, զանգում էի բանկ, ասում էին՝ հենց նոր էսքան գումար էդտեղ քաշել են: :O

Ինչևէ, եկանք տուն, Վալը գնաց գործի ժողովին, ես էլ իմ արևին դաս էի անում: Ժամը հինգին գործից Անահիտի հետ եկան ինձ ու Արմին էլ վերցրին ու գնացինք City Walk. Սարսափի սկսվելուն մի ժամից ավել կար, մտանք Coffee Bean սուրճ խմելու: Ես ու Անահիտը մի տեղ որ գնում ենք, անպայման հաշիվը փակելուց պիտի աղմուկ բարձրացնենք, իսկ սպասարկողը կանգնում ծիծաղում է, փոխանակ շուտ ձեռքիցս վերցնի քարտը ու «Չէ, ես պտի մուծեմ»-ներին վերջ տա: Ես հաղթեցի:

Ահագին նստելուց ու զրուցելուց հետո, երբ մութն արդեն ընկել էր համարյա, մտանք Universal Studios: Բոլորիս մուտք գործելուց հետո մի տեղ հավաքվեցինք, ներս չէին թողում ու երբ արդեն մի հոծ ամբոխ էր հավաքվել, միանգամից դարպասների վրայի կրակները վառվեցին ու դիմակներով էդ սարսափելի մարդիկ մտան ամբոխի մեջ ու մի ահավոր աղաղակ բարձրացավ: Էդ մոմենտը նենց ահավոր էր, որ ես անկախ ինձնից ասի՝ չէ, ես չեմ գալիս, դուք գնացեք: Մենակ գոռում էի՝ վախում եմ: Արմը սկսեց համոզել, որ իրենց եթե ուշադրություն չդարձնեմ ու ցույց չտամ, որ վախենում եմ, չեն մոտենա, իսկ եթե մոտենան, ապա չեն կպչի, իրավունք չունեն: Մի փոքր հանգստացա, ինձ հավաքեցի ու մտանք ներս:

Աչքս դեռ չէի թարթել, մեկ էլ ձեռքի էլեկտրական սղոցով մի մարդ «հարձակվեց» ու Անահիտը, որ մինչ այդ ձեռքիցս պինդ բռնել էր, թողեց ու լեղապատառ վազեց: Էդ մարդն էլ Անահիտի հետևից: Իսկապես ուրեմն, եթե չես վախենում, չեն վախեցնում: Անահիտին ասացի՝ մի փախի, որ չգան: Բայց դե մարդ, որ վախում է, ինչ կարող ես անել: Հենց դրանց տեսնում էր, կողքս շրջապտույտ էր անում, սղոցով մարդն էլ ետևից...

-Նար, ես էստեղից որ դուրս գամ, հաստատ շաքար կունենամ,-խոսքը դեռ չավարտած նորից վեր թռավ ու ընկան հետևից,- I have diabetes, leave me alone!!!!

Վատ այն էր, որ հանկարծ ետևից էին մոտենում ու գոռում ականջիդ տակ: Մտածեցի ես էլ իրենց տենց անեմ, ու երբ մեկը մոտեցավ ու աչքերիս մեջ էր նայում իր արյունոտ երեսով, մինչ ուժ էի հավաքում, որ գոռամ, իր աչքերի միջից ջուր թափվեց վրաս, իբր արյուն էր: Էն ոնց էի կատաղել, որ անկախ ինձնից գոռացի՝ անասո՜ւն:

Շատ ճվճվացինք, բայց տենց վախենալու չէր: Այսինքն, երբ արդեն գիտեի, որ ձեռք չեն տալու ու էդ ամեն ինչը սարքած էր, չէի վախենում: Ժամը տասմնեկի մոտերքն էր, արդեն հետաքրքրությունն անցել էր, մարդասպաններն ու վամպիրներն իրենց էֆեկտը կորցրել էին, ժողովուրդն ու հերթերը շատացել էին, էլ հավես չունեի մնալու: Դուրս եկանք City Walk ու մտանք Hard Rock Cafe թեյ խմելու: Դրանց թեյն էլ ոնց որ խաշ լիներ: Երևի եթե Վալը մի երկու անգամ չգնար հիշեցներ, որ թեյ ենք պատվիրել, չէին բերի:

Տուն գնալիս մեքենայում ոչ մեկիս ձայնը չէր լսվում, հոգնել էինք ու քնել էինք ուզում, երբ Արմը Թուփակի դիսկը միացրեց ու մեքենան մի քիչ շունչ առավ:

Հաջորդ առավոտյան ձայնս խզված էր...

No comments: