Երեկ վերջին միջանկյալը հանձնեցի: Ամբողջ օրը գրադարանում էի, էլի ժամը տասից մինչև հինգը պիտի հասցնեի երեք շաբաթվա անցածը պարապել ու ոնց որ թե հասցրեցի, ուղղակի գլուխս մի քիչ էն չէր վերջում: Ժամը մեկի կողմերը Արմը եկավ գրադարան պատահականորեն, ասաց, որ ժամը վեցին հայերի «ժողովին» պիտի գնա, բայց մի երկու ժամ պարապելուց հետո չդիմացավ, գնաց տուն: Գիշերը չէր քնել:
Գրավորը էդքան էլ դժվար չէր, մի ժամում վերջացրեցի, բայց Վալին ասել էի յոթի համար գար: Զանգեցի ասացի՝ ավտոբուսով կգամ, արդեն դուրս էր եկել: Ստիպված պիտի սպասեի: Նորից գնացի գրադարան: Լափթոփը միացրեցի ու նենց հավես էր... որ նստում ես ու գիտես, որ երկու օր հետո քննություն չունես ու մեջդ անհանգստություն չկա:
Գրադարանում էլ քիչ մարդ կար. մեռյալ լռություն էր: Ափսոս էլ գիշերները բաց չի գրադարանը, շուտ է փակվում: Թե չէ կարելի էր ամեն ինչ վերջացնել ու նոր գնալ տուն ամեն օր: Է՜հ, կրիզիս-կրիզիս...Ամեն ինչ կրճատում են, մենակ վճարն են բարձրացնում: ՓԱԲի գրադարանն էլ առաջ եթե առավոտյան 7:30 էր բացվում , հիմա տասից հետո է բացվում: Փող չկա... Տեսնես էդ կրիզիսը ինչո՞ւ չի ազդում սպորտզալերի ու եսիմ ինչերի վերանորոգմանը... Վերջերս համալսարանից մենակ մի միլլիարդ գնաց բասկետբոլի կորտի վերակառուցմանը: Բիզնես է երևի, բասկետբոլն իրենց փող է բերում, մենակ փող, փող, փող...
Դասարանում ֆիլմ պիտի նայենք, անհրաժեշտ իրերը չկան ֆիլմ դիտելու համար: Կրիզիս ա: Սյուզանը լավ ասաց.«Բայց մենք վճարում ենք դրա համար: Ամեն քառորդ վճարից բացի մոտ հիսուն դոլլար էլ վճարում ենք ամեն դասի համար, որ դասարանում ամեն ինչ տեղը տեղին լինի: Չկա՞, թող բերեն դնեն: Ի՞նչ կրիզիս: Մենք էլ ենք կրիզիսի մեջ...»: Չգիտեմ...
Մեքենայի մեջ Վալի հետ պլաններ ենք կազմում, թե ինչ ենք անելու: Հետո երկար լռություն է տիրում, ոնց որ էն օրը, երբ գնում էինք Վիլյամ Սարոյանի «Սովածները» պիեսի ներկայացմանը, բայց ես անգամ Վալի դիսկերի մեջից մի դիսկ եմ հանում ու միացնում, դպրոցական տարիների ֆիզիկայի դասարանում լսած երգերն են: Երկուսով սկսում ենք հավասար երգել ու էլի ոչինչ չենք ասում...
No comments:
Post a Comment