Երբ երեկ առավոտյան Վալի ու Արփիի հետ մտանք Սթարբաքս, միանգամից դպրոցական օրերս հիշեցի: Համարյա ամեն օր դասերից հետո տուն քայլելիս ճանապարհին մտնում էինք Սթարբաքս, մի-մի բաժակ սուրճ պատվիրում ու խմելով շարունակում ճամփան: Ոտքով տուն գնալն էլ հետաքրքիր կերպով էր սկսվել: Ավտոբուսի քարտս կորցրել էի հենց գնելու հաջորդ օրը ու որոշել, որ նորը չեմ գնելու: Իմ անփութության համար իբր ինձ պատժում էի, համ էլ երես չունեի մերոնցից նորից գումար խնդրել դրա համար: Մի խոսքով, առավոտյան դասից մի ժամ առաջ պապայի հետ էինք գնում դպրոց, տուն գալն էլ ոտքով: Երբեմն Անահիտը, Արմենուհին կամ Լուսինեն էլ էին միանում: Ճանապարհին անպայման Լոս Ֆելիզի գրադարան պիտի մտնեինք ( ահա թե ինչու գրքերս երբեք ժամկետից ուշ չէի հանձնում էդ տարիներին) ու փոստ. ամեն օր նամակներ էի գրում ու ուղարկում Հայաստան: Դպրոցն ավարտելուց հետո էլ փոստ չեմ գնացել ու արդեն երկու տարուց ավելի է, ինչ նամակ չեմ գրել: Այսինքն մի քանի անգամ գրեցի, բայց մինչև հիմա մոտս են: :(
Սթարբաքսի երկու մեծ բազկաթոռները հանել էին ու երկու հատ հսկա ու անդուր սեղաններ դրել: Բաց կանաչավուն վարագույրներ էին կախել. արևն առաջվա նման աչքերիս չէր ընկնում: Հարմարվեցինք մեջտեղի սեղաններից մեկին, որի շուրջ հավաքվել էինք երկու տարի առաջ Նոր Տարվա առթիվ: Մարդիկ, ինչպես միշտ, լուռ էին. ոմանք թերթ էին կարդում, ոմանք իրենց նոթբուքների մեջ էին խորացել, ոմանք էլ երաժշտություն էին լսում: Միակ զրուցողները մենք էինք:
Չգիտեմ ինչու Վալը որոշեց հենց այդտեղ տանել մեզ: Երբ մեքենայի մեջ էինք, գլխի չէի ընկնում՝ ուր է քշում: Արփին հարցրեց՝ էս ուր ես տանում մեզ: Վալն էլ հստակ պատասխանեց՝ Սթարբաքս: Ու հիշեցինք, որ առաջ միշտ պարտադիր Սթարբաքսում էինք հանդիպում: Էն ժամանակ ոչ մեկս մեքենա չէինք քշում, Սթարբաքսն էլ բոլորի տներից հավասար հեռավորության վրա էր գտնվում: Ուրախություն լիներ, թե տխրություն, միայն ու միայն Սթարբաքսում էինք հավաքվում: Հավես էր...
Հետո կամաց-կամաց մոռացանք Սթարբաքսի մասին, իսկ երբ նորից գնացի, արդեն խորթ էր... Երևի կյանքում ամեն ինչն էլ էսպես է: Մի օր կմոռացվի, հետո էլ խորթ կթվա, անկախ նրանից դու էդպես էիր ուզում, թե ոչ: :(
No comments:
Post a Comment