Thursday, December 10, 2009

Վերջապես արձակուրդս սկսվեց: Անհամբեր սպասում էի, թե ոնց պիտի վերջին երեք շաբաթներն անցնեն: Միջանկյալներից պրծել էի, բայց ահագին բաց թողած լեկցիաներ, չկարդացած գրքեր, չլուծված խնդիրներ ու եսիմ ինչեր ունեի անելու ու միակ հույսս Thanksgiving break-ն էր, որ չորս օր տանն էի լինելու... Որոշել էի ամեն ինչ անել, վերջացնել էդ մի քանի օրում, որ վերջին շաբաթվա մեջ կարգին կարողանայի պարապել: Հենց հիշում էի՝ մի օրում երկու քննություն պիտի հանձնեի, ու էդ առարկաների միջանկյալներից հետո գիրք չէի բացել, ոտքերս թուլանում էին:

Էդ հինգշաբթի օրը Վալն իր համալսարանի գործերը մեջտեղ գցեց: Ընդամենը մի քանի օր էր մնում դիմելու ժամկետի ավարտին, բայց դեռ ոչինչ չէր արել, նույնիսկ շարադրությունը կարգին գրված չէր: Դասերը մի կողմ թողած սկսեցինք զբաղվել էդ հարցերով ու օրն անցավ: Նենց ահավոր ստրեսային վիճակ էր, ոնց որ ես էի դիմում համալսարան: Էդ լրացնելու, գրելու պրոցեսը հեչ չեմ սիրում, ընկնում եմ դեպրեսիայի մեջ... Օրվա վերջում էլ դաս անելու տրամադրություն չունեի, մտածեցի հաջորդ առավոտյան կսկսեմ... Բայց...

Ուրբաթ առավոտյան աչքերս բացեցի, Վալը հիշեցրեց, որ Արփինեի հետ պիտի հանդիպեինք: Գնացինք չինական ռեստորան, Palace: Արփինը լափթոփն էլ էր բերել, Վալի շարադրությունն էին կարդում, ես էլ լուսանկարչությամբ էի զբաղվում: Ահագին ասեցինք, խոսեցինք, գոնե դասերի մասին մի քանի ժամ մոռացանք: Մի քանի օրից Արփինեն վերադառնալու էր Սան Ֆրանցիսկո: Էլի վաղուց չէի տեսել նրան, կարծեմ գարնանն էի տեսել վերջին անգամ: Ախպերն էլ Սանտա Բարբարայում է սովորում:

-Փաստորեն ծնողներդ մենակ են մնում, Արփ, ահագին կարոտում են ձեզ ու անհամբեր սպասում ձեր գալուն երևի:
-Հա, շատ են ուրախանում, որ գալիս ենք, բայց հետո ուրախանում են, որ գնում ենք: :D
Անսպասելի էր...

Էդտեղ կարգին դեսերտ չունեին, Վալն էլ սրտանց ուզում էր, որ դեսերտով եզրափակեինք մեր հանդիպումը, ուստի դուրս եկանք ու գնացինք Կորեաթաուն թեյ խմելու: Շատ հավես մթնոլորտ էր: Տուն գալու մասին մտածել չէի ուզում նույնիսկ, բայց դե ինչ արած: Եկանք: Արմենուհին իջավ ներքև, պիտի մեր արևին արտասահման գնալու համար դիմեինք ու գիտական աշխատանք անելու մասին հետաքրքրվեինք, բայց ժամերով վեբում տարբեր թեմաներ նայելուց հետո, կարգին բան չգտանք ու էդպես էլ թողեցինք: Արդեն ուշ էր, մի երկու լեկցիա հասցրեցի լսել:

Շաբաթ կիրակին էլ լեկցիա լսելով անցկացրեցի, կենսաբն էլի մնաց, խնդիրներ էլ չգրեցի, ինչը հուշում էր, որ հաջորդ շաբաթը շատ սիրուն շաբաթ էր լինելու... «Վերջ, հարկավոր է ամեն ինչ մի կողմ դնել ու կարգին պարապել, Նարին, ժամանակ չունես»,- ինքս ինձ ասեցի քնելուց առաջ ու աչքերս փակեցի...Բայց... փակելը քիչ էր... էլի անքնություն...

Երկուշաբթի լուսադեմին աչքս հազիվ կպավ, էլի առավոտվա լեկցիային չգնացի, մի ժամ գոնե պիտի քնեի, որ մնացած դասերին կարողանայի գլուխս ուղիղ պահել: Դասից անմիջապես հետո Վալը զանգեց՝ գնանք մի տեղ մի քիչ նստելու: Էդ օրը նրա ծննդյան օրն էր, ասի՝ լավ, մի երկու ժամով կգամ: Հասա տուն, ինքն էլ քոլեջից եկավ, միանգամից դուրս եկանք, Արփինեին էլ վերցրինք ու գնացինք Alcove Cafe. Երկու ժամն ակնթարթի պես անցավ: Արդեն մթնել էր: Արփինեն էլ պիտի թռներ Սան Ֆրանցիսկո, հայրը պիտի տաներ օդանավակայան, հրաժեշտ տվինք ու շարժվեցինք դեպի տուն:

Դեռ ճամփին էինք, պապան զանգեց: Վալն ուզում էր Գալերիա գնալ, պապան ասեց՝ իր խաթր գործից շուտ դուրս կգա, որ Հովոյին ինքը տանի պարապունքի: Աշխարհը Վալինն էր: Հենց մտանք տուն, զգացի, որ թույլ եմ, հաստատ պարապել չեմ կարողանալու, էն մի ժամանոց քունը բավարար չէր ու առանց երկար-բարակ մտածելու Վալի հետ գնացի Գալերիա: Երբ եկանք տուն, Հայաստանից զանգեր էին անընդմեջ գալիս, հետո սկայպ մտանք մերոնց հետ տեսնվելու ու էդ օրն էլ ճամփու դրեցինք:

Հաջորդ օրը իսպաներեն չունեի (առաջին անգամ), առավոտյան տանը մտածում էի՝ արժե՞ մենակ լաբարատորի համար հասնել համալսարան, մեկ ա մյուս լաբերին միշտ ներկա էի եղել, էդքան էլ էական չէր, բայց որոշեցի գնալ: Լաբարատորիս գիրքը հանեցի կարդալու, որ տեսնեմ ինչ ենք անելու, զանգ եկավ: Թե որ օրվա հեռախոս վերցնողն էի, որ խելոք-խելոք վեր կացա ու վերցրի: Շվեդիայից էր: Ահագին խոսեցինք, մինչև որ նկատեցի ուշանում եմ: Տնից թռա ու ավտոբուսին չհասցրի: Անսպասելիորեն մի հատ էլ ավտոբուս եկավ, նստեցի, հետո պարզվեց, որ կարճ գծով էր գնում: Ճամփի կեսին կանգնեց: Ահագին ժամանակ անց նոր մյուսն եկավ: Հերիք չէր ուշացած հասա, դեռ լաբի սենյակն էլ փոխել էին: Հազիվ գտա ու ինձ գցեցի ներս, թեստի հավաքելուն ուղիղ երկու րոպե էր մնացել, չեմ էլ հիշում ինչ խազբզեցի ու թուղթս հանձնեցի: Երեկոյան մի քիչ պարապեցի:

Չորեքշաբթի ուշ գնացի կանգառ, էլի իսպաներեն չունեի: Բանավոր քննություններն էին սկսվել, իմը հինգշաբթի օրն էր, դրա համար էդ երկու օրը դաս չունեի: Կանգառում կանգնած էի, տեսա Արմն եկավ: Զարմացա, դու մի ասա քնած էր մնացել: Մի տաս րոպեից էլ ավտոբուսն եկավ, տեղավորվեցինք: Նենց ահավոր գարշահոտ էր տարածվել ներսում, որ ես էլ չէի դիմանում: Աչքերս արցունքոտվեցին, սիրտս սկսեց խառնել, պատուհաննները բացել տվեցինք, բայց ոչ մի օգուտ: Արմին ասի՝ ես իջնում եմ, էլ չէի դիմանում, էն էլ լավ ա, գարշահոտի աղբյուրն իջավ ու մի քանի րոպե անց օդը հազիվ մաքրվեց: Ծեր մարդ էր, որ հաստատ ամիսներով ջրի երես չէր տեսել:

Ժամը տասնմեկին Մորգանի ու Քրիստինի հետ պիտի հանդիպեի, որ իբր իսպաներեն խոսեինք, որ հաջորդ օրվա քննությանը պատրաստ լինեինք: Գնացի Քըրքաֆ, Քրիստինն արդեն էնտեղ էր, բայց Մորգանը չկար ու չկար: Մոռացել էր հանդիպման մասին: Հետո եկավ, ոչ էլ խոսեցինք: Ուղղակի պայմանավորվեցինք քննությունից կես ժամ շուտ գնալ, բլբլալ ու նոր մտնել ներս: Դրանից հետո գնացի հայերենի դասին: Վերջին դասն էր: Էլ հայերեն չեմ ունենալու: :( Էս անգամ որպես ֆինալ դասարանում գրավոր գրեցինք: Հետո Սասունցի Դավիթ էպոսը քննարկեցինք ու մանրանկարներ էինք նայում: Վերջնական հրաժեշտ չտվեցինք, որովհետև ժամը չորսին հանդիպում ունեինք Վիոլետ Գրիգորյանի հետ: Էնտեղ տեսնվելու էինք: Ով մտնում էր դասարան, հարցնում էր՝ գալո՞ւ ես, ախր շատ դաս ունեմ պարապելու և այլն, ասում էի՝ ես էլ, բայց գնալու եմ: Իբր նոյեմբերի տասնութին պիտի հանդիպեինք, էդ օրն էլ միջանկյալ ունեի, չէի կարողանալու ներկա գտնվել ու շատ ուրախացա, որ Քեշիշյանն օրը փոխեց: Ինչ իմանայի, որ հետո էլ էդքան դաս էի ունենալու կուտակված, բայց ինչևէ, մտածեցի՝ գնալու եմ ու վե՛րջ:

Դասից հետո ուզում էի իջնել Bomb Shelter մի կտոր հաց ուտելու, որ հետո սկսեմ պարապել մինչև հանդիպումը: Ռուբինան տեսավ մնում եմ, որոշեց ինքն էլ մնալ: Միասին գնացինք Ակրմեն, սալաթ վերցրինք, դեսից- դենից էինք խոսում, ասաց, որ ամռանն իմ ֆիզիկայի դասարանից է եղել: Չէի նկատել նրան, հետաքրքիր էր... Շատ անհանգիստ էր, մեքենան կանգնեցնելուց երկու ժամվա համար էր վճարել միայն, ժամերն անցել էին, վախում էր տուգանք ստանալ, ուտելուց անմիջապես հետո վազեց երկարացնելու ժամերը, ես էլ գնացի գրադարան: Քանի որ էլի տեղ ու դադար չկար ընթերցասրահում, գնացի իմ ու Արմի հայտնաբերած էն մթոտ տեղը, գրքերի շարքերի արանքում ու մի քիչ քիմիա արեցի: Վ. Գրիգորյանի հետ հանդիպումը շատ արագ ու հետաքրքիր անցավ: Իսկապես չփոշմանեցի, որ գնացել էի: Բուզանդին էլ էին կանչել, մի քանի երգ երգեց: Շատ հավես անցավ:

Տուն գնալիս ավտոբուսի մեջ իմ արևին քիմիա էի անում: Կողքս նստած չինացին չհամբերեց ու հարցրեց՝ ինչ դաս ա ու ով ա պրոֆեսորը: Հենց Հարդինգերի անունը լսեց, դեմքը կնճռոտվեց: Բոլորի կարծիքով շատ բարդ ու դաժան մարդ ա Հարդինգերը, բայց ըստ իս շատ նորմալ մարդ ա ու նորմալ ձևով էլ դասավանդում ա առարկան: Մենակ որ դասն առավոտ շուտ ա, էդ ա ինձ հետ պահում դասերին նստելուց, մանավանդ որ գիտեմ օնլայն դնում ա լեկցիաները:

Հանդիպման ժամանակ Armenian Chronicles թերթի հերթական համարը վերցրի, Իրենն էր բաժանում, բայց դեռ չեմ կարդացել: Պիտի որ հետաքրքիր լինի: Հիշում եմ՝ Մարիամն ասում էր՝ Շահանեն ու Գայանեն օրերով չեն քնում էդ թերթի պատճառով:

Հինգշաբթի օրը մի բաժակ սուրճ վերցրի ու գնացի իսպաներենի բանավորը հանձնելու, ահավոր շփոթված էի: Սխալ էի խոսում, ինքս իմ սխալներն զգում էի, չգիտեմ ինչ էր կատարվում հետս, բայց դե ինչևէ: Դրանից հետո գնացի գրադարան ու մինչև երեկոյան ժամը 9-ը էնտեղ էի: Արմն էլ էր համալսարանում, նրա ու Արսենի հետ եկա տուն: Մնացած օրերն էլ պարապելով անցան: Որ ասեմ կարգին պարապեցի, սուտ կլինի: Ոնց որ կիսատ սովորած լինեի, բայց դե տենց էլ էսօր գնացի քննության: Առաջին քննությունից հետո չորս ժամ ազատ էի, բայց գիրք տետր փակեցի ու նստեցի: Առաջին անգամ էր նման բան լինում: Միշտ մինչև վերջին վայրկյանը կրկնում ու կրկնում եմ, էսօր ամեն ինչ իմաստը կորցրել էր ու մենակ մի բան էի ասում մտքումս ինձ հույս տալու համար՝ մեկ ա չեմ հիշելու: Տենց էլ մտա քննասենյակ, դիմացն էի նստել, Ռուբինան եկավ թե՝ գնանք հետևի շարքերում նստենք, բարձրացանք վերև:
Երկու օր առաջ էլ իսպաներենի գրավորն էի հանձնել, նենց լավ անձրև էր գալիս... հավես էր...

Հիմա պիտի մտածեմ, ոնց կարելի է կարգին հանցստանալ քսան օրվա ընթացքում, ինչ կարելի է անել... Չեմ ուզում էլի զզված ու հոգնած դասի գնալ:

Հա, մոռացա... Անցյալ կիրակի մեր համալսարանի ու Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ֆուտբոլի թիմերը խաղացին: Մերոնք կրվեցին: Ինչ ընդունվել եմ էս համալսարան, մերոնք տարվում են: :( Գոնե մյուս տարի կարգին խաղան:

Խաղից առաջ էլ, որպես տրադիցիա, համալսարանների խորհրդանիշ արձանները ծածկում են պաշտպանելու համար, որ վնաս չհասցնեն հակառակորդ համալսարանի երեխեքը: Բայց դե չգիտեմ մերոնք ոնց էին մեր արձանը փակել ու ինչ էին մտածում, երբ ապուշ հակառակորդները մտել էին ու իրենց համալսարանի գույներով մեր խեղճ արջուկին ապականել:

No comments: