Wednesday, January 13, 2010

Հոգնած

Առավոտյան անձրևի կաթիլների ձայն լսեցի, շերտերի արանքից տեսա, որ իսկապես անձրև էր գալիս: Ուրախացա փոքր երեխայի նման, վեր կացա, լվացվեցի, տաք-տաք հագնվեցի, շարֆ էլ կապեցի ու ինձնից գոհ-գոհ Արմին գրեցի, որ արթնանա: Մի քանի րոպե անց սկսեցի շոգել, շորերս փոխեցի, բարակ հագա, շարֆն էլ իր տեղը դրեցի. ինձնից ինչ շարֆ կապող: Մինչև հասանք համալսարան, անձրևն էլ կտրվեց, մի երկու ժամից էլ արևը դուրս եկավ, ոնց որ ոչինչ չէր եղել:

Երեկ ուշ քնեցի, էսօր ահավոր հոգնած էի: Ընդմիջմանը գնացի գրադարան, փեյջեր վերցրեցի ու գնացի գրքերի մոտի անկյունի բազկաթոռներից մեկին տեղավորվեցի: Նստելս ու քնելս մեկ եղավ: Արթնացա փեյջերի դռռոցից: Քնած-քնած գնացի ինչ որ պետք էր, տպեցի ու գնացի հնէաբանության դասի լաբին: Համ լաբն էի անում, համ էլ ձեռքի հետ քարերը հատ-հատ նկարում հեռախոսով, որ հիշեմ: Ասիստենտը մոտեցավ թե՝ էդ օգուտ չի տա, ուշադիր նայի, ձեռքով նկարի, որ տպավորվի: Հեռախոսս փակեցի: Ոչ էն արեցի, ոչ էլ էն: Լաբս խզբզեցի ու դասի ավարտից տաս րոպե առաջ դուրս եկա: Ուշք ու միտքս տուն հասնելն էր: Արմը մի ժամից էր վերջացնելու, գրեցի՝ չեմ սպասում, ավտոբուսով եմ գնում: Էն էլ մոտս 25 ցենտ չկար: Կոֆեի ապարատի մեջ մի դոլլարանոց մտցրեցի, որ իբր մանրեի, էն էլ կոպեկ չտվեց: Ֆրենչ վանիլլա լցրեցի, նոր մի հատ հարյուր տարվա տարթը վրան քսանհինգանոց ընկավ, վերջին ուժերս լարելով ուղղվեցի կանգառ: Ավտոբուսում խցկոց էր: Մի ռուս տատիկ բարձրացավ, սաղին խառնեց իրար: Յամանն էր:

Եկա տուն, մաման ուզբեկական փլավ էր սարքել: Կերա: Հիմա Վալը սուրճ է դնում, էդ էլ խմեմ ու չգիտեմ՝ դաս անե՞մ, թե՞ մի քիչ քնեմ, դրանից հետո նոր սկսեմ դասերս: Ուժասպառ եղած եմ: Լիքը դաս կա անելիք, բայց չեմ դժգոհում: Մի ձև կանեմ, երևի կհասցնեմ: Արձակուրդիցս էնքան կշտացա, որ հասկացա՝ առանց համալսարանի կյանք չունեմ: Կարոտել էի...

Հա՛, կարոտի մասին. ես, որ կարոտում եմ, ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան եմ կարոտում ...

No comments: