Thursday, January 14, 2010

Հրաշքը ռեալում

Անցյալ շաբաթ Անահիտը գրեց, որ եթե հարմար լինի, գնանք իրենց տուն ինչ-որ ֆիլմ նայելու: Դե դասերի առաջին շաբաթն էր: Ճիշտ է, արդեն հանձնարարությունները կուտակվում էին քիչ-քիչ, բայց քանի որ թեսթ-մեսթ չունեի, համաձայնեցի գնալ: Հետո պարզվեց, որ շաբաթ օրը պիտի հանդիպենք: Շատ բարի: Քրոջս էլ էր հարմար:

Ուրբաթ երեկոյան ընկերներով ՄՍՆ-ում զրուցում էինք, այսինքն՝ ես էի, Անը ու Հրաշքը: Ու հանկարծ Անը Հրաշքին էլ հրավիրեց ֆիլմը դիտելու: Դե ինչ մեղքս թաքցնեմ, մի պահ շփոթվեցի, բայց գիտակցում էի, որ դա երևի վերջին շանսն էր Հրաշքին իրականում ճանաչելու, ձենս կտրած տեղս նստեցի: Որոշեցի թողնել ամեն ինչ իր հունով գնա: Չէի ուզում, որ իրավիճակն ինձնից կախված լինի:

Շաբաթ օրը ժամը մեկին ծանր ու մեծ մտանք Անենց փարքինգ: Բարձրացանք երկրորդ հարկ, Վալը դուռը թակեց, լռություն էր:
-Երևի սխալ ենք եկել, Վալ:
-Ո՞նց ենք սխալ եկել, դռան վրա ----յան ա գրած: Նենց ես ասում, ոնց որ առաջին անգամ ենք գալիս:

Որոշ ժամանակ անց Անը դուռը բացեց ու ասաց, որ զանգ ունեն իրենք: Բայց դե նենց անհարմար տեղ էր, որ չէր երևում: Միշտ միասին ենք իրենց տուն բարձրացել, զանգը տալու կարիք հեչ չէր եղել: Ինչևէ, մտանք ներս: Ողջագուրվելուց հետո հարցրի՝ մռութը եկե՞լ ա: Անն էլ թե՝ չէ դեռ:
Մտածեցի՝ լավ ա, շուտ հասանք: Վալն էլ ասաց.
-Խաբում ես, եկել ա: Հ, դուրս արի դիվանի տակից: Թաքնվել ա հաստատ: Լսո՞ւմ ես, ո՞ւր ա:

Ես սուս ու փուս մոտեցա պատուհանին ու կանգնեցի տոնածառի մոտ: Անը չիզքեյքը բացեց, Վալի հետ խոսում էին, թե ինչից է սարքված և այլն, մոտեցա մի քանի բան էլ ես ավելացրի: Մեկ էլ Անահիտը թե՝ դե սուրճը դնեմ:

-Չէ, մի՛ դիր: Բա մռո՞ւթը: Ինքն էլ գա, նոր:
-Չէ, ոչինչ, ինքը չի գա,- աչքերը փախցնելով պատասխանեց Անը:
-Կգա՜,- անկախ ինձնից վստահ ասացի, հետո ուշքի եկա,- ո՞նց թե չի գա: Ասել ա՝ չի գալո՞ւ:
Անահիտը մի պահ շփոթվեց, իսկ հետո մի տեսակ հուսախաբ հայացքով ասաց՝ հա, ասել է:

Դե ես գիտեմ, որ Հրաշքի ասածն ասած ա, դրա համար հենց Անն ասաց՝ հա, ասել է, մտածեցի՝ երևի մի բան եղել ա, մի տեղ են կանչել, որովհետև հաստատ գիտեի, որ քնած չի մնացել էս անգամ: Կամ էլ պարզապես ցանկություն չի ունեցել գալու... Կայծակնային արագությամբ եռում էին մտքերը գլխիս մեջ, ու էդ վերջինը հենց մտքովս անցավ, ուսերս թափ տալով ասացի՝ ավելի լավ:

-Ի Վալ, հլը նայի Նարինեի հուսահատ հայացքին: Հուսահատ հայացքով է ասում...

Փորձեցի ժպտալ, չգիտեմ ստացվեց, թե չէ: Էլի ուզում էի շրջվել պատուհանի կողմը, մեկ էլ ա՜յ քեզ հրաշք, միջանցքից Հրաշքը դուրս եկավ, ասելով՝ էդ ո՞վ ասեց «ավելի լավ», ես մի պահ գետինը մտա, բայց ժպիտս տեղն եկավ:

-Ես գիտեի, որ ստեղ ես,- կարծես արդարանում էի: Ու իսկականից, մինչ Անահիտի հուսախաբ հայացք ընդունելը սիրտս վկայում էր, որ Հրաշքը թաքնված էր, բայց Անի էդ հայացքը քանդեց ամեն ինչ: Ինչևէ: Ա՛յ քեզ ռեալ հանդիպում: Չորսով կանգնել էինք, ես պապանձված վիճակում էի: Կինոն միացրին ու հենց Անը գնաց խոհանոց, ես էլ նրա հետ տեսադաշտից կորա...

No comments: