Sunday, May 30, 2010

Գործ անելուց փախչում եմ

Ահագին բանուգործ ունեմ անելու, սենյակումս «հետպատերազմյա» վիճակ է: Նոր գրասեղան էի պատվիրել, ասել էի, որ հունիսի երկրորդ երկուշաբթի օրը բերեն, մտածելով, որ քննություններս հանձնած, վերջացրած կլինեմ ու կկարողանամ հանգիստ սենյակում տեղափոխություններ կատարել, բայց հիմարները հավանաբար չէին հասկացել ու անցյալ երկուշաբթի օրը բերեցին պատվիրածս ապրանքը: Դուռը երբ բացեցի ու ասացին, որ բերել են, ուղղակի շշմեցի: Մի քանի րոպե մենակ բացատրում ու նվնվում էի, որ տեղ չունեմ դնելու, որ դեռ հին գրասեղանից չեմ ազատվել, որ իրենք սխալվել են և այլն, հետո մի կերպ հաշտվեցի իրողության հետ ու բերեցին, հենց սենյակի մեջտեղում սկսեցին հավաքել գրասեղանը:

Ամբողջ օրս անցավ մյուս գրասեղանի դարակները դատարկելով ու հիշողությունների գիրկն ընկնելով... հազիվ նոր գրասեղանի համար տեղ բացվեց, չնայած դա իր տեղը չէր: Սա անկյունային սեղան է, պիտի մահճակալս տեղափոխեմ, որ դրա տեղը դրվի, բայց մահճակալի նոր տեղի համար էլ պիտի որոշ պահարաններից ազատվեմ, մի խոսքով, կարգին հեղափոխություն պիտի արվի սենյակում, որը դասերիս հետ մեկտեղ սիրտ չունեմ սկսելու... Բացի այդ, մենակ չեմ ուզում սկսել: Մաման խոստացել էր, որ ուրբաթ օրն ինձ մի քիչ կաջակցի, որ սենյակը կարգի բերենք, բայց հետո պլանը ձախողվեց: Պարզվեց՝ Ս. տյոտյան պիտի գար, որ մամայի հետ իրենց դասի համար պարապեին: Իսկ երբ Նանն ասաց՝ հանդիպենք, միանգամից համաձայնվեցի ու ուրբաթ օրը մինչ մամայենք պարապում էին, ես Նանի զանգին էի սպասում, որ տանից դուրս գամ:

Մետրոյով գնացինք Universal, միկրոավտոբուսով բարձրացանք City Walk, քայլում էինք, հետո սովածացանք, մտանք մեր պատմական Hard Rock Cafe-ն, կերանք, խմեցինք, զրուցեցինք, հետո գնացինք սեղանի թենիս խաղացինք, հետո մտանք կինո նայելու, հետո դուրս եկանք, չէինք ուզում տուն գալ, բայց եկանք: :( Ճամփին Վալը զանգեց. ուզում էր գալ մեզ վերցնել, երբ ասացի՝ գնանք մի տեղ սրճելու, ասաց, որ ժամանակ չունի: Էլ չթողեցի, որ գա: Մետրոյի վագոնում մի տարօրինակ մարդ էր պտտվում, Նանն արդեն պիտի իջներ, համոզում էր, որ ուրիշ վագոն նստեմ, որ հանկարծ էդ մարդը չվնասի, բայց Նանի գնալուց հետո նա նստել էր վագոնի հատակին ու հանգիստ եսիմ ինչեր էր խազբզում իր համար: Էլ չեմ ուզում մարդկանցից վախենալ ու փախչել: Հոգնել եմ:

Հավես օր էր: Եկա տուն ու սկսեցի իսպաներենի տնայինն անել, երկար տևեց, բայց գոնե պրծա: Դրա նախորդ օրն էլ ներվայնացած էի, դաս անելու հավես չունեի: Էդ պահին թվաց, թե նկարչության միջոցով կարող եմ ներվերս հանգստացնել: Հին տետրերիս հավաքածուի մեջից նկարչության ալբոմս հանեցի, մատիտներս վերցրի, հանգիստ երաժշտություն միացրեցի ու սկսեցի նկարել: Ընկերներիցս մեկին էի նկարել, ոչ ոք չնմանեցրին նրան, բայց հավես էր, թեկուզև մենակ ես եմ նմանեցնում: Երևի իմ աչքերն էդպես են տեսնում : :) Կարելի է շաբաթական մեկ օր տրամադրել նկարելուն:

Էսօր իբր պիտի սկսեինք հեղափոխությունը, քանզի երկուշաբթի օրն ազատ ենք, բայց Վալը համոզեց, որ ամեն ինչ էդպես մնա մինչև քննություններից պրծնենք: Ու հիմա նստած եմ նոր գրասեղանի մոտ, իսկ շուրջս ամենուր գիրք ու տետրեր են շարված: Անհամբեր սպասում եմ տասնօրյա արձակուրդիս, որ ամեն ինչ իր տեղն ընկնի, իսկ հետո սկսեմ ամառային դասերս: Հա՛, Եվրոպան մնաց փշալարերին: Ամռանը ամեն օր լաբորատորիաներում եմ լինելու: Ինչևէ...

Վաղն էլ գնալու եմ... քաղաքից դուրս... միայն թե կարողանամ արթնանալ, թե չէ առանց ինձ կգնան: :(

No comments: