Tuesday, May 25, 2010

Շվարցնեգերին նամակ էի գրում, կիսատ մնաց...

Չեյզը հենց սկզբից զգուշացրել էր, որ իսպաներենի քննությունների ֆորմատը փոխել են: Արդեն հիմնականում բառեր տեղադրելու ու թեսթերի փոխարեն շարադրություններ էին լինելու : Էնքան էլ վախենալու չէր: Մտածեցի՝ ոնց որ սովորական տնային առաջադրանքներն ենք գրում, նույն ձևով էլ քննության ժամանակ կգրենք, բայց...

Առաջին միջանկյալի ժամանակ, երբ բոլորս հավաքվել էինք լսարանի դռան մոտ ու սպասում էինք՝ առաջին խումբը դուրս գա, որ մենք մտնենք ներս, ոչ ոք կարծես դուրս գալ չէր ուզում: Հետո միանգամից բոլորը դուրս եկան, հոգնած ու հիասթափված տեսք ունեին: Նայելով մեր կողմը, միայն մի բան էին ասում՝ դժվար էր...
Երբ հերթը հասավ մեզ, Չեյզը թղթերը բաժանեց, ու երբ թույլտվություն ստացանք սկսելու, բոլորիս աչքերը ճակատներս թռան. երկար տեքստեր էին գրված ու ամեքի տակ մի թերթ տողեր բաց թողնված:

Առաջին տեքստը բավականին դժվար էր, մինչև կարդացի ու պատասխանեցի, մի քսան րոպե անցավ: Երկրորդի վրա էլ մի էդքան գնաց: Չեյզը ընդհատեց, որ լսելու բաժինն անենք: Էնքան արագ էին խոսում, որ բան չէինք հասկանում: Չգիտեինք՝ հարցը կարդայինք, պատասխանը լսեինք, գրեինք, թե եսիմ ինչ անեինք: Էդ մասից էլ պրծանք (մի քանի րոպե տևեց) ու անցանք գրավորը շարունակելուն: Դեռ փորձում էինք հիշել՝ ինչ ենք գրել, որտեղ ենք կանգ առել, մեկ էլ զգուշացրեց, որ հինգ րոպե է մնացել: Էն ինչ պանիկայի մեջ ընկա՜նք, մենակ Աստված գիտի: Միանգամից բացեցի վերջին հարցը: Կարդացի, բան չհասկացա: Ուղեղումս միայն էն միտքն էր, որ չեմ հասցնելու: Ինձ հավաքեցի, մի հատ էլ կարդացի, նոր հասկացա: Միացյալ Նահանգների ու Լատինամերիկյան երկրների առողջապահության սիստեմները պիտի համեմատեինք: Հեշտ հարց էր, բայց ախր ժամանակ չկար: Մեկ էլ հանկարծ տեսա՝ ներքևում գրված է, որ անգլերենով էլ կարող ենք պատասխանել էդ հարցին: Աչքերիս չհավատացի: Նորից նայեցի, էլի զարմացա: Երեխեքից մեկը հարցրեց, թե հաստատ կարո՞ղ ենք անգլերենով գրել: Չեյզն էլ դժգոհ-դժգոհ ասաց, որ դա իր մտահղացումը չի, ու եթե գրված է, ուրեմն կարող ենք: Էհ, դրանից էլ հեշտ բան: Մատիտիս ծայրը մոտեցրի, որ սկսեմ գրել, սաղ մտքերս խառնվեցին իրար: Գլխումս բառերի կեսը իսպաներեն էին պտտվում, կեսն անգլերեն: Նման բան դեռ չէր կատարվել: Չէի կարողանում կողմնորոշվել, թե որ լեզվով գրեմ: Վերջը հազիվ ինձ հավաքեցի ու սկսեցի անգլերենով գրել. ժամանակը քիչ էր իսպաներենի համար: Կես էջ գրեցի, Չեյզը հավաքեց թղթերը: Մնացինք շվարած: :(

Երկրորդ միջանկյալին արդեն սպասելի էր, որ հարցերից մեկին կարող ենք անգլերեն պատասխանել, դրա համար շատ չխառվեցինք: Հետն էլ նենց հեշտ հարց էր. Մարկեսի ու իր գործերի մասին պիտի գրեինք: Հավեսով գրեցի արագ-արագ: Լսելու բաժինն էլ էր հեշտ: Էս անգամ հարցազրույց էր ինչ-որ մինիստրի ու լրագրողի միջև: Լրագրողը հարցազրույզի ժամանակ սկսեց սխալ մեկնաբանել մինիստրի պատասխանները, նա էլ ջղայնացավ: Մեռել էինք...

Կարդալու տեքստը Նոբելյան մրցանակ ստանալու ժամանակ Մարկեսի ասած խոսքերից մի հատված էր, որն էլի ինչ-որ չափով բարդոտ էր, մի քիչ շատ ժամանակ տրամադրեցի էդ մասի հարցերին պատասխանելուն ու մնաց ամենաերկար մասը... Շվարցնեգերին նամակ պիտի գրեինք Կալիֆորնիայի պրոբլեմներից մեկի մասին, փորձեինք ինչ-որ լուծում առաջարկել խնդրին, հիշեցնեինք թե ինչ են արել նախորդ նահանգապետներն էդ հարցի շուրջ, հետո էլ խնդրեինք նրան մի փոփոխություն կատարել և այլն... Վերջում էլ Կալիֆորնիան իդեալական նահանգ դարձնելու մասին պիտի խոսեինք: Ու էսքանին էլի հաշված րոպեներ էին մնացել: Նամակս ափալ-թափալ գրեցի, վերջում արդեն չէի նայում հարցերին պատասխանում եմ, թե չէ, մենակ գրում էի, էն էլ էլի Չեյզը գլխիս վերև կանգնեց: :( Հա՛, անօրինական իմիգրանտների մասին էի գրել: Նամակս կարգին չավարտեցի, սիրուն չէր, բայց դե ինչ անեմ:

Ընդհանուր առմամբ երկրորդ միջանկյալն ավելի լավ էի գրել: Բայց մի պահ ներվայնացա, երբ կարդացի Շվարցնեգերերին պիտի գրենք էդ նամակը: Քննության ֆորմատը որ փոխել էին, ասում էին՝ դուք եթե գնաք իսպանախոս երկրներ, ձեզ չեն ասելու՝ էս ինչ բայը խոնարհեք, այլ խոսելու են, դուք էլ պիտի պատասխանեք... Քիչ էր մնում գրեի՝ ես որ Շվարցնեգերին նամակ գրեմ, անգլերեն կգրեմ, բայց դե ծիծաղելի էր հնչում, վերջիվերջո ուղղակի սովորելու համար էին գրել... Ուֆ, չգիտեմ...

No comments: