Monday, June 21, 2010

Ցնդում եմ արդեն

Քնել չեմ կարողանում։ Շատ եմ ուզում, բայց քունս չի տանում։ Որ քնում եմ, արթնանալ չեմ ուզում։ Այ օրինակ էսօր, աչքերս հազիվ էի փակում ու ինձ ստիպում էի քնել. մինչև ժամը չորսը քնեցի, դրանից հետո չարթնանալու փորձերս անտեղի անցան։ Իսկ հիմա, էս գիշերվա կեսին, սպասում եմ լուսաբացին, որ գնամ դասի։ Էլի դասի, դասեր... էլի նույն բանը, բայց գոնե... հեչ...

Կարելի է ասել՝ հասա ուզածիս։ Բայց ոնց որ մի բան կիսատ լինի։ Չեմ հասկանում, թե ինչ։ Թվում է՝ գոհ պիտի լինեմ, բայց դժգոհ եմ։ Ֆուտբոլ էլ չկա, որ նայեմ։ Հա՛, վերջերս շուտ էի արթնանում (եթե, իհարկե, քնում էի), համարյա ամեն օր ժամը վեցի կողմերը, ու ֆուտբոլ էի նայում։ Աչքիս Արգենտինայի թիմն ա հաղթելու։ Հետաքրքիրն էն էր, որ շաբաթ օրը ժամը ութին արթնացա ու մաման զարմացավ, որ շուտ եմ արթնացել։ Վեցը շուտ չի, ութը շուտ ա փաստորեն։

Ուրբաթ օրը պիտի գնայինք թենիս խաղալու, չստացվեց։ Մամային համոզեցի, որ գործի չգնա։ Ասացի՝ ես կվճարեմ։ Ծիծաղեց վրաս։ Ուղղակի մենակ չէի ուզում մնալ։ Ու մաման գործի չգնաց։ Ես էլ շատ ուրախացա։ Հետո եկան պատերը ներկելու, իսկ ես սկայպով տատիկի հետ էի խոսում։ Հետո անջատվեցի հյուրասենյակի բազմոցին։ Հետո Վալն արթնացրեց։ Մարիամն ու Անահիտն էին եկել։ Մի քիչ նստեցին, սուրճ խմեցինք, գնացին։ Հետո սկսեցի սենյակը դասավորել։ Արդեն երևի քսաներորդ անգամ էի կոմպը մի սենյակից մյուսը տեղափոխում։ Ինչ արած, պատերը չորացել էին։ Ամեն ինչ իր տեղը դնել էր հարկավոր։

Հոգնել եմ...

Էսօր Անահիտի հետ երկար խոսեցի հեռախոսով։ Վաղուց չէինք խոսացել էդպես։

Էնպիսի զգացողություն ունեմ, որ էս շաբաթը կյանքիս վերջին շաբաթն է։ Անահիտին ասացի, որ ուզում եմ հանդիպել մեռնելուց առաջ։ Վերջին հանդիպում... Ծիծաղելի թվաց, բայց ինչ արած։ Միշտ երկար ճանապարհ գնալուց առաջ էսպիսի զգացողություն եմ ունենում։ Այսինքն՝ ոչ թե միշտ, այլ վերջերս։ Էն անգամ էլ ունեի էդ զգացողությունը, երբ իբր քաղաքից դուրս էի գնում, էն էլ Հովոյի՝ ինձ արթնացնելու ջանքերին հակառակ վեր չկացա։

Մի խոսքով՝ որոշեցինք մինչև ուրբաթ հանդիպել ու էս անգամ հավանաբար ավելի տեղին կլինի «Հրաժեշտն» արտասանել։ Վերջին անգամ մետրոյի մեջ էր, որ իջնելուց առաջ Անահիտն սկսեց. «Այստեղ ահա կբաժանվենք, մնաս բարյավ, սիրելիս...»,- ու միասին սկսեցինք մի քանի տող ասել... ։))

Չգիտեմ... Աստված բարին թող կատարի, զգացողություններս էլ թող իրենց չարդարացնեն։ Մենակ չեմ լինելու։ Դարդս էդ ա։ ։(

No comments: