Friday, June 11, 2010

Չեմ սիրում...

Փոքր ժամանակվանից որոշ տարօրինակություններ մնացել են մոտս։ Օրինակ, չեմ սիրում, երբ ինչ-որ բան եմ գնում ու դրանից քույրս էլ է իր համար վերցնում։ Ասենք՝ խանութում մի վզնոց եմ հավանում, վերցնում եմ, ինքն էլ է դրանից ուզում, տալիս եմ իրեն կամ էլ երբ տեսնում եմ՝ ինքն էլ է վերցնում, իմը սուսուփուս հետ եմ դնում։ Կամ որ պայուսակ եմ գնում, գալիս եմ տուն, ասում է՝ վա՜յ, ինչ լավն ա, ես էլ կգնամ առնելու դրանից, ասում եմ՝ վերցրու քեզ։ Չգիտեմ՝ ինչու է այդպես։ Ինչքան ինձ համոզում եմ, որ նորմալ բան է, որ երկուսս էլ նույն իրից ունենանք, չի ստացվում։ Հիշում եմ՝Հայաստանում գնացել էինք սապոգ գնելու, թարսի պես երկուսով նույն սապոգը հավանեցինք, բայց էդ անգամ զիջել չէի ուզում։ Համոզում էի, որ ինքն ուրիշ սապոգ ընտրեր իր համար, ինքն էլ չէր համաձայնվում։ Վերջում տատս ջղայնացավ ու ես փորուփոշման նույնից վերցրի։ Տատս միշտ էր ջղայնանում ու ջղայնանալիս ասում էր՝ ես զարմանում եմ, ոնց որ քույրդ չլինի։ Ախր դրա մեջ ինչ կար զարմանալու։ Քույրս կապ չուներ։ Ուղղակի չեմ սիրում ու վերջ... Բացատրել էլ չեմ կարողանում, թե ինչու... Ոնց որ թութակություն լինի...

Ու մինչև հիմա, եթե մի բան «գտնում» եմ ու ինչ-որ մեկն էլ է դրանից վերցնում, ես ուղղակի էդ առարկայից ազատվում եմ։ Նույնիսկ ծննդյանս օրերին ինչ-որ նվեր որ ստանում եմ ու հետո հանկարծ էդ նույն բանից ուրիշին կամ քրոջս էլ են նվիրում, իմն իմ աչքից ընկնում է։ Ինչքան էլ սիրելի լինի էդ առարկան, մի ձև յուրահատկությունը կորցնում է։

Մենակ մի անգամ է բացառություն եղել. մեր կնունքի օրն ուզում էի սև պուտիկներով զգեստս հագնել, որի կարմիրը քույրս էր հագել, էն էլ ինչ արեցի, մաման չհագցրեց։ Չգիտեմ ինչու, բայց շատ էի ուզում, որ էդ օրը ես ու քույրս նման շորիկներով լինեինք ու մինչև վերջ պնդում էի, որ ես էդ շորով պիտի կնքվեմ։ Մաման էլ ասաց, որ եկեղեցի չենք գնում, ուրիշ տեղ ենք գնում ու էդպես գլխիս տակ փափուկ բարձ դնելով ու ուրիշ զգեստ հագցնելով՝ մեզ տարան եկեղեցի՝ կնքելու։

No comments: