Հիշում եմ՝ երկրորդ դասարանում ուսուցչուհիս սովորեցրել էր, որ 0x1=1։ Տատս որ տետրս բացեց ու էդ տեսավ, աչքերը ճակատը թռան։ Ինչքան ասում էր՝ սխալ է, ես էլի պնդում էի, որ եթե դասատուս էդպես էր գրել գրատախտակին, ուրեմն էդպես էր ճիշտ։ «Ուրեմն դու քո տատին չես հավատում, անգրագետ դասատուիդ ես պաշտպանո՞ւմ»,- անընդհատ կրկնում էր նա։ Էլի ես իմ էշն էի քշում։ Բանը հասավ նրան, որ տատս հետս հաջորդ օրը եկավ դասի, ուսուցչուհուս առանձին մի կողմ կանչեց ու բացատրեց եղելությունը։ Երբ ընկեր Նունեն (ականջը կանչի) մտավ դասարան, մի թունոտ հայացք գցելով վրաս՝ ասաց.
-Չէիր կարող, չէ՞, տատիկիդ ոչինչ չասեիր։
Վատ զգացի։ Ի՞նչ անեի, որ տատս իր հոժար կամքով էր ցանկացել իմանալ, թե ինչ ենք անցնում ու նկատել էր... Դրանից հետո տատիս ասածով/ բացատրածով էի անում տնայիններս, երբեմն էլ դասարանայիններն ուղղում։ Դասատուս էլ սուսուփուս նայում էր տետրիս ուղղումներին ու երեխեքին ասում, որ իրենց մոտ էլ ուղղեին սխալները։
No comments:
Post a Comment