Համալսարանում վերցրածս մասնագիտական դասերից ամենաատելին անօրգանական քիմիայի լաբորատոր դասն է եղել։ Դասախոսս Փ-ն էր։ Հիշում եմ՝ կենսաբի դասերից մեկի քննության ժամանակ Մանեն կողքի աղջկան խորհուրդ էր տալիս, որ Փ-ի մոտ երբեք չհամարձակվի դաս վերցնել, այնքան սպասի, մինչև որ էդ դասն ուրիշ պրոֆեսոր դասավանդի։ Մանեի խոսքերը բառ առ բառ տպավորվել էին ուղեղումս, բայց երբ բանը հասավ էդ դասը վերցնելուն, մտածեցի՝ դա միայն իր կարծիքն էր, կարող է և շատ լավ դասախոս է։ Բացի այդ նկատել էի, որ արդեն մի քանի քառորդ էդ դասը միայն Փ-ն էր դասավանդում, հույս չկար, որ ուրիշ դասախոս կգա։ Մի խոսքով՝ վերցրեցի ու կրակն ընկա։
Ուրեմն Փ-ն չինացի ջահել մարդ էր. գրողի տարած ակցենտի հետ մեկտեղ այնպես արագ էր խոսում, որ բերանս բաց երեսին էի նայում։ Մինչև ես փորձում էի հասկանալ առաջին նախադասությունն ինչի մասին էր, ինքն արդեն մի քանի սլայդ առաջ անցած էր լինում։ Ախր արագությունը հեչ, գոնե հասկանալի խոսեր, մարդ էլի մի բան կքաղեր լեկցիաներից։ Էդպես էլ հետո ես նրան չէի լսում, գնում էի միայն նոթերն արտագրում արագ-արագ ու գնում տուն։
Լաբորատոր աշխատանքն էլ մի ուրիշ գլխացավանք էր։ Տևողությունը երեք ժամ էր, շաբաթական մի օր, բայց մեր ասիստենտ Կրաստինան դաս ուներ, ուստի երկու ժամից ավել չէր թողնում մնանք լաբորատորիայում կամ էլ երբեմն թողնում էր բախտի քմահաճույքին ու ինքը վազում իր դասին։ Հիմնականում պիտի աշխատեինք երեք ժամանոց էքսպերիմենտը երկու ժամում վերջացնել... Մի անտանելի քաոս էր տիրում էդ լաբորատորիայում։ Հարցեր տալ թույլ չէր տալիս, որովհետև ինքը նստած իր տնայինն էր գրում։ Դեռ մի բան էլ ասում էր, որ լուռ աշխատեն ուսանողները, որ ինքը կարողանա կենտոնանալ։ Ինչ արած, ընկել էինք, պիտի քաշեինք։
Ամեն ուրբաթ առավոտ դժկամությամբ էի վեր կենում, խալաթս ու ակնոցներս ճխտում պայուսակիս մեջ ու գնում համալսարան։ Որ վերջացնում էինք օրվա փորձը, ուրախությունից ժպիտ էր հայտնվում դեմքիս։ Օգտագործած իրերը/տարրաները լվանում, չորացնում, սիրուն դարակումս շարում էի ու ուրախ-ուրախ գնում տուն, մինչև նորից մյուս անտանելի ուրբաթը օրը գար ու մի կերպ ճամփեի։ Էլ չեմ խոսում հինգշաբթի օրերի մասին, որ ամբողջ ժամանակս տրամադրում էի էդ փորձերի վերլուծություններն ու հաշվարկները գրելուն։ Ի դեպ, ոնց դարակս դասավորում էի, էդպես մաքուր էլ մնում էր... Միջանկյալի ու քննության ժամանակ Էլ գնացի էն աշխարհ, եկա։ Փ-ի կազմած հարցերն իր նման անհասկանալի էին։Հիշում եմ՝ քննությունից առաջ ոչ մի կերպ չկարողացա քնել, էդպես գերհոգնած ուղեղով էլ գնացի հանձնելու։
Էդ դասից հետո, որ հիշում էի՝ օրգանականի լաբորատորն էլ պիտի վերցնեմ, ինքս ինձնից փախչել էի ուզում, մանավանդ երբ տեսնում էի, որ Փ-ն է դասավանդում։ Մի անգամ նկատեցի, որ ուրիշ դասախոս է լինելու, ուրախությունից ձեռքերս սկսեցին դողալ, ընդամենը մի տեղ էր մնացել դասի համար, էն էլ երեկոյան վեցից մինչև իննի սեսիան էր։ Մտածեցի՝ ինչ ուզում ա լինի, ուշ ա ուշ, պապան կգա կտանի տուն գիշերը, գոնե Փ-ից կպրծնեմ։ Էն էլ մինչև կոդը copy&paste արեցի, արդեն ինձնից առաջ էին անցել... Էդպես էլ ինադ ընկա ու որոշեցի էնքան սպասել, մինչև մի օր մեկ էլ տեսար բախտը ժպտար ու էլի ուրիշը դասավանդեր... Բայց դե էդպես շատ երկար չէի կարող մնալ. բոլոր մանր-մունր դասերը վերջացրել էի, օրգանական քիմիայի լաբորատորը դեռ մնում էր։ Որոշեցի ամռանը վերցնել ու արանքից հանել։ Առանց նայելու, թե ով է դասավանդում, վերցրեցի ու երբ հիշում էի, որ ամռանն ամեն օր էդ քաոսային վիճակում եմ լինելու, սիրտս կանգնում էր։ Հետո, դասերի սկսվելուց մի քանի օր առաջ, ստուգեցի ու տեսա՝ ուրիշ մարդ էր դասախոսը։ Ուրախությանս չափ ու սահման չկար...
Պրոֆեսոր Հենարին էլ թունդ ակցենտ ունի ու շատ ցածր է խոսում, բայց մարդը գոնե կարգին բացատրում է ինչը ոնց ու ինչու պիտի արվի։ Երբեմն ուսանողների շշուկները նրա ձայնից բարձր են լինում, ինքն էլ նախազգուշացնում է, որ կթողնի ու կգնա, բայց դեռ նման բան չի արել։ Միկրոֆոնն էլ էդ մարդու ձայնի վրա չի ազդում։ ։( Ամեն դեպքում, նրան օֆիսում բռնացնել հնարավոր է։ Հարցերին էլ հաճույքով պատասխանում է։ Այ թե Փ-ին մի հատ հարց տայիր...
Լաբում էլ է լավ անցնում։ Համարյա միշտ շուտ ենք վերջացնում փորձերը։ Բոլորը լուռումունջ իրենց գործն են անում։ Քեյլան սկզբում մի քանի անգամ ասաց, որ կարող ենք խոսել, հարցեր տալ իրար, կամ թեկուզ զրուցել, էն էլ տեսավ բան դուրս չի գալիս։ Ո՞վ հավես ունի առավոտ շուտ զրուցելու կամ կյանք պատմելու։ Ես որ հաստատ չէ, քանզի լաբի կեսը միջանցքներում եմ անցկացնում։ Ամեն օր դարակիցս մի քանի բան պակասում է, ու ես ստիպված պիտի դուրս գնամ ու նորն ուզեմ։ Կամ էլ հենց հերթն ինձ է հասնում, պետք եղած նյութը վերջանում է, էլի ես պիտի գնամ բերեմ, ոչ մեկի ֆայմը չի հասնում։
Չեմ հասկանում ինձնից առաջ, այսինքն նախորդ օրը, գազաննե՞ր են աշխատում, թե ինչ։ Ախր ի՞նչ են անում էդքան տարրաները, ո՞ւր են տանում։ Էդ քիչ էր, տաքացնելու սարքն էլ էին փչացրել. մի ժամ տևեց մինչև մի թիքա ջուր եռացրեցի։ Ջրի տարրան էլ ծակել էին, օգտագործելուց կաթում էր ու ներվերիս ազդում։ Ամենվատն էլ այն է, որ ամեն ինչ առանց լվանալու խոթում են դարակի մեջ։ Դրա համար հիմա որ վերջացնում եմ, մի հատ ցայում եմ օգտագործած իրերս ու առանց չորացնելու թողում, գնում։ Վերջերս նկատեցի, որ արդեն իմ հետ աշխատող Մորգանն էլ չի լվանում...
Ինչևէ, կարևորը՝ Փ-ից փրկվեցի։ Չեմ պատկերացնում, որ մի շաբաթ է մնացել լաբի ավարտին։ Օրերը թռչում են....
No comments:
Post a Comment