Saturday, August 21, 2010

Լաս Վեգաս

Ընդամենը երկու օրով էինք գնում, բայց ես ճամպրուկս, որը Վաշինգտոնից վերադառնալուց հետո էլ չէր օգտագործվել, բերնեբերան լցրել էի։ Հովոն անընդհատ հիշեցնում էր, որ շուտ ենք վերադառնալու ու որ պետք չի էդքան բան հավաքել-տանել, բայց իմ վրա չէր ազդում։ Ինչ ձեռքս ընկնում էր, վերցնում էի, էնքան որ շուտ պատրաստ լինեի ու ուղեղս անջատեի։ Ժամը վեցից ոտքի վրա էի...
Ճամփան երկար էր ու ձանձրալի։ Չորս ժամ քշի ու քշի, որ պիտի հասնես, հետն էլ անապատի միջով։ Մի պահ շեղվեցինք ճանապարհից, իջանք մի տեղ հաց կերանք, հետո մտանք Ստարբաքս ու դուրս գալ չէինք ուզում։ Այդ պատճառով էլ նախատեսված ժամից մի քիչ ուշ տեղ հասանք։ Բարձրացանք հյուրանոց, Վալը նախօրոք երկու համար էր պատվիրել, տեղավորվեցինք...
Արդեն հասցրել էինք մինչ հյուրանոց մտնելը խաշվել շոգից։ Լոսում կարգին հով էր. չէինք սպասում էդպիսի փոփոխության։ Բայց դե շոգին ո՞վ էր նայում. ժամանակը քիչ էր ու ինչքան շուտ իջնեինք քաղաք, էնքան լավ։
Հովոն մրցումների էր։ Նախևառաջ հարկավոր էր պարզել մրցման տեղը։ Գիտեինք, որ հյուրանոցի սրահներից մեկում պիտի լիներ, ուստի Հովոյի հետ իջա սրահի տեղը ճշտելու։ Լիքը ժողովուրդ կար, մրցումներն արդեն սկսվել էին, Հովոյենք հաջորդ օրն էին կպնելու։ Հովոյին հարցնում էի, թե իրենց թիմից ոչ մեկին չի տեսնո՞ւմ ու հանկարծ մեկը բարձր կանչեց՝ Հովո՜։
-Նարին, Հովոն կանչում ա, ես գնացի,- ասեց ու վազեց։
Դե արի ու հասի։ Շրջվեցի, տեսնեմ մերոնք էլ են գալիս։
-Հովոն ո՞ւր ա,- անմիջապես հարցրեց մաման։
-Մի ուրիշ Հովո կանչեց, գնացին ներս։
-Երևի տրիներն էր, նա էլ ա Հովո,- ավելացրեց պապան, բայց հետո պարզվեց՝ ուրիշ Հովո էր։ Սաղ Հովո էին...
Մտանք ներս, փոքրերն էին մրցում։ Մի քիչ նայեցինք։ Հովոն ընկերոջ հետ գնաց լողավազան։ Մենք էլ էինք ուզում դուրս գալ, հետաքրքիր չէր փոքրերի «խաղը», ոնց որ մուլտիկներ լինեին, բայց մարզիչ Հովոն մոտեցավ ու հայտնեց, որ շուտով իրենց թիմի մեծերից երկու հոգի են կպնելու, մնանք, նայենք։ Ծանր ու մեծ նստեցինք։ Սկսվեց։
Նենց մի անհագստություն էր պատել, էլ ասելու չի։ Առաջինը Սերգեյ անունով մի տղա էր մեքսիկացու հետ կռվում, շատ լավ սկսեց, մեքսիկացու քիթ ու մռութը արյունլվիկ արեց, բայց էդ մեքսիկացին կատաղեց ու երկրորդ խաղակեսում Սերգեյին երկու անգամ գետնին գցեց։ Մարզիչ Հովոն իրեն ուտում էր, մի պահ թվաց՝ կանոնները խաղտելով կմտնի ռինգ Սերգեյի փոխարեն կռվելու, բայց չարեց։ Ես էլ առաջին անգամ էի էդքան մոտիկ ռինգին ու հոգով-սրտով ուզում էի, որ Սերգեյը հաղթեր։ Բերանս պատռվեց «խփի՜» գոռալով, բայց դե ինչ օգուտ, հաղթանակը տվեցին մեքսիկացուն։
Հաջորդը մեր Հովոյին կանչող Հովոն էր կռվելու։ Նա առանց արյուն հեղելու շատ հանգիստ հաղթեց իր հակառակորդին, սիրտս տեղն ընկավ։ Բոլորը Սերգեյից էին խոսում, համոզված էին, որ հաղթանակն իրենը պիտի լիներ, շատ դժգոհ էին, որ էդպես եղավ։ Մենք թողեցինք դուրս եկանք։ Հովոյին գտնել էր պետք։ Փոխանակ ինքը նստեր նայեր իր թիմակիցներին, մենք էինք նայում, ինքն էլ գլուխն առել գնացել էր։ Չնայած չգիտեր, որ էդ օրը պիտի կռվեին։
Դուրս եկանք, դեռ լողանում էր, ջրից կտրվել չուզեց։ Մենք էլ գնացինք կազինո։ Ես ինքս ինձ խոստացել էի, որ քսան դոլլարից ավելի չեմ ծախսելու կազինոյում։ Էդպես էլ արեցի, էդ քսանով խաղացի ու ընդամենը մի հիսուն դոլլար կրեցի, ոգևորված էդ հիսունը կրվեցի ու մի կողմ քաշվեցի։
Գնացինք հաց ուտելու, հետո պապային համոզեցինք, որ իջնենք քաղաքում ման գանք։ Մի քիչ գնացել էինք, պապան ու Հովոն չդիմացան շոգին ու վերադարձան հյուրանոց։ Մենք էլ շոգն անտեսելով շարունակեցինք քայլել։ Ամեն քայլափոխին ջուր էինք առնում, զարմանում եմ՝ ոնց սիրտս դիմացավ... Ոտքերիս վրա օրվա վերջում կանգնել չէի կարողանում։ Երեկոյան պապան ու Հովոն էլ միացան մեզ, Վալը համոզում էր, որ ինչ-որ շոու գնանք նայելու, բայց էլ հավես չունեի։ Հազիվ հասանք հյուրանոց, մամայենց բարի գիշեր մաղթեցինք իրենց համարի մոտ ու գնացինք մեր համար։ Լափթոփս հետս տարել էի, կարոտով հանեցի, որ միացնեմ, պարզվեց՝ ինտերնետի համար վճարել էր պետք։ Վալն ուզում էր վճարել, չթողեցի։ Մտածեցի՝ առանց դրա էլ կդիմանանք... Լոգանքից հետո միանգամից անջատվեցի։
Հաջորդ օրը շուտ արթնացանք ու գնացինք սրահ։ Հովոները դեռ չէին եկել։ Սպասող հայերից մեկը սկսեց բողոքել.
-Ամեն տարի սենց են անում։ Մեզ ասում են էս ժամին եկեք, իրանք երկու ժամ հետո են գալիս։ Էն անգամ իրիկվա վեցին սկսեցին, էնքան ձգձգեցին, չեն ասում՝մենք էլ ենք մարդ...
Տեսանք որ իրոք միտք չունեն գալու, գնացինք նախաճաշելու, Հովոն մնաց ընկերների հետ պարապելու։ Երբ վերադարձանք ու էլի սպասում էինք, Ներսեսի ծնողների հետ ծանոթացանք։ Ռոբերտը մոտեցավ ու հայտնեց, որ ինչ-որ սխալմունք էր տեղի ունեցել, Հովոյին ու Ներսեսին սև գոտի ունեցողների հետ էին կռվացնելու, ինքը նկատել ու ասել էր էդտեղի աշխատողներին։ Քանի որ բոլոր մրցող զույգերն արդեն նշանակված էին, Հովոյին ու Ներսեսին իրար հետ էին կռվեցնելու։ Մեկ էլ տեսնենք երկու ընկեր տխուր-տրտում եկան։ Բերանները չէին բացվում, որ խոսեին։ Թե էլ Վեգաս հասնելու նպատակը ո՞րն էր, երբ իրենք կարող էին Լոսում էլ կռվել, չէինք հասկանում։
Վերջապես Հովոյենց տարիքի խմբի մրցման հերթը հասավ։ Երբ Հովոյին ու Ներսեսին կանչեցին, էդ պահին մարզիչ Հովոն միամիտ հայտնվեց ու խիստ արտահայտվեց, որ էրեխեքը նույն թիմից են ու ինչ գնով էլ լինի, իրար հետ չեն կռվելու։ Հովոյի համար հակառակորդ չգտան։ Ես ու Վալը մամայենցից հեռու էինք էդ ժամանակ։ Տեսանք, որ մարզիչը մոտեցել էր իրենց ու ինչ-որ բան էր ասում։ Չէինք հասկանում ինչ ա կատարվում։
Հարցական նայեցինք, քիչ անց հայտնվեց մեր մոտ։
-Ախպորդ հետ կպնող չկա դեռ, եթե ինչ-որ մեկը չհայտնվի, իրանից տարիքով մեծերի հետ կկպնի,- մարզիչն սկսեց բացատրել իրադրությունը,- ճիշտ ա, ծեծ կուտի, բայց ոչինչ։
Ասաց ու գնաց։
Ներսեսի հետ մի չինացի դուրս եկավ կռվելու։ Ինչքան հայ կար դահլիճում, ՆԵՐՍԵՍ էր գոռում-գոչում։ Ներսեսի մայրն էլ հենց կողքս էր նստած, նենց հուզիչ տեսարան էր, ջանս փշաքաղվում էր։ Փոխանակ նայեի, թե Ներսեսը ոնց ա կռվում, մորն էի նայում, թե ոնց ա անհանգստանում։
-Խփի, բալես, չվախենաս, խփի, ցավդ տանեմ,- աղաղակում էր մայրը։
-Ոտով խփի, Ներսե՜ս,- գոռում էր պապաս։
-Ներսես, ոտով, լսում ես, Ներսես,- ակամա կրկնում էր Ներսեսի հայրը։
-Չվախենաս, բալես, ուժեղ խփի,- տեղից վեր էր թռնում մայրը։
Առաջին երկու հակառակորդին հաղթեց մեր Ներսեսը, որոնցից մեկին Ռոբերտը նրանից առաջ կրվել էր ու սաստիկ տխրել։ Երրորդ անգամ իրանից երկու անգամ թափով մի տղայի կանգնեցրին։ Խեղճ երեխեն մի հատ վերև նայեց հակառակորդի դեմքը տեսնելու համար ու կարծես թե սարսռեց... Էլի աղմուկ-աղաղակ, բայց Ներսեսի վրա հալ չկար, լեզուն կախ էր ընկել։ Տարվեց։
Հաջորդը Հովոն էր, հեշտ ու հանգիստ ընկավ առաջին տեղ, ինքն էլ անցավ հաջորդ փուլ։ Էլի ասեցին, որ ուզած-չուզած պիտի Ներսեսի հետ կպնի։ Ներսեսը կուլտուրական հրաժարվեց շարունակել, պատճառաբանելով, որ թևը ցավում ա։ Հետո պարզվեց, որ թևի ոսկորը ճաքել էր էն աժդահա տղայի հարվածից։
Էլի մարզիչն եկավ հասավ ( միևնույն ժամանակ տարբեր տարիքի էրեխեքն էին կպնում, մարզիչը տասը կտոր էր լինում մի տեղից մյուսը վազելով) ու սկսեց Ներսեսին ետ պահել հրաժարվելու մտքից։
-Ցավո՜ւմ ա,- թախանձում էր Ներսեսը։
-Քեզ ասում եմ չի ցավում,- գոռում էր մարզիչը։
-Ցավում ա, չեմ կարա խփեմ...
Ներսեսը դուրս եկավ։ Հովոն մնաց առանց հակառակորդի։ Որոշեցին, որ Ռոբերտը փոխարինի Ներսեսին։
Էհ, լավ բան չարեցին, երկու հայ իրար հետ ո՞նց կլինի,- դժգոհեց Ներսեսի մայրը,- մարդ չգիտի ում կողմից լինի։
Ժպտացի... մի տեսակ հիասթափված...
Հովոն ու Ռոբերտը մի հատ մեր կողմ նայեցին, հենց սկսելու հրահանգը տրվեց, իրար աչքով արեցին ու սկսեցին։ Բոլոր հարվածները համարյա օդում էին, իրար շատ մեղմ էին խփում, դեռ էդ ամենի հետ էլ ժպտում քթների տակ։
-Էս ի՞նչ են անում,- հարցրեցի պապային։
-Ես գիտե՞մ ինչ են անում։
-Ոնց որ պարեն։ Ընկերն ա, չի ուզում խփի երևի։
-Երկուսն էլ չեն խփում...
Ոչ մեկի ձայնը չէր լսվում, ոչ ոք ոգևորված չէր գոռում։ Հանգիստ սպասում էին, թե երբ կպրծնեն ու ինչ կորոշվի։
Հաղթանակը տրվեց Ռոբերտին։ Նրա հարվածների քանակը մի հատով շատ էր։ Իրանցից գոհ-գոհ քաշվեցին մի կողմ։ Հետո Ռոբերտը մի ուրիշ զույգի հաղթողի հետ կռվեց։ Էլի աղմուկ բարձրացավ։
-Տեսնում ես՝ ոնց ա խփում, չի խնայում, պա՛պ։
-Հա, դե պարզ էր, պայմանավորվել էին։
Ռոբերտը հաղթեց։ Հովոյի հետ ուրախ-ուրախ գնացին իրենց մրցանակները վերցնելու։
Երբ մեքենայի մեջ էինք, հարցրեցի.
-Այ տղա, չես ամաչո՞ւմ, էն ինչ ձև էիր կռվում։
-He’s my teammate!
-Հետո ի՞նչ։
-Հետո ես մի հատ առաջին տեղ ունեի, ինքն էլ ունեցավ...

No comments: