Sunday, September 12, 2010

Մի քիչ օգօստոսիս մասին։ ։)
Ամառային դասերիս ավարտից մի շաբաթ անց (6) Անահիտի հետ որոշեցինք գնալ Ամերիկանա, բայց հետո միտքս փոխեցի ու առաջարկեցի գնալ համալսարան։ Ավելի ճիշտ, Վալը գնալու էր իր գործերով, խնդրեց, որ իր հետ գնանք, մտածեցի՝ ավելի լավ, համ գրադարանից գրքեր կվերցնեմ, համ Անը տարածքին կծանոթանա, համ էլ կսրճենք։ Բայց Վալի գործը ձգձգվեց, արդյունքում մի քանի րոպեով մտանք գրադարան, մի քանի գիրք վերցրինք ու դուրս եկանք։ Երբ աստիճանների մոտ նկարվում էին, Թագուհուն տեսա պատահականորեն։ Որ իմանայի էդտեղ էր լինելու, իր թղթերը կտանեի հետս։ ։( Հետո պարզվեց՝ ֆուտբոլիստներ էին եկել համալսարան, դրա համար Մարիենց հետ դասերից հետո մնացել էին։ Ինչևէ։
Վալը Պատրիսիայի հետ պիտի հանդիպեր, ես ու Անն էլ սովից մեռնում էինք, Հայլենդում մեզ իջեցրեց, գնացինք պիցա ուտելու։ Շատ երկար թվաց մի քանի րոպե սպասելը, հետո բերեցին պատվերը։ Դրսում արդեն հերթ էր գոյանում, մատուցողն էլ անընդհատ հարցնում էր՝ վերջացրե՞լ ենք, բայց Վալի ձայնը դուրս չէր գալիս։ Պիտի գար մեզ տուն տաներ։ Տեսանք բան դուրս չի գալիս, Անահիտի հետ իջանք մետրո ու գնացինք իրենց տուն։ Նրա մանկության նկարների ալբոմն էինք նայում, մի երկու նկար կար, որ չէի կշտանում նայելուց, մանավանդ երբ Անը նկարվելու պատմությունը պատմեց։ Ծիծաղից մեռել էի։ Հետո Անի պապան սկսեց հարցեր տալ համալսարանի մասին, մի քիչ նստեցինք, մինչև Վալն եկավ։ Տրամադրությունս ահագին բարձր էր։ Չնայած հոգնած էի, բայց հեչ չէի զգում հոգնածությունս։
Դրանից երկու օր անց, ամսի ութին, առավոտյան ժամը ութին պիտի գնայինք պառկ՝ քայլելու, բայց աչքերս բացել չկարողացա ու Անին գրեցի, որ ավելի ուշ գնանք։ Տասի կողմերը հազիվ արթնացա ու գնացինք։ Շոգ եղանակ էր, մի քիչ սար բարձրացանք մեքենայի ճանապարհով, ման գալու հավեսս կորավ, անսամթ տեղ էինք գնացել, մեքենաները շատ էին, մի տեսակ փշերի վրա ոնց որ լինեի, անհանգիստ էի։ Իջանք, որ ուրիշ տեղ իբր գնանք քայլենք, էն էլ Վալի սիրտը սուրճ ուզեց, գնացինք Ստարբաքս՝ նորից պառկ վերադառնալու նպատակով։ Մինչ սուրճը կպատրաստեին, ես ու Անն ազատ սեղան նկատեցինք ու նստեցինք, խոսքով ընկանք, էլ հավես չունեինք վեր կենալու, հենց էդտեղ էլ խմեցինք սուրճն ու գնացինք գրախանութ։ Վալին ինչ-որ գիրք էր պետք, ես էլ «գիֆթ քարտ» վերցրի մի հատ ու գնացինք տուն։ Ընդհանրապես հավես չէր մնացել նորից պառկ գնալու, արդեն ժամը մեկի կողմերն էր, արևը վառում էր։
Հաջորդ օրվա (9) համար պայմանավորվել էինք առավտյան 8:30 թենիս խաղալու գնալ։ Ինձ մի կերպ ստիպելով արթնացա, Անին վերցրինք ու գնացինք։ Մեր բախտից մի կորտն ազատ էր։ Մի քիչ խաղացինք, արևը դուրս եկավ, սկսեցինք խաշվել, էլ հնարավոր չէր շարունակել։ Էլի գնացինք Ստարբաքս, էս անգամ սուրճը վերցրինք ու գնացինք պառկ։ Գնալուց առաջ ոմն ծանոթ անծանոթուհու նկատեցի ոչ այնքան հեռվում։ Պառկում նստարանների մոտ ցուրտ էր, ես ու Անը չկարողացանք նստել, գնացինք արևի տակ կանգնեցինք։ Համ խմում էինք, համ նայում մոտակայքում խաղացող երեխաներին, համ էլ զրուցում։ Դրա նախորդ օրն Անի համար նոր մեքենա էին գնել, փորձում էինք դասերի ժամերը հիշել ու որոշել, թե որ օրը միասին կարող ենք գնալ դասի։ Վալը շտապում էր, աշակերտները պիտի տուն գային, որ պարապեր։ Մտածում էի՝ երկու ժամ ծպտված ինչ եմ անելու տանը։ Արդյունքում էլի Անի հետ իրենց տուն գնացի։ Մտանք ներս, նոր ժամին նայեցի, տասն էր։ Սիրտս կանգնեց։ Ինձ թվացել էր՝ արդեն ցերեկ էր, բայց փաստորեն առավոտ շուտ գնացել էի խեղճ մարդկանց տուն։ Անի հետ իջանք հայաթ, որ մեքենան տեսնեմ։ Նստեցինք մեքենայի մեջ, իջնել չէինք ուզում, մի լավ տնտղեցինք, որոշեցինք, թե դասի գնալուց ով որտեղ է նստելու։ Անը կողքի տեղը Վալին էր տալիս, քանզի նա քշել գիտի, ես էլ գլուխ էի գովում, թե անփորձ վարորդի կողքը նստելու մեծ փորձ ունեմ։ ։Ճ Հետո Արմինե տյոտյայի հետ սրճեցինք, շարունակեցինք նկարները նայել, կինո նայեցինք։ Հետո Անի կարդացած գրքերն էի նայում, ֆեյսբուք մտանք, Վալը նկարներն ուղարկեց։ Պարզվեց՝ աշակերտները չէին եկել, ինքն էլ պատրաստվում էր Արփինեի ու Դայանայի հետ տեղ գնալ։ Էս ամառ էլ Արփիին դեռ չէի տեսել։ Հենց դրա հաջորդ օրն (10) էլ Վալի հետ եկան մեր տուն մի քանի րոպեով, պայմանավորվեցինք կինո գնալ ու վերջապես կարգին տեսնվել։ Վալը Eat, Pray, Love գիրքն էր կարդացել-վերջացրել ու սրտանց սպասում էր ֆիլմի դուրս գալուն։ Դա էինք նայելու, էն էլ երեկոյան 8:30-ին։ Արփին ցերեկը պիտի մնար տանը, որ փոստն ինքը ստուգեր... Լևոնը (եղբայրը) արագ քշելու համար տուգանք էր ստացել, չէր ուզում հայրն իմանար, Արփիին խնդրել էր, որ վերցնի ու պահի ծրարը։ Երկար-բարակ մտածելուց հետո տեսա, որ էդ ֆիլմը դիտել չեմ ուզում, Անահիտին էլ էի ասել նախօրոք, որ միանար մեզ։ Պարզվեց՝ ինքն էլ չէր ուզում։ Որոշեցինք ես ու ինքը Inception-ը դիտել։ Ժամերը տարբեր էին, ստիպված ավտոբուսով պիտի գնայինք, մեր ֆիլմը նայեինք, հետո Ամերիկանայի գրախանութում սպասեինք, մինչև Վալենց ֆիլմն էլ ավարտվեր ու միասին մի բան անեինք։ Չնայած լավ էլ գիտեի, որ շատ ուշ կլիներ, ոչինչ էլ չէինք անի, բայց դե ինչ արած։
Էդ օրն եկավ (13), Անն ասաց, որ Արմինե տյոտյան մեզ կտանի Գլենդել, ավտոբուսի կարիք չկա։ Բարձրացա խաչմերուկ, որ մեր նեղ փողոցը չմտնեն։ Անն էր քշում, նոր մեքենայով էր։ Ճամփին պատահաբար Վիրջինիային հադիպեցինք, կարմիր լույսի տակ կողք-կողքի կանգնել-խոսում էին։ ։) Գալերիայի փարքինգում կանգնեցինք, ես ու Նանն Արմինե տյ-ային հրաժեշտ տվեցինք ու քայլեցինք դեպի Ամերիկանա։ Ֆիլմից քսան րոպե էր անցել, Վալը գրեց, որ իրենք էլ են եկել, բայց իրենց ֆիլմի տոմսերն սպառված են, ուստի սպասում են մեզ։ Մեր Ինսեփշընն էլ գնա, գալիս եմ...Սիրուն աշխատանք էր կատարված ֆիլմի վրա, բայց սյուժեն հեչ դուր չեկավ։ Անընդհատ Անին ուզում էի ասել, որ կեսից դուրս գայինք, էն էլ չէի ասում։ Գիտեի, որ ասեի, իմ խաթր դուրս կգար, առանց իր մասին մտածելու, չէի ուզում էդպես լիներ։ Քունս էլ ահավոր տանում էր, նախորդ գիշերը չէի քնել, ցերկն էլ մի կերպ դիմացել, որ հանկարծ աչքերս փակեի, տեղնուտեղը կքնեի։ Արդեն հինգ րոպե էր մնում ավարտին, Վալը գրեց՝ թեյ ենք ուզում, սպասե՞նք ձեզ, թե՞ մենք գնանք խմելու։ Գրեցի՝ սպասեք։ Դուրս եկանք, սովորության համաձայն կողքերս նայեցի, որ տեսնեմ ծանոթ մարդ կա՞, թե՞ չէ։ Չնկատեցի։ Մի քիչ գնացինք, Վալին ու Արփիին հասանք, ուղղվեցինք մոտակա կաֆեն՝ թեյ վերցնելու։ Շատ թե քիչ գնացել էինք, մեկը ուսիս գցեց թևը, կարծեցի՝ Անն էր, պարզվեց որ չէ։ Հակն էր։
Գնացինք կաֆե, էլի ծանոթ դեմքեր տեսանք, որոնց դեռ էլի էինք տեսնելու հետագայում, թեյը վերցրինք, ուզում էինք դուրս գալ, բայց դե հրաժեշտ տալ էր հարկավոր։ Ասի՝ հիմա ՍՄՍ-ով կասեմ, որ գնում ենք ու կարող ենք գնալ։ Էն էլ Վալը թե՝ հեռախոսին չի նայում։ Մի քանի անգամ ասաց՝ ախր հեռախոսին չի նայում, ներվերս չհերիքեց, ասացի՝ ի՞նչ անեմ, գրեմ հեռախոսդ ստուգի՞։ Արփին ուշքից գնաց։ Հրաժեշտ տվինք ու գնացինք տուն։ Վալը սրտանց ուզում էր դրսում մի տեղ նստել, հանգիստ խմել, բայց շատ ուշ էր։ Ի դեպ, պարզվեց, որ Անահիտն էլ էր վարանել ինձ ասել, որ կինոյի կեսից դուրս գայինք... Փարքինգ գնալիս էլ դիմացից հայեր էին գալիս ու մի աղջիկ ոգևորված խոսում էր, մեկ էլ անկախ իրենից ավելի բարձր տոնով ասաց՝ համ սիրո՜ւն, համ սիթիզե՜ն, արդեն համարյա պարզ էր՝ ինչի մասին էր խոսքը, մեռանք ծիծաղից...
Էդ կիրակի (15) շատ ուշ արթնացա։ Երկու օրվա փոխարեն էի քնել։ Գնացի հյուրասենյակ, Վալն իր կոմպի մեջ էր խորասուզվել, պապան էլ Հովոյին համոզում էր, որ գնան քայլելու։ Նստեցի, բժժած էի, գլուխս դրեցի սեղանին ու աչքերս էլի փակվեցին։ Պապայի աչքից չվրիպեց։ Սկսեց համոզել, որ ես էլ իրենց հետ գնամ քայլելու, որ իմ էդ քնկոտությունը պարապ մնալուց ու նստակյաց կյանք վարելու ձևից է, մաման էլ միացավ, Վալն էլ կողքից, մինչև որ ասի՝ լավ, կգամ, եթե մաման ու Վալն էլ գան։ Տնով-տեղով գնացինք սար բարձրանալու։ Պապան խոստացել էր ինձ հետ հավասար քայլել, տենց էլ արեց։ Մամայի ճնշումը բարձրացավ, չկարողացավ մինչև վերջ բարձրանալ, Հովոն մնաց նրա մոտ, որ կամաց-կամաց գան, մենք էլ շարունակեցինք ճամփան։ Վալն էլ համարյա վազելով էր գնում։
Ուրեմն պապան ասել էր, որ սարի ծերին մի հատ պարտեզ կա ու նենց սիրուն էր էդ պարտեզը նկարագրել, որ ասի՝ չեմ հավատում, որ նման բան կլինի, ինքն էլ թե՝ կգաս, կտեսնես։ Ճամփին հենց ասում էի՝ հետ դառնանք, ասում էր՝ չէ, պիտի պարտեզը տեսնես, քիչ ա մնում, համ էլ էլ շատ բարձրանալ չկա, ուղիղ ա ճամփեն, էս ա հասնում ենք։ Ի՜նչ հասնել, երկու ժամ բարձրացանք, բարձրանալն էլ ի՜նչ բարձրանալ, վրես հալ չէր մնացել։ Պարտեզին հասանք, բայց աչքիս էլ պարտեզ չէր երևում։ Սարից իջնելիս էլ մի պահ հեռախոսով տեքստ էի հավաքում ու առանց դիմացս նայելու իջնում, մի պահ պիտի գլորվեի ձորը, թևիցս բռնեց սիրելի հայրիկս ու էլ չէր թողում ճամփի եզրով քայլել։ Հասանք մեքենային, սպասում էինք, որ մաման ու Հովոն էնտեղ կլինեն, դու մի ասա չէ՛, մեր հետևից ահագին գնացել էին, զգացել էին, որ չեն հասնում մեզ, նոր ետ էին դարձել։ Վերջը իրար գտանք ու գնացինք տուն։ Ոտքերս բռնվել էին...
Հաջորդ օրը, 16-ին, Անահիտի ու Արմ տ-ի հետ գնացինք համալսարան՝ փարքինգի հարցով։ Էն էլ չտվեցին թղթերը, շուտ էինք գնացել։ Մտանք խանութ, գլխարկ էի ուզում գնել, իմ ուզած գույնը չկար։ Գնացինք գրադարանի հայերեն գրքերի բաժինը, ահագին խոսեցինք, գրքեր ընտրեցինք, անցյալից հիշեցինք, հետո գնացինք Քըրքաֆի կաֆեում սրճեցինք ու վերադարձանք տուն։ Վալը քոլեջում որոշ գործեր ուներ, գնաց, ես էլ մնացի մենակ։ Գժվում եմ մենակությունից։ Էլ առաջվանը չեմ։ Հենց եկավ, գլուխը տարա, որ մի տեղ գնանք։ Անահիտին գրեցի կարտերը վերցրու գնանք պառկում մի կանաչ տեղ նստենք։ Վալն էլ Մարիամին ասեց։ Գնացինք։ Մարիամն էլ ուրիշ խաղ էր բերել, սկսեցինք դա խաղալ, հետո հոգնեցինք ու սկսեցինք քայլել, բայց էդտեղ հետաքրքիր տեղ չէր քայլելու համար, ուստի որոշեցինք գնալ աստղադիտարան, բայց մինչ այդ իջանք Ստարբաքսից սուրճ վերցրինք։ Երբ աստղադիտարանի մոտ իջանք մեքենայից, մեկը սիգնալ տվեց։ Աղասին էր։ Սկսեցինք քայլել նախորդ օրվա պապայի տարած ճանապարհով։ Հետաքրքիր էր, Աղասին անցնում էր կողքներովս՝ առանց բարևելու։ Մի պահ էլ երբ աստղադիտարանից իջնում էինք, քար լռություն տիրեց։ Անահիտին միամիտ ասեցի.
-Էս չլինի՞ էլի ծանոթիդ տեսաք։
Անը թեթև խփեց ձեռքիս՝ նշան տալով, որ էդպես էր ։ Չէի նկատել...
Կարծեմ էդ շաբաթվա վերջում էր, որ քանի գիշեր չկարողացա քնել։ Ինձ ոնց ստիպում էի, ինչ անում էի, քունս չէր տանում։ Օգոստոսյան ամենավատ օրերս էին։ Ընդհանրաապես որ գիշերները չեմ քնում, ինչ որ բանով զբաղվում եմ։ Ասենք՝ կամ կինո եմ նայում, կամ ինետում սավառնում, կամ կարդում, բայց էդ մի քանի օրն ուղղակի նստում էի մթության մեջ առանց որևէ բան անելու, արդեն չէի էլ փորձում պառկել, գիտեի, որ քնելն անհնար էր... Անընդհատ նույն հարցն էր պտտվում գլխիս մեջ... Շաբաթ առավոտյան էլ հենց մամայի ոտնաձայները լսեցի, գնացի նրա մոտ ու առաջին անգամ կարողացա ասել, որ հոգնել եմ ամեն ինչից, որ էլ չեմ կարողաանում քնել, որ ուզում եմ հեռանալ... Նրա «ինչուներին» խուսափողական «չգիտեմներ» էի պատասխանում, հետո հասկացա որ չպետք է ասեի ոչինչ, շեղեցի ու ասացի՝ քաղաքից եմ ուզում հեռանալ, դուրս գալ, օրինակ՝ գոնե մի լիճ գնալ։ Ցերեկն արդեն կազմ ու պատրաստ էին մերոնք, պիտի դուրս գայինք, զգացի որ ինքս ինձ խաբում եմ, ես ախր էդ չէի ուզում, ահավոր նեղություն եկավ վրաս ու նստած տեղս սկսեցի հոնգուր-հոնգուր լաց լինել։ Հանգստանալ չէի կարողանում։ Հրաժարվեցի գնալ, Վալն ու Հովոն էլ թե՝ Նարինը չի գալիս, մենք էլ չենք գալիս, մաման ու պապան էլ նեղվեցին։ Ասի՝ ես էսորվա համար չէի ասել... Ուստի հաջորդ օրն (22) ինձ մի կերպ ստիպելով մերոնց հետ գնացի լիճ։ Էդ օրն էլ վատ երազ էի տեսել, Վալն անընդհատ պտտվում էր կողքս, որ հանկարծ բան չպատահի։ Ասենք՝ չէր թողնում խոտերի վրայով քայլեմ, որ հանկարծ օձ կլիներ ու կկծեր, իսկ ինձ համար միևնույնն էր էդ օրը, թե ինչ կլիներ, կամ չէր լինի, ու էդ անհանգստությունն էլ ծիծաղելի էր թվում։
Պապան խորովածն էր սարքում, մաման խորոված բանջարեղենն էր կտրտում (սալաթ սարքելը միշտ իմ վրա է, բայց էդ օրը ոչ մի բանի տրամադրություն չունեի), Վալն ու Հովոն հազիվ ազատ տարածություն էին գտել, գզվում էին, մինչև պապան նկատողություն արեց։ Վալն եկավ կողքս նստեց ու սկսեց համոզել, որ իրենց պիկնիկին գնամ։
-Հավես չունեմ,- ասացի։
-Ես էլ չունեմ, ճիշտն ասած։
-Չունես, մի գնա, քեզ ո՞վ ա ստիպում։
-Չբռնե՞մ ու չգնամ։ Էհ, կասեն՝ ինչի՞ չես գալիս։
-Ինչ ուզում ես, արա։ Կարաս մեղքը իմ վրա բարդես։ Ասա՝ քույրս չի գալիս, ես էլ չեմ գալիս։
-Շատ ճիշտ ա,- պապայի դուրն եկավ,- եթե քույրդ չի գնում, դու որպես ինչ ես մեյդան ընկնում։
-Էհ, Վալիկ, հիմա ուզես էլ, չեն թողնի մենակ Ռոդոնդո հասնես, ինքդ քեզ կրակը գցիր,- մտածեցի ու Վալին աչքով արեցի։
Որոշվեց, որ ինքն էլ չի գնում։ Միայն թե իմանայի գլխիս գալիքը...
Հաջորդ օրը պիտի գնայինք թենիս խաղալու, համ էլ Վիրջինիան Մարիամենց հետ պիտի ծանոթանար, էն էլ պարզվեց՝ չի գալու։ Էդ օրվա մասին ստեղ գրել եմ։
27-ին վերջնականապես որոշվեց, որ գնում ենք պիկնիկին։ Չնայած մինչև վերջ էլ գնալ չէի ուզում, ուղղակի խոստացել էի... Վալը հրավիրված էր Վիջինիայենց տուն։ Ինչ-որ հավաքույթ էր կազմակերպել Լոս վերադառնալու առթիվ։
28-ին ամբողջ օրը պիկնիկի էինք, որի մասին նախընտրում եմ լռել։
29-ին Վալի աշակերտներն եկան, իսկ ես էդ ընթացքում լուռ «հիանում» էի արևից վառված դեմքովս։ Ծովում ընդամենը կես ժամ էի եղել, աղջիկներով իջանք ծովափ, հետո Մուրադն ու Հայկն էլ եկան։ Արևը համարյա մայր էր մտնում, բայց լավ էլ իր արածն արել էր... Գլխացավս սկսեց հանգիստ չտալ, եկա կոմպիս մոտ, բայց շուտով Վալն եկավ վերցրեց այն։ Իր լափթոփը դանդաղ էր աշխատում, էրեխեքի համար ինչ-որ վարժություններ պիտի հաներ ինետից շտապ, մնացի մենակ, ավելի ճիշտ՝ գլխացավիս հետ... Քիչ անց Անահիտը ՍՄՍ գրեց՝ ո՞ւր եք կորել, ի՞նչ է պատահել։ Պարզվեց՝ ՄՍՆս միացրած էի թողել, գրել էր, Վալն էլ ձայն չէր հանում։ Վալին էլ ՍՄՍ էր գրել, բայց նա աշակերտներով տարված էր, չէր պատասխանել։ Վիրջինիան իրենց տուն էր հրավիրում, Անն ուզում էր իմանալ՝ գնո՞ւմ ենք, թե՞ չէ։
Սպասեցինք մինչև Մարիամը հասավ տուն, իրեն ու Անահիտին վերցրինք ու գնացինք Գլենդել։ Շատ հարմարավետ բնակարան էին վարձել Վիրջինիայենք, շատ հավես անցավ։ Նրա մայրը թեյ հյուրասիրեց ռուսական ձևով, զրուցեցինք, հետո Վիրջինիան ֆիլմ միացրեց, որ նայենք, բայց կիսատ մնաց։ Մենրոնց խոստացել էինք կոնկրետ ժամի տանը լինել, որ մի վայրկյան ուշանայինք, հաստատ լավ չէր լինի։ Ստիպված վեր կացանք, եկանք տուն։
Հաջորդ օրն էլ Արփինեի ու Դայանայի հետ պիտի կինո գնայինք։ Լևոնն էր տոմսերը պատվիրել ու ինքը Սանտա Բարբարա գնացել։ Գնացինք Բըրբանք, սովից մեռնում էինք, մտանք չինական ռեստորան սնվելու։ Առաջին անգամ էի Դայանային հայերեն խոսելիս լսում։ Միշտ թվացել էր, որ նա հայերեն խոսել չգիտի, որովհետև համալսարանում ինչքան հանդիպում էի, անգլերեն էր խոսում։ Ինչևէ։ ՈՒտելուց հետո վազեցինք կինո։ Ինձ հեչ դուր չեկավ ֆիլմը (Bad Teacher), մյուս տարի էկրաններին ցույց կտան երևի։ Բոլորիս սըրվի լրացնել տվին, մանրամասն պիտի գրեինք կինոյի որ մասն էր լավ, որ մասը՝ վատ, որ հարկ եղած դեպքում փոփոխման ենթարկեին։ Զարմանալին այն էր, որ պատահաբար Անիին ու Ազիկին հանդիպեցինք։ Իրենց տատը գյուղում մեր հարևանն էր, որ Ամերիկայից նամակ էր ստանում, կանչում էր, որ մենք կարդանք, նկարներն էլ միշտ ցույց էր տալիս։ Հետո որ եկանք ստեղ, սոցիալական ցանցերից մեկում մի օր անսպասելիոեն ճանաչեցի նրանց՝ հիշելով տատի ցույց տված նկարները, գրեցի, պարզվեց, որ իրենք են, բայց ռեալում մինչև հիմա չէի հանդիպել։ Վալն էր մի քանի անգամ հանդիպել Անիին։
Մի խոսքով՝ օգոստոսն էդպես ճամփեցի։ Հասցրեցի հանդիպել բոլոր նրանց, ում սրտանց ուզում էի հանդիպել...
Սեպտեմբերն էլ իր աշխուժությամբ չի զիջում նախորդ ամսվան։ Ամսի վեցին Անահիտենց հավաքույթին էինք, հետաքրքիր անցավ։ Յոթին նորից հրավիրեցին սուրճի, հավես էր։ Հետո Անահիտի ու Վազգենի հետ ես, Վալն ու Հովոն գնացինք կինո՝ The American-ը դիտելու։ Էս տարվա դիտածս ֆիլմերից ամենա-ամենաանկապ ֆիլմն էր։ Բոլորիս քունը տարավ, էս անգամ մենակ ես չէի։
Դրա հաջորդ օրն (8) էլ գնացինք համալսարան էլի Անի ու Արմ տ-ի հետ։ Փարքինգի հարցերը լուծվեցին, գրախանութից գրքերս գնեցի, պատահական Լուսիին հանդիպեցինք։ Հեչ չէի պատկերացնում, որ նա մի օր կորոշի մեր համալսարանում սովորել։ Հայաստանում բժշկականն էր ավարտել, ստեղ էլ լավ գործի է, տեսնես՝ որտեղի՞ց է միտք ծագել շարունակել ուսումը։ Լավ է, գոնե հաճախ կհանդիպենք արդեն... Գրադարան էլ գնացինք նորից, էս անգամ շատ ժամանակ ունեինք, հանգիստ նայում էի ինչ կար-չկար։ Արմ տ-ն Դիքենսի «Դ. Կոպերֆիլդը» նկատեց, վերցրեց պահարանից, բացեց, տեսավ մեջը բիլ կա։ Խոսում էինք՝ տեսնես ով է մոռացել էդպես, թողել գրքի մեջ, ինֆորմացիան քարտի հանգիստ կարող էր տեսնողն իմանալ... Հանկարծ հիշեցի, որ ես էի էդ գիրքը տարել կարդալու, էն էլ մի քսան էջից շատ առաջ գնալ չէր ստացվել, վերադարձրել էի։
-Էդ հաստատ իմն ա, գիտե՞ք,- հայտնեցի նրան։
Անահիտը վերցրեց բիլը, կարդաց անունս, ուշքից գնացի։ Չգիտեմ՝ ոնց չէի նկատել... Հետո էլ զարմանալու էի, թե ինչու է քարտս դատարկ, լավ է նկատեցինք։ Նորից եկանք Անենց տուն սրճելու, որից հետո պիտի Արփիին հանդիպեինք։ Գնացինք մի տեղ հաց ուտելու ու բարի ճանապարհ մաղթելու։ Հայաստան է գնում։ Հեչ չէր ուզում գնալ, հոր խաթր ընդամենը մի շաբաթով է թռնում։ Նստած զրուցում էինք, հանկարծ Սոֆին հայտնվեց, էլի պատահաբար։ Վերջերս պատահական հանդիպումներն ինչ որ շատ են....Չգիտեմ...
Հիմա Արփին ինքնաթիռի մեջ է։ Երանի իրեն։ Երևի գիրք է կարդում։ ։)

No comments: