Friday, October 29, 2010

Ես ու օձերը

Ամռանը Հոլիվուդի սարերը հաճախ էինք բարձրանում էրեխեքի հետ։ Մի օր էլ իրենց հարմար չէր, ստիպված ես ու Վալը մենակ գնացինք։ Ուշադիր նայելով գնում էինք, որ հանկարծ օձ կամ եսիմ ինչ ոտքի տակ չընկներ։ Մեկ էլ իջնելուց Վալը նենց աղաղակեց՝ օ՜ձ, որ ես միանգամից կանգ առա ու տեղումս քարացա։ Վախից գլուխս չէի շարժում ու հազիվ ինձ տիրապետելով հարցրի՝ ոտքիս մո՞տ ա։
-Չէ։
-Բա ո՞ւր ա, մոտի՞կ ա։
-Չէ։
-Կարա՞մ շարժվեմ, թե կկծի,- արդեն սրտիս ձայնը լսում էի։
-Ստեղ չի, հետքն ա մնացել, դու էլ վրեն կանգնել ես։
Էդ որ ասաց, ներքև նայեցի... Իսկապես երկար սողունի հետք էր, հավանաբար նոր էր անցել... Որ բարձրանում էինք, ոչ մի հետք չկար... Ինչևէ...Դրանից հետո էլ սար բարձրանալու չգնացի...

Կենդանիներից մահու չափ վախենում եմ միայն օձերից։ Ուզում է թունավոր լինի, ուզում է՝ անվնաս, վախենում եմ։ Ինչքան էլ ասում են, որ ձեռք տամ կամ բռնեմ, վախս կանցնի, չեմ հավատում։ Ինձ թվում է՝ հենց ես օձին ձեռք տամ, սիրտս կկանգնի, կամ էլ, լավագույն դեպքում, կուշաթափվեմ։
Թարսի պես էլ մեր գյուղում օձից շատ ուրիշ կենդանի չկար երևի։ Հենց եղանակը տաքանում էր, ես ընկնում էի հոգեվարքի մեջ։ Մերոնք դուռ-պատուհան բացում էին, ես՝ փակում, որ հանկարծ տունն օձ չմտնի։ Իրենք էլ ջղայնանում էին թե՝ էս ով է պինդ-պինդ դռները փակում։ Գիշերներն ինչքան էլ շոգ լիներ, ոչ մի դեպքում չէի թողնում, որ քույրս պատուհանը բացեր։ Միայն երբ որ գիրք էի կարդում, լույսը միացրած էր լինում, էդ դեպքում էի բացում պատուհանը, մտածելով, որ հենց օձը գլուխը հանի, բարձր կգոռամ, պապան կհասնի օգնության։ ։D Գիրք կարդալուց հետո էլ թե էն ինչ ահ ու վախով էի գնում պատուհանը փակելու, Աստված գիտի։ Թվում էր, թե օձը դրսից թռնելու ա վրաս ու կծի։ Ինչքան ինձ համոզում էին, որ նման բաներ չեն լինում, վրաս չէր ազդում։
Հիշում եմ՝ մի անգամ տատիկս հյուր էր եկել, մեր տանը մնաց։ Ինչքան համոզեց, որ պատուհանը բացեմ, շոգից խեղդվում էին, չհամաձայնեցի։ Քրոջս հետ խեղճ կինը դուրս եկավ մեր բակի բազմոցին քնելու։ Ես էլ հերիք չի օձերից վախում էի, մենակ մնալ էլ չէի ուզում։ ։D Դուրս եկա իրենց կողքը նստեցի։ Երևի միայն էդ գիշեր եմ աստղերին էդքան երկար նայել ու մի հազար անգամ հաշվել, հաշիվը կորցրել, նորից սկսել ու տենց շարունակ։ Աչքերս փակվում էին, անընդհատ լվացվում էի, որ հանկարծ նստած տեղս չքնեմ ու թե հանկարծ մի օձ որոշի մոտենալ մերոնց, ես էլի բարձր գոռամ։ Հետո մի պահ տատս արթնացավ, խղճաց ինձ երևի, հետս եկավ սենյակ, որ քնեմ։ Առավոտյան էլ գոհ-գոհ ասաց, որ հենց քնել էի, ինքը էլի գնացել էր բակ։ ։(
Մեր տան տակը դեռ շատ վաղուց օձեր կային։ Մյուս տատս միշտ պատմում էր, որ երբ հայրս մի քանի ամսական է եղել, նրան թողել է գորգին մենակ նստած, ինքն էլ իր գործերով է տարվել։ Հանկարծ տեսել է, որ էրեխեն «օձի հետ խաղ է անում», բայց օձը ոչ մի վնաս չէր տվել։ Ասում են՝ «ընտանի» օձերն իրենց տանտերերին չեն վնասում, եթե նրանք իրենց չեն խանգարում։ Տարիներ անց տատիկիս ցուցամատը խաղողի տերև հավաքելու ժամանակ օձը կծել էր։ Տատս պնդում էր, որ դա մեր օձը չէր, թե չէ չէր կծի։ ։D Ինչևէ, տատիս հասցրել էին փրկել, բայց մինչև հիմա բողոքում է, որ էդ ձեռքը թմրում է ու միշտ հիշեցնում, որ օձի պատճառով է Էդպես։
Էդպես ամեն տարի մեր տան տակից մի օձ պիտի դուրս գար։ Ասենք՝ ամռանը հայաթում հաց ուտելու ժամանակ ինչ-որ մեկը (ինչքան էլ ուզենայի, էդ մեկը ես չէի) կնկատեր, թե պատի ու գետնի միջև եղած անցքից ոնց է օձը դուրս գալիս, ու էդ օձի ետևից կընկնեին, որ հախից գային։
Մի օր պապիկիս հետ միրգ էինք ուտում (առաջին կամ երկրորդ դասարանցի էի էդ ժամանակ), հանկարծ ասաց.
-Գնա մի հատ հլը պատի տակից փետի կտոր բեր։
Զարմացա, թե փայտն ինչին էր պետք։ Փայտն էլ էդ ժամանակ ջարդած, շարված էր ավտոտնակի կողքի հատվածում։Հարցրեցի, թե ինչու էր ուզում, ասաց.
-Դե բեր էլի, որ ասում եմ։
Ես էլ իմ ասածին էի շատ։ Մինչև չիմանայի, չհասկանայի ինչն ինչոց էր, տեղիցս չէի շարժվի։ Էդպես էլ ասացի.
-Մինչև չասես, չեմ բերի։
-Օձի ճուտ աչքովս ընկավ,- շատ հանգիստ տոնով պատասխանեց պապս։
-Ինչի՞ ճուտ,- լավ չլսեցի, քթի տակ էր ասել։
-Օձ տեսա, ասում եմ, գնա մի հատ փետ բեր։
-Օ՞ձ,- սիրտս կանգնեց։ Գնացի պապիս թևի տակ մտա,- չէ, պապի, բա որ ընդեղ էլ օձ լինի։
Խեղճ մարդը տեսավ բան դուրս չի գալիս, ինքն իրա ոտքով գնաց փայտ վերցրեց ու սկսեց բակում ինչ կար-չկար տակնուվրա անել։ Ոչ մի օձ էլ չգտավ, բայց մի քանի օր շունը անընդհատ մռռում էր, ու թվում էր՝ էդ օձը դեռ տարածքում էր։ Շատ ուժեղ վախ էր մտել մեջս։ Աչքերս չորս արած էի ման գալիս բակում։
Մի իրիկուն էլ մաման խնդրեց, որ խալաթը ներսից բերեմ։ Գնացի վերցրի, արագ-արագ դուրս եկա բակ, չստերս հագնելու ընթացքում որ արագ շրջվեցի, թվաց, թե օձ անցավ ոտքերիս մոտով։ Մի աղմուկ-աղաղակ դրեցի, սկսեցի լաց լինել, պապաս ու պապիկս եկան էլի քանդուքարափ արեցին բակը, օձին չգտան։ Հետո որոշ ժամանակ անց հասկացա, որ ոչ թե օձն էր կողքովս անցել, այլ խալաթի գոտին էր կախվել, ու որ արագ պտտվել էի, գոտին էլ քաշել էի հետս, էնքան վախեցած էի, որ թվացել էր՝օձ էր... ։D Դրանից մի երկու օր հետո այգու ու բակի միջև ընկած տարածքում պապան մի հատ երկար կարմիր օձ էր նկատել ու գլուխը ջախջախել։ Եզրակացրեցին, որ պապիս տեսած օձն էր ու իմ սիրտը տեղն ընկավ։ Մի հիսուն անգամ հարցրեցի պապիս, թե իրոք իր տեսա՞ծն էլ էր կարմիր։ Ախր ահագին էլ մեծ էր, թե ինչու էր «ճուտ» ասել, չգիտեմ... Բայց դե համոզեց, որ հենց իր տեսած օձի վերջը տված էր...
Շարունակելի...

No comments: