Զարթուցիչս զնգաց։ Անաջատեցի։ 10:30-ի վրա դրեցի։ Մտածեցի՝ իսպաներենին չեմ գնա, մեկ ա ոչինչ չենք անում, շատ անհետաքրքիր ա անցնում, ժամին նայելով հոգնում եմ դասի ժամին, Էդուարդն անվերջ իր հայրենիք Պերուից ա պատմում, հորեղբայրներից, տատից ու եղբայրներից, ոնց որ հեչ իսպաներենի դաս չլինի, այլ իր կենսագրության մասին... Չեյզի դասերը կարոտել եմ։ ։(
Աչքերս փակել էի, Վալն անընդհատ բզզում էր, որ վեր կենամ։ Էնքան արեց, որ քունս փախավ։ Ինքը գնաց բենզին լցնելու ու կոֆե առնելու, ես սկսեցի պատրասվել, մինչև եկավ ու գնացինք։ Մի րոպե ուշացումով մտա լսարան, Ստեֆը տեղս պահել էր, նստեցի։ Ալարում էի խոսել, խեղճ աղջիկն ինքն իրեն խոսում էր, սկի չէի էլ լսում, թե ինչ էր ասում։ Հետո Էդուարդը քուիզ տվեց, գրեցինք ու դուրս եկանք։
Երկու ժամ ազատ էի, գնացի ջեո-ի գրադարան։ Նախորդ օրն էլ մինչև երեկոյան տասն էնտեղ էինք, հոգնել էի, Վալին էնքան խանգարեցի, մինչև տեղից վեր կացավ ու եկանք տուն։ Հետո էլ չկարողացավ դաս անել. պատճառը ես էի։ ։(
Ինչևէ, էդ երկու ժամն սպանելուց հետո իջա լաբ։ Դասախոսը էրեխեքի հարցերին էր պատասխանում։ Լեոն մոտեցավ ու հարցրեց, թե ինչու շուտ չէի գնացել։ Բան չասացի։ Ուղղակի հավես չունեի։ Հարցրեց՝ լաբից հարցեր ունե՞մ։ Ասի՝ չէ։ Միշտ հարցնում ա, ասում եմ՝չէ։ Ասեց. «Երբեք հարց չես տալիս, ամեն ինչ սուսուփուս անում ես, բայց օֆիս գնացողները ինչ հարց ասես տալիս են, թվում է՝ գիրքը չեն կարդում, կողքից նայում եմ ու զարմանում, որ հասարակ բաները չգիտեն...Կիմն էլ ամեն ինչ բացատրում է, ու նրանք շատ հեշտ ու հանգիստ պրծնում են։ Դու էլ շուտ արի ու լսի։ Առաջադրանքներն ստուգելուց նկատել եմ, որ ով Կիմի մոտ գալիս է, նա համեմատաբար բարձր է ստանում, որովհետև Կիմն ասում է, թե ինչ է հարցնելու քննությանը։ Լսի ինձ ու արի»։ Բան չասեցի, միայն լսում էի։ Լավ ա Էնդիենք եկան ու շեղեցին խոսակցությունը։
Էնդին գիշերը չէր քնել, լաբին գլուխ էր պահում, ստիպված ամեն ինչը ես արեցի։ Մի անտանելի սովորություն ունի. կատակով սուտ ա ասում, ես էլ հեշտությամբ հավատում եմ։ Քանի անգամ շփոթեցրեց ու վախեցրեց, որ սխալ նյութեր եմ խառնել, վերջում քիչ էր մնում գիրքս պլպլան գլխին տայի։ ։)
Երբ մի քանի րոպե ազատ էինք, սկսեց իր հեռախոսի նկարները ցույց տալ։ Հիմնականում իր պատրաստած ուտեստների նկարներն էին։ Մեռածի ձեռքից լավ էլ գալիս ա եփել-թափելը։ Մեկ էլ նռան հյութ էր սարքել, դա էլ էր նկարել։ Նայեցի, բան չասեցի։ Մի ժամ անց սպեկտրոֆոտոմետրի մոտ էի, բարձր «Նարին» կանչեց, շրջվեցի տեսնեմ՝ պայուսակս է ուսումնասիրում։ Մեկ էլ թե՝ պայուսակիդ վրա նուռ կա։
-Գիտեմ,- ինքնաբերաբար ժպտացի։
-Ուրեմն դու գիտե՞ս նուռն ինչ է։
-Հա,- սկսեցի ծիծաղել,- ինչո՞ւ պիտի չիմանայի։
-Որ նկարը ցույց տվեցի, ոչինչ չասացիր։
-Ի՞նչ ասեի։
-Ասեիր, որ գիտես, կերել կամ խմել ես... Բայց սա որտեղի՞ց ես գտել ու ինչո՞ւ ես կախել պայուսակիցդ։
-Հուշանվեր է։ Ընկերուհիս էր վերջերս Հայաստանից բերել, ես էլ հենց այնպես ամրացրել եմ պայուսակիս։
-Օո՜ւ, Հայաստանում կա՞ նուռ։
-Հա՛,-զարմացած էի նրա զարմանքի վրա։
-Հետաքրքիր է... Ես գիտեի, թե միայն արևելյան երկրներում է աճում։
Պատրիկը մոտեցավ, Էնդին սկսեց նրան պատմել իր «հայտնագործության» մասին. Հայաստանում էլ ա նուռ աճում։
Քիչ անց փորձանոթները տվեցի ու խնդրեցի, որ հերթով նշի, թե որի մեջ ինչ էր, որ չխառնենք հետո։ Գնաց, եկավ թե՝ չնկատեցի, որ մեջը բան կար, թափեցի։ Ոնց որ գլխիս եռացրած ջուր լցնեին։ Հիասթափված կանգնեցի, ասի՝ ես էլ չեմ սարքի, արի հիմա էլ դու արա։ Մեկ էլ որ չասեց՝ կատակ էի անում, էլ չգիտեի ինչ անել։ Տեսավ չեմ խոսում, մնաց-մնաց ասեց՝ երեկ քեզ Պատրիկը վախեցրել է, չէ՞...
Նախորդ օրը ականջակալներն ականջիս, լարված նստած էի գրադարանի կոմպի մոտ, էքսելում որոշ տվյալներ էի փոխում լաբի համար... Մարդ չկար. արդեն ուշ ժամ էր, Վալն էլ մյուս գրադարանից դեռ չէր եկել։ Էդպես մեն-մենակ նստած էի, մեկ էլ հանկարծ ուսիս մի ձեռքի հպում զգացի, լեղաճաք եղա։ Նենց վեր թռա տեղիցս, որ քիչ էր մնում աթոռից ընկնեի։ Առաջին անգամ էի էդ աստիճանի վախենում նստած տեղս։ ։( Պատրիկն էր... Մտել էր գրադարան, տեսել էր էդտեղ եմ, որոշել էր մոտենալ ու անձամբ ասել, որ տվյալները փոխեմ ( ինչը արդեն արել էի)... Երաժշտությունը բարձր էր, նրա ձայնը չէի լսել...Մի խոսքով՝ խայտառակ եղա։ ։(
Լաբում արդեն փորձի վերջին մասն էինք անում, ընդամենը հինգ րոպե ժամանակ էր մնացել։ Մեխանիկորեն սարքածս խառնուրդի մեջ կապույտ ներկ լցրեցի ու ինձնից գոհ-գոհ տվեցի Էնդիին, որ տանի նկարի։ Վերցրեց, նայեց-նայեց, ասեց՝ սխալ ես արել։ Էս անգամ զինված էի, բանի տեղ չդրեցի։ Նորից կրկնեց ու բացատրեց, որ «էնզայմի» մասն ենք անում, ոչ թե սպիտակուցների։ Ես էլի ուշադրություն չդարձրի, իբր ուզում էի ասել՝ էս անգամ չես կարող խաբել։ Մեկ էլ ուղեղս հանկարծ փայլատակեց, ու սխալս զգացի։ Նորից փորուփոշման սկսեցի անել, բայց անհանգստությունից, որ չեմ հասցնի, ամեն ինչ թարսվեց ու մի անկապ արդյունք ստացանք։ Էդ օրն էլ տենց անցավ։
Դրանից հետո իջա Ակրմենի գրախանութ, մինչև Վալը դասը պրծներ, գայինք տուն։ Մի քանի գիրք վերցրի ու սկսեցի հատվածներ կարդալ։ Ուրբաթ միշտ իջնում եմ գրախանութ, հենվում պահարաններից մեկին ու սկսում կարդալ։ Եթե կարդացածներիցս ինչ-որ բան դուր է գալիս, առնում եմ ու տանում տուն, հույս ունենալով, որ ազատ ժամանակ ամբողջովին կկարդամ։ Մինչև խանութի փակվելը մնացի, հետո դուրս եկա ու արջի արձանի մոտ նստեցի։ Կես ժամ անց Վալն ու Նանն եկան, ու Նանը որոշեց, որ իր հետ եմ գնալու տուն։ Չէր ուզում մենակ քշել. գիշերները մի քիչ կաշկանդվում ա։ Բարով-խերով հասանք տուն, միայն մաման էր տանը։ Վալը ճանապարհից թեքվել էր Հովոյին վերցնելու, ուստի ես ավելի շուտ էի տուն հասել։
Փոխվեցի, թեյ պատրաստեցի ու նստեցի հեռուստացույցի դիմացը։ Կարծես երկար ճանապարհորդությունից նոր վերադարձած լինեի։ Ինչ դասերն սկսվել էին, հյուրասենյակում կարգին չէի նստել։ Ռուսական ալիքով կարգին երաժշտական հաղորդում էր գնում, դա էի նայում, պապան եկավ։ «Տարաս Բուլբա» կինոն էր բերել։ Սկսեցինք դա նայել։ Հետո բոլորը քնեցին, ես «Life is Beautiful»-ը նայեցի։ Չգիտեի՝ ծիծաղեի՞, թե՞ լացեի...
Շաբաթ օրն էլ «Paranormal Activity»-ն նայեցի, մի քիչ սկսեցի վախենալ։ Գիշերն էլ «Catfish»-ն էի նայում։
Մի խոսքով՝ կինոներով հագեցած ուիկենդ էր։
Գնամ քնեմ։
Անձրև ա գալի՜ս։
No comments:
Post a Comment