Saturday, November 20, 2010

...

Էսօր պապիկի մահվան օրն ա...
Էհ, պապի... կարոտել եմ։
Հիշում եմ, թե ոնց էինք հոգուդ հետ խաղում, ոնց էինք ներվայնացնում, նադայել անում, գլուխդ տանում, որ երկար համբերելուց հետո վերջապես ասում էիր, որ խելոք մնանք։ Ի՜նչ համբերատար էիր...
Հիշում եմ՝ ոնց էի ծիծաղում վրադ, որ չորրորդ դասարանի կրթություն ունես, իսկ դու ասում էիր՝ որ էդքանն էլ հազիվ ես գնացել ու միշտ դասերից փախել ես, գնացել ծով լողանալու։
Հիշում եմ՝ մի օր ոնց զարմացա, որ տեսա հայերեն մի բան ես գրում. գիտեի, թե ընդհանրապես գրել-կարդալ չգիտես ու զարմանքից բացականչեցի՝ պապիկը գրո՜ւմ ա, դու էլ սկսեցիր համեստ ծիծաղել իմ մանկական միամտության վրա։
Հիշում եմ՝ ոնց էի ստիպում, որ բացատրես, թե ինչու եղբորդ հետ չես խոսում, իսկ դու ասում էիր, որ փոքր եմ, չեմ հասկանա։
Հիշում եմ, որ Երևան էիր գնում, ոնց էի կարոտում քեզ ու անհամբեր սպասում վերադարձիդ ու որ նույնիսկ գիշերն էիր վերադառնում, ձայնդ լսելուն պես անկողնուց վեր էի կենում, ոտաբոբիկ վազում, թռնում գիրկդ, իսկ մաման նախատում էր, որ չուստ չեմ հագել, պապան էլ մամայի վրա էր խոսում, թե էդ ժամին ես ինչու էի արթուն։
Հիշում եմ, որ ամանորյա նվերներ էիր առել ու թաքցրել, որ երեսունմեկի գիշերը տաս, իսկ ես ու Վալը մինչև կոկորդդ հասցրինք, որ նվերները շուտ տաս... ու դու ճարահատյալ վեր կացար, պահած տեղից հանեցիր ու տվեցիր ու կարծես աշխարհն էիր մեզ նվիրել։
Հիշում եմ, որ մի օր երկուսով իջանք նկուղ, որ պահածոներ տանենք վերև, մաման հիվանդանոցում էր, իսկ հորքուրենք հյուր էին եկել, հաց-մաց սարքել էր պետք, ու դու էդ ժամանակ հանեցիր ջրաներկ տվեցիր ինձ՝ ասելով, որ երեխեքին ցույց չտայի, որովհետև կփչացնեին, իսկ աշխարհն էլի իմն էր։ Ինչքան էի գլուխդ տարել, ո՞վ գիտի...
Բա որ ամեն անգամ ֆլոմաստեր ու նկարչական ալբոմ էի ուզում, ու դու էլ առնում էիր միշտ։ Բա որ երշիկ էի ուզում ու էն փափուկ վրացական հացից ու էլի զակազներս անկատար չէիր թողնում։ Մաման էլ մի օր նեղսրտեց, թե՝ էդ մի կտոր երշիկի փողով կարող էիր մի կիլո միս առնել, որով ինքը ահագին ճաշեր կսարքեր, դու էլ ասեցիր, որ իմ զակազն ա ու որ դու իմ սրտի ուզածը միշտ պիտի անես...Ես էլ երես էի առնում...
Հիշում եմ՝ Թաթայի «Քաղցրս» երգից ոնց էիր ոգևորվում ու ամեն առիթի ժամանակ անպայման էդ երգը միացնել էիր տալիս ու Թաթայի հետ կրկնում. «Առանց քեզ չեմ դիմանա, քա՜ղցրս...», մենք էլ ծիծաղում էինք, թե առանց տատի էլ չես դիմանում, ներվերդ ուտում էինք... Իսկականից կարոտել էիր...
Հիշում եմ, որ Մոսկվայից եկաք դու ու պապան, ոնց էիր տխրել, որ մերժել էին ԱՄՆ գնալդ, բայց դու չէիր ուզում ցույց տալ, իսկ ես էլի իմ ֆլոմների դարդին էի՝ Մոսկվայից բերել էիր, թե չէ... Ասա քո աչքին է՞դ էր երևում։ Բայց որ Երևանից եկաք, գործերդ հաջողվել էր, էն ո՜նց էիր ուրախացել ու էն ինչքան կասետներ, նկարչական ալբոմներ, մատիտներ ու իմ ուզած լրիվ բաները բերել էիր...
Հիշում եմ, որ մի օր հարցրեցի.«Պապի, բա որ ընդեղ մեռնե՞ս.. չէիր ուզի՞ Հայաստանում մեռնել» (չորանար լեզուս)։ Ասեցիր.
-Էհ, ես արտասահմանում ծնվել եմ, արտասահմանում էլ կմեռնեմ, կթաղեն։ Կյանքս Հայաստանում անցավ, էդ էլ հերիք էր...
Հիշում եմ, որ մեղուն լեզուդ խայթել էր ու դու նեղվում էիր։ Ես էլ վախում էի, որ էնքան կուռի լեզուդ, որ կխեղդվես։ Որ պառկում էիր, գալիս գլխիդ վերևը կանգնում էի, ձեռքս պահում քթիդ տակ, որ իբր զգամ՝ շնչում ես, թե չէ... իսկական երեխա...
Հիշում եմ, որ հենց մեքենայիդ ձայնը լսում էի, ոնց էի վազում դարպասը բացելու ու առաջին հարցս անմիջապես ուղղում՝ պապի, ի՞նչ ես առել։ Մաման էլ միշտ ջղանանում էր, որ քեզ հանգիստ թողնենք, հոգնած գալիս էիր տուն, բայց մեր վրա չէր ազդում...
Հիշում եմ, որ գնում էինք Թիֆլիս, գիշերները մտածում էի՝ բա որ գողերը իմանան պապիկը մենակ ա ու մտնեն տուն, սպանեն խեղճ պապիկին, ու սիրտս մղկտում էր, սկսում էի անձայն լաց լինել։
Հիշում եմ... շատ բան եմ հիշում...
Որ հետո Ամերիկայից կասետներ էիք ուղարկում, առաջին իսկ խոսքիցդ... ձայնդ լսելուն պես աչքերիցս հոսում էին արցունքները, էնպես էի դիրքավորվում, որ ոչ ոք չտեսներ... Իսկ դու ծիծաղեցնում էիր, կատակներ անում ու ասում, որ անպայման հանդիպելու ենք շուտով... բայց հետո... հետո քո փոխարեն ընդամենը մի քարի հանդիպեցի... ծանր ա... երանի ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեր... երանի՜...
Կարոտել եմ...

No comments: