Էն օրը լաբում Պատրիկը նենց բաժանեց մեր խմբի անելիքները, որ ինձ ոչինչ չհասավ։ Պարապ պիտի կանգնեի ու իրենց նայեի։ Էնդիին ասի՝ բեր քեզ օգնեմ, շուտ կպրծնենք։ Տենց էլ արեցինք։ Շըփ-թըփ ու վերջ։ Պարապ նստել, զրուցում էինք, ձեռքի հետ էլ ստացածս ՍՄՍ-ներին էի պատասխանում։ Հանկարծ Պատրիկի ձայնը լսվեց, սխալ չափով էր մի նյութն ավելացրել, սաղ հարամ էր եղել։ Նորից պիտի սկսեր։ Ջոաննան դեռ իր մասը չէր վերջացրել. ամենաջանջալ մասն իրենն էր։
Տրամադրությունս տեղը չէր, Էնդիի արած կատակներին ուշադրություն չէի դարձնում։ Հանկարծ չհամբերեց ու վրդովված հարցրեց.
-Ու՞մ հետ ես խոսում, ո՞վ է քեզ անընդհատ գրում։
-Քույրս,- հանգիստ պատասխանեցի։
-Բարևիր քրոջդ ու ասա, որ քեզ խանգարում է։
Հարցական հայացք նետեցի։ Ասաց.
-Չի թողնում, որ ինձ լսես։
Ժպտացի։ Մի քիչ արհամարհական էր, բայց ինչ անեմ։ Մնաց-մնաց, հարցրեց.
-Քրոջդ անունն ի՞նչ է։
-Վալենտինա։
Էս որ լսեց, զարմանքից բացականչեց.
-Լսի, դու շատ թունդ հայկական անուն ունես, մինչդեռ քրոջդ անունը մեքսիկացու անուն է։
Թարս-թարս նայեցի, ասացի՝ չէ, ու մի ծիծաղ սկսվեց մոտս, էլ ասելու չի։ Հենց ասում էի՝ չէ, մեքսիկական չի, ծիծաղս ավելի էր բորբոքվում։ Չգիտեմ ինչ էր կատարվում հետս... Ինքն էլ սկսեց ծիծաղել։ Ջոաննան չհամբերեց, մոտեցավ, որ իմանար՝ ինչու էինք ծիծաղում, Էնդին էլ թե՝ նա նոր իմացավ, որ իր քույրը մեքսիկացի է։ Լրջացա ու էլի իմն էի պնդում, որ չէ ու չէ, մեքսիկական անուն չի դա, ավելի շատ ռուսական է կամ իտալական։ Ինչ ուզում է թող լինի, բայց մեքսիկական չի։ Գրեյսին կանչեց, նա Նիկարագուայից է, հաստատեց Էնդիի ասածը, հետո էլ թե՝ իսպանական է, բայց քիչ անց հիշեց, որ իտալական է, ու թեման փակվեց։
Ջոաննան վերջացրեց իր գործը, սպեկտրոյի մոտ գնացինք, մի անկապ բան դուրս եկավ։ Ինչ-որ մի բան սխալ էր արել, նորից պիտի սկսեինք, անցանք գործի, ես ու Էնդին էլի շուտ վերջացրինք։ Էս անգամ էլ էին արդյունքները սխալ։ Հետո պարզվեց, որ Ջոաննան ընդհանրապես ուրիշ օրինակով էր խառնուրդները սարքել, դրա համար խելքին մոտ բան չէինք ստանում։ Պատրիկը գնաց նրան օգնելու, մնացած ինչ կար չկար, հերթով Էնդիի հետ սարքեցինք, գնացինք սպեկրոֆոտոմետրի մոտ ու սկսեցինք արագ-արագ մնացած գործողություններն անել։ Նաիրայենց խումբը հավաքվել ու անխոս մեզ էր նայում։ Մեկ էլ նրանցից մեկը, թե՝ դուք երկուսով արեցիք էս ամեն ինչը, բայց ավելի արագ, քան մենք չորսով ենք անում։ Նաիրան սկսեց նվնվալ, թե՝ մենք կազմակերպված չենք, էս չենք, էն չենք, իսկ իրենք սենց-նենց, դրա համար էլ արագ են անում... Լեոն, որ մինչ այդ խելոք թեսթերն էր ստուգում, ասաց՝ իրենք ամենալավ թիմն են։ Մեզ ահագին լավ զգացինք։ Էնդին սկսեց խորհուրդ տալ, թե ոնց անեն, որ հեշտ լինի, ես թողեցի ու փախա իրենց մոտից։
Հետո Պատրիկն էքսելով գրաֆիկներն էր անում, հաշվակներն էլ, մենք էլ էլի զրուցում էինք։ Էնդին Հայաստանից, հայոց պատմությունից էր հարցնում, պատմում էի, հետո Thanksgiving-ի մասին խոսք ընկավ, սկսեց ցուցակ կազմել, թե ինչ պիտի պատրաստեր ու ինչ մթերքներ էին պետք։ Գրեյսի հետ համոզում էինք, որ կուկ դառնա, ասաց՝ մտածել է, բայց շատ թանկ է դրա համար սովորելը, բժիշկ դառնալն ավելի ձեռնատու է։ ։) Հավանաբար բժշկական կգնա։ Էլի ահագին խոսեցինք, հետո Ջոաննայի հետ փորձանոթները լվացինք, Պատրիկն էլ հաշվարկները վերջացրեց, հանձնեցինք ու դուրս եկանք։ Ոչ մի անգամ լաբից էդքան ուրախ դուրս չէի եկել։ Մի տեսակ դրական լիցքեր էի ստացել։
Չնայած ոտքիս ցավն սպանում էր, փորձում էի ուշադրություն չդարձնել։ Մի կերպ հասա Ակրմեն, տեղավորվեցի սեղաններից մեկի մոտ ու սկսեցի գիրք կարդալ, մինչև Վալենք դասը վերջացրին ու եկան։
Երեկոյան էլ Արմն եկավ, էլի ահագին ջրիկացանք... Օր էր, էլի...
No comments:
Post a Comment