Սարսափելի երազ էի տեսնում: Աչքերս բացեցի, ժամը 3:55 էր: Խորը շունչ քաշեցի՝ ուրախանալով, որ երազ էր ու էլի քնեցի: Առավոտյան ինչքան փորձեցի հիշել, թե երազս ինչի մասին էր, որ էդքան ինձ տանջեց գիշերը, ոչ մի կերպ չկարողացա: :( Հետո էլ ամբողջ օրը մտքերով էի ու չկարողացա կարգին կենտրոնանալ, գրքերս փակեցի, դրեցի մի կողմ՝ ինքս իմ առաջ արդարանալով, որ կիրակի օր է ու հանգստանում եմ... ինչ դաս, ինչ բան:
Գնացի մամայի ու պապայի մոտ ու սկսեցի զրուցել նրանց հետ: Զգացի, թե ինչքան էինք իրար կարոտել: Չնայած նույն տանն ենք ապրում, համարյա իրար հետ չենք խոսում: Շաբաթվա մեջ օրվա վերջում ես ու Վալը մտնում ենք տուն, ամենքս մեր լափթոփի դիմաց բերաններս ջուր առած նստում ու նրանց հարցերին հնարավորին չափ կարճ կոնկրետ պատասխանում: Արդեն նույնիսկ սովորել եմ չպատասխանել: Խեղճ հայրս հարցեր է տալիս, Վալից կցկտուր պատասխաններ ստանում, որից հետո Վալը խնդրում է, որ իրեն չխանգարեն, ու երբ պապան ինձ է անդրադառնում, ես մունջ եմ: Խոսում է, զգում եմ, որ ինձ է նայում, սպասում է պատասխանիս, հետո հոգոց հանելով ինքն իրեն ասում՝ էհ, Նարինը չի լսում, ու սկսում է հեռուստացույցի ալիքները փոխել...
Երբ Հովոյի արարքից հետո մաման հուզմունքից դողացող ձայնով ասաց՝ կմեռնենք, հետո կհիշեք էս օրերը, ոնց որ սիրտս սղոցեին, բայց դե փոխվելը շատ դժվար է: Ընդհանրապես չարտահայտվող մարդ եմ ու ինչքան էլ զգամ սխալս, չեմ կարողանում ցույց տալ վերաբերմունքս: Սիրտս ներսից կտոր-կտոր կլինի, բայց երբեք չեմ արտահայտվի... Չգիտեմ էլ ինչի եմ գրում: Ինչևէ:
Ահագին զրուցելուց հետո որոշեցի նրանց հետ խանութ գնալ ու գնացինք: Ճիշտ է, ինչ որ պիտի գնեինք, վաճառողին մի լավ չարչարելուց հետո իմ հավանություն չտալու պատճառով չվերցրինք: Էդ մարդը մի տեսակ նեղացավ, ու մերոնք շատ վատ զգացին: Բայց դե էս ո՞ր դարն ա. ինչի՞ պիտի ամոթին կուլ գնալով մի բան առնեմ, բերեմ տան մեջ դնեմ, ինչ է թե չնեղանան: Երանի միշտ էսպես մտածեի:
Տուն գնալիս բավականին արագ էր քշում պապան ու հանկարծ կտրուկ արգելակեց: Սիրտս վախից թուլացել էր: Թվում էր, թե չէինք հասցնի... Մի 2-3 տարեկան երեխա մայթից իրեն գցեց փողոց... նույնիսկ հայրը չհասկացավ, թե ինչ/ ոնց կատարվեց: Մի տղա անմիջապես վազեց ու փոքրին ետ տարավ, իսկ հայրը վախեցած հայացքով նայում էր մեզ: Եթե մի վայրկյան ուշ արգելակեինք, չգիտեմ ինչ էր լինելու... :( Մտածեցի՝ լավ պրծանք, երազս դուրս եկավ, բայց թե ինչ էի տեսել, էլի չեմ հիշում: :(
No comments:
Post a Comment