Thursday, February 17, 2011

Ութ պատահական փաստ իմ կենսագրությունից կամ ուղղակի հուշեր...

1. Առաջին դասարանում «Վերջին զանգի» հանդեսի սկզբից մինչև վերջ հոնգուր-հոնգուր լացել եմ։ Ծաղկեփունջը, որ հետս պիտի տանեի տասներորդցիներից մեկին նվիրելու, ինձնից մեծ էր։ Մաման ասեց՝ դու գնա, ես մինչև ձեր փորձի վերջանալը կգամ ու հետս կբերեմ։ Թարսի պես փորձ չարեցինք, ու միջոցառումը սկսվեց։ Դասատուս էլ երբ ինձ առանց ծաղկեփնջի տեսավ, նենց գոռաց վրաս, որ ազդվեցի ու հանգստանալ չէի կարողանում։ Հանդիսատեսներից ով ինչքան ծաղիկ ուներ, բերեց գիրկս լցրեց. հարևանուհիս վազեց տուն, իմ ծաղկեփունջը բերեց... Թևերիս մեջ էլ տեղ չկար, հազիվ էի թևիկներովս գրկել էդ բոլոր ծաղիկները ու հենց հանգստանում էի, իմ հերթն էր գալիս արտասանելու, մի տուն արտասանում էի, հաջորդից էլի հեկեկում։ ։)
Մամայից նեղացել էի ։ Իրա պատճառով նկատողություն ստացա. սովոր չէի էն ժամանակ (կարծեմ անսպասելի ու կարևոր հյուրեր էինք ունեցել, դրա համար նա չէր կարողացել գալ)։

2. Վեցերորդ դասարանում տնարարության /աշխատանքի դասին պիտի վինեգրետ պատրաստեինք, իբր սալաթ սարքել էինք սովորում։ Ամենքս տանից մի բան պիտի խաշեինք տանեինք, դասարանում կտրտեինք, խառնեինք, որ դասատուն գնահատեր։ Մեր դասարանի Արմինեն էլ տանն էր հիշել, որ իրենք ճակնդեղ չունեին, վեր էր կացել եկել մեր տուն, բա թե՝ ինչ անեմ։ Լավ է, մենք ունեինք, լցրեցի տոպրակի մեջ, տվեցի ու ճանապարհելիս ասացի՝ կմաքրես, նոր կխաշես, որ հեշտ լինի։ Էս ասածիս ձեռքը հետո կրակն ընկա։
Հաջորդ օրը Արմինեն խաշած ճակնդեղը բացեց, տեսնենք՝ գույն չի մնացել վրան։ Դասատուն կատաղեց թե՝ աղջիկ ջան, դու խելք չունե՞ս, խաշում են, նոր են մաքրում, սենց ինչքան վիտամին կա, գնացել ա, էլ ում ա պետք ձեր սարքած սալաթը և այլն։ Էս աղջիկը մի քանի րոպե դիմանալուց հետո ասաց՝ Նարինեն ասեց, ես էլ արեցի։ Դասատուն սկսեց իմ գլխին քարոզ կարդալ, չդիմացա ու ասեցի՝ այնպես եք խոսում, ոնց որ ամեն օր բազուկ խաշելով եմ զբաղված, համ էլ բարի լինեիք, շուտ ասեիք։ Իբր սովորացրել էիք, հիմա էլ պահանջում եք։ Խեղճ կինը նեղացավ, դրանից հետո ոչ մի սալաթ պատրաստել «չսովորեցրեց»։

3. Փոքր ժամանակվանից ռուսերենն աչքիս փուշն է եղել։ Ռուսերենի դասատուներիս էլ տեսնելով տեսնել չէի ուզում։ Երևանում երբեմն դասի գնալիս ճամփին դասատուիս էի նկատում, քայլերս դանդաղեցնում էի, էնքան որ չհանդիպեմ ու չխոսեմ հետը, նույնիսկ եթե դասից ուշանալու պատճառ հանդիսանար։ Դասերին էլ պասիվ էի։ Ասենք, եթե անգիր անել էր հանձնարարում, ասում էր՝ ով մինչև վերջ սովորի, հարցեր չեմ տալու։ Ես էլ միշտ նստում մինչև վերջ անգիր էի անում, որ հանկարծ հարցեր չտար ու ստիպված չլինեի տրամվայի տակ ընկած ռուսերենս ի ցույց դնել աշխարհին։ Էդ դասատուս էլ զգացել էր։ ։) Սրտանց սպասում էր, որ մի օր սովորած չեմ լինի մինչև վերջ, էն էլ էդ օրը չեկավ, ու ինքը շատ դժգոհ էր դրանից։ Որ իմացել էր ես ու քույրս քույրեր ենք, զարմաքից քար էր կտրել։
(Ռուսերենս ԱՄՆ գալուց առաջ վարժվեց, երբ տատիկենցս տանն էի մնում, բայց սպանեն էլ, չեմ խոսի էդ անիծյալ լեզվով։ Ինչքան ռուսերեն են խոսում հետս, անգլերեն եմ պատասխանում։
Մի օր ընկերուհուս մոտ ատելությունից խոսք ընկավ, ասացի՝ օրինակ, ես ատում եմ բոլոր ռուսերենի դասատուներին։ Ասեց՝ իյա, մամաս էլ է ռուսերենի դասատու։ Զարմացա։ Իրա մամայից բարի կին դեռ չեմ տեսել ԱՄՆ-ում, ու շատ էի սիրում նրան՝ չիմանալով, որ ռուսեենի դասատու է եղել։ Պարզվեց՝ սխալ բաներ էի մտածում անմեղ մարդկանց մասին, ու էդ սաղ ռուսերենն էր մեղավոր)։:D

4. ԱՄՆ-ում դպրոցի դասերի առաջին օրը մի կերպ երրորդ դասիս դասարանի տեղը գտա, մտա ներս հինգ րոպե ուշացումով։ Դասատուն անունս հարցրեց, հասկացա, պատասխանեցի։ Ասաց. «Nice to meet you»։ Էնքան լարված ու վախեցած էի, որ անմիջապես վրա բերեցի.«I don't understand you!»։ Ու իսկականից էլ եսիմ ինչ ձև ասեց, որ նստեցի, հետո տեղ հասավ, թե ինչ էր ասում։ Հետո սկսեց խոսել, եսիմ ինչեր բացատրել, ոչինչ չհասկացա, ոնց որ անլեզու արարած լինեի։ Մեկ էլ կողքից ցույց տվեցին, որ ինչ-որ մեկը կանչում է։ Շրջվեցի, մի տղա շշուկով կանչեց՝ հա՞յ ես։ Ոնց որ էդ պահին աշխարհն ինձ նվիրեին։ Հուզված գոռացի՝ հա՜։ Առաջին անգամ էր, որ հայ տեսնելուց էդքան ուրախանում էի։ :D

5. Ութերորդ դասարանում մոտ դասընկերս շարունակում էր իմ կամքին հակառակ ինձ Նար ասել, ես էլ դասղեկին դիմեցի, տեղս փոխեց։ Շատ նեղսրտեց, բայց արդեն ուշ էր։ ։)

6. Վեց տարեկանում առաջին անգամ սիրահարվեցի ու տաս տարի շարունակ սիրում էի էդ հիմարին։

7. Տասներեք տարեկանում որոշեցի նիհարել ու հետզհետե մոռացա, թե ինչ բան է ուտելը։ Ամառ էր։ Եթե մորքուրենց կամ տատիկենց գյուղ չէի գնում, նենց տանից ընդհանրապես դուրս չէի գալիս, դասընկերներիցս ոչ մեկին չէի տեսել։ Երեք ամսում դարձա կմախք, օրգանիզմիս հերն էլ անիծեցի։ Սեպտեմբերին որ գնացի դասի, ինձ այլմոլորակային էի զգում. բոլորը զարմացած ինձ էին նայում։ Տհաճ էր։ Ոմանք էլ նույնիսկ գլխի չէին ընկնում, որ էդ ես էի։ ։)

8. Առաջին անգամ Երևան եմ գնացել տասնհինգ տարեկանում։ Իմ պատկերացրած Երևանին հեչ նման չէր։ ։(

No comments: