Saturday, April 23, 2011

Վալը, նրա պրոֆեսորն ու իմ գորտերը

Չնայած երեկ շատ ուշ քնեցի, առավոտյան մի աչքս բաց էր, մյուսը՝ փակ, ու սովորականի համաձայն տեղիցս վեր կենալ չէի ուզում։ Միջանկյալ ունեի։ Ուզեի-չուզեի, պիտի վեր կենայի, քանզի մի գլուխ չէի կարդացել, ճանապարհին պիտի սկսեի կարդալ, շարունակել ընթերցասրահում, իսկ հետո վազեի Բանչ՝ հանձնելու։
Շուտ դուրս եկանք։ Քանի որ ես իմ կարդալով էի զբաղված, երաժշտության գործը Վալի վրա էր մնացել. համարյա միշտ էդ կողմից ճնշում եմ ու իր ուզած երգերը կամ ռադիո չեմ թողնում լսել... Էսօր ինքն իր համար իր ուզած երգերն էր լսում ու քշում։ Կարմիր լույսի տակ կանգնած էինք, հանկարծ ուշադրությունս շեղեց թղթիցս.
-Վա՜յ, Spanish-ի պրոֆեսորս ա, bus-ով ա գալիս դասի, սպասում ա։
-Ո՞ւր ա։
-Հենա, կանգնած ա։ Ի՞նչ անեմ, ասե՞մ՝ գա, տանենք։
-Ո՞ւր ա,- ոչ ոքի չնկատեցի, բայցևայնպես ասեցի,- ասա՛։
-Հա՞։
-Ասա, ասա՛։
-Հա, դասից կուշանա խեղճը,- ասեց ու վայրկյանական ձեռքը գցեց հետևի նստարանին՝ պայուսակը մի կողմ քաշելու։ Լույսը կանաչեց, խաչմերուկն անցանք, ավտոբուսի կանգառում կանգնեց, լուսամուտն իջեցրեց ու պահի տակ պրոֆեսորի անունը մոռացավ.
-Այ մարդ, սրա անունն ի՞նչ էր,- հարցնում է ինձ ու կանչում,- Մի՛սս, մի՜սս...
Միսսը, որ երատասարդ աղջիկ է, տեղից չշարժվեց. հեռու ինչ-որ կետի էր նայում։
-Միսս Գոմե՜զ,- հանկարծ հիշեց անունն ու նորից կանչեց։
Գոմեզն իր անունը լսելուն պես նայեց մեքենայի մեջ, ու աչքերը փայլատակեցին։
-Վալենտինա՜,- բացականչեց ու շտապեց մոտենալ մեքենային, կարծես հենց Վալին էր սպասում։- Buenos dias,- ողջունեց՝ նստելով մեքենան, ու անմիջապես ուշքի եկավ՝ հասկանալով, որ իսպաներենի դասարանում չէր, անցավ անգլերենի,- Today is my lucky day!
Անչափ ուրախացել էր։ Սկսեցին զրուցել, իսկ Վալն ի զարմանս ինձ շատ կանոնավոր կերպով էր վարում մեքենան, նույնիսկ փառքինգում գազ չտվեց։ ։Ճ Վերջիվերջո պրոֆեսոր մարդու էր դասի տանում։ Ինչևէ։ Իրենք խոսում էին, ես իմ սալամանդրների ու գորտերի վրա էի փորձում կենտրոնանալ։
Երեկ լաբում մի կերպ մի գորտ վերցրի ձեռքս, մարմնի անհարթությունն զգալուն պես փշաքաղվեցի ու ձեռքիցս ցած գցեցի։ Իսկ ես կարծում էի, թե ոչնչից չեմ զզվում։ ։(
Բա, տենց բաներ։ ։)

No comments: