Էսօր սենյակում ահագին տեղափոխություն արեցինք ես ու Վալը։ Վաղուց ոչ մի
փոփոխություն չէինք արել, վերջին անգամ կարծեմ ուղիղ մեկ տարի առաջ էր։
Լրիվ տակնուվրա արեցինք սենյակը, ամեն ինչ տեղահան արեցինք, սենյակին նոր
տեսք տվեցինք, բայց դե առաջին պլանս ձախողվեց։ Կատարված տեղափոխութունն իմ
պատկերացրած հարմարությունը չէր հաղորդում... Նորից պիտի սկսեինք։ Վալը
հոգնել էր, մի քիչ փնթփնթաց, բայց արեցինք, վերջացրինք, ու հիմա ոնց որ թե
շատ ավելի լավ է։ Ինչևիցե։
Ուրեմն գործ անելու ընթացքում պահարանի
դարակներից մեկի խորքում Վալն իր օրագիրը նկատեց, որը վաղուց մոռացության
էր մատնվել։ Սկսեց թերթել ու ժպտալ։ Հետաքրքրությունս շարժվեց։ Օրագրերի
հանդեպ մի տեսակ թուլություն ունեմ ու պիտի խոստովանեմ, որ եթե հանկարծ
պահված տեղից ինչ-որ մեկի օրագիրը գտնեմ, հետաքրքրությունն ինձ անպայման
կդրդի այն կարդալ, չնայած գիտեմ, որ արդար չի նման բան անել։ ։( Իսկ այ
քույրս լրիվ իմ հակապատկերն է, ու եթե նույնիսկ օրագիրս թողնեմ սեղանի վրա,
մտքով անգամ չի անցնի այն բացել ու կարդալ։ Նման դեպքում կարող եմ զանգել
ու նրան խնդրել, որ մի տեղ պահի, համոզված լինելով, որ չի կարդալու։ Մի
խոսքով... էսօր մի քանի տող օրագրի տարբեր էջերից կարդաց բարձրաձայն ու
ահագին ծիծաղեցինք, ընկանք հիշողությունների գիրկը։ Հետո խնդրեցի, որ թողի
ես կարդամ, ու հեշտությամբ համաձայնվեց։ Երբ գործը վերջացրեցինք, միանգամից
անցա իմ սիրած գործին՝ օրագիր կարդալուն։ Հետաքրքիր էր միասին անցկացրած
օրերին, կամ թեկուզ ժամերին իր տեսանկյունից նայել։ ։) Տեղ-տեղ հուզվում էի
ու արցունքներս հազիվ զսպում, երբեմն էլ բարձր ծիծաղում ու այդ մասերը
կարդում, որ ինքն էլ լսի։ Ի դեպ, ինքն իր գրածն էլ չի կարդում նույնիսկ.
էսօր բացառություն էր։ ։)
Ուրեմն օրագիրն սկսվում է 2003 թվականին
(նախքան Երևան տեղափոխվելը), ավարտվում` 2007-ին։ Սկզբում գրված է մաքուր
ու գրագետ հայերենով, հետո քիչ-քիչ ի հայտ են գալիս անգլերեն բառեր,
բառակապակցություններ, հետո՝ նախադասություններ, իսկ վերջում արդեն լրիվ
անգլերեն է… Մի տեսակ անսպասելի էր։ Չգիտեմ ինչու, ինձ թվում էր՝ ինքը միշտ
հայերեն էր գրում... Միանգամից Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպի
գլխավոր կերպարին հիշեցի։ Տխուր է...
Հետաքրքիրն այն էր, որ Վալի
օրագիրը կարդալու ընթացքում զգում էի, թե ինքը ոնց է մեծանում... իսկ որոշ
հայաստանյան օրեր կարծես ես գրած լինեի ու իմ օրագիրը բացեցի, որ
համեմատեմ այդ օրերը։ Նման էին։ ։) Ես ավելի շուտ էի սկսել օրագիր պահել,
բայց ուշ-ուշ էի գրում մեջը, իսկ Վալը պարտաճանաչ կերպով համարյա ամեն օր
գրել է։ 2004-ին (ԱՄՆ գալուցս հինգ ամիս հետո) ավարտվում է օրագիրս, կեսից
շատը դատարկ էջեր են... Մտածում եմ՝ ինչի եմ այն ժամանակ կանգ առել...
Լեզվի խնդիրը երևի չէր լինի, չնայած իմ գրառումներում էլ են որոշ
(համեմատաբար շատ քիչ) անգլերեն արտահայտություններ հանդիպում... Կամ էլ
օրերս ուղղակի միապաղաղ էին դարձել, ու թվում էր՝ ամեն օր նույն բանն էի
գրում, դրան գումարած դեպրեսիան... Չգիտեմ… Մի տեսակ փոշմանել եմ, որ կանգ
եմ առել… Չնայած հետո առանձին տետրում մոտ մի ամիս 2007-ին գրել եմ, բայց
դե աննշան է դա... Հայաստանում գրածս մյուս տետրերը ոչնչացնում էի առանց
որևէ պատճառի... ու որոշ էջեր հիշողությանս մեջ դրոշմվել են... Էս մեկից էլ
էի ուզում երբեմն ազատվել, բայց երևի էդ ցանկությունն էլ չի առաջանա...
Ուֆ, եսիմ էհ...
No comments:
Post a Comment