Thursday, June 16, 2011

Մարդիկ հանկարծ դարձան տխուր ու անժպիտ...

-Բարև Նար, դու գիտե՞ս կարոտն ինչ բան ա։ Սպանեցիր... Մի խոսքով, գրի՝ երբ ես սկայպ մտնելու, խոսենք։
Իմ բարի ու ամենամտերիմ դպրոցական ընկերն է...
Ուզում եմ էջը փակել։ Հետո կպատասխանեմ, հարմար ժամն էլ կասեմ, մի քիչ կզրուցենք։ Այդպես մտածում եմ, բայց գրում.
-Հենց հիմա։
Միացնում եմ ու սովորությանս ոչ համաձայն ասում.
-Ողջո՜ւյն։
-Բարի երեկո,- ծիծաղում է։ Երևի հիշում է՝ ինչպես ընդամենը մի երկու ամիս առաջ էդ արտահայտությունիցս հանկարծակիի եկավ, բայց շփոթմունքը թաքցնելով՝ ասաց. «Հայերենդ նույնն ա մնացել»։
Մի քանի վայրկյան լռություն է տիրում, հետո սկսում ենք խոսել՝ առանց իրար հերթ տալու։ Որոշ ժամանակ անց աչքս գցում եմ էկրանի վերևի աջ անկյունին ու զարմանում։ Հետո պատուհանի կողմն եմ շրջվում. հա, էլի, լուսացել է... Երանի միշտ այսպես աննկատ անցներ ժամանակը…
Աչքերս քիչ-քիչ ուզում են փակվել, ու ստանձնում եմ ուկնդրի դերը։ Քնել չեմ ուզում։
-Ի՞նչ պատահեց, էլ չես խոսում,- նկատում է։
-Ամաչում եմ,-  փորձում եմ չծիծաղել։
-Տնաշեն, սաղ կյանքդ կողքս ես նստել ու ասում ես…
-Ի՞նչ սաղ կյանք։
-Դպրոցակա՜ն կյանքդ…
Ուշքից գնում ենք։

-Ո՞վ կպատկերացներ էն ժամանակ, այ էդ դպրոցական կյանքում, որ մի օր…
-Դու Ամերիկա ես գնալու, ես էլ... Մոսկվա,- կռահում է միտքս։
-Ու որ էլի իրար տեսնելու ենք,- շարունակում եմ։
-Բայց դու հեչ չես փոխվել, է։
-Դո՛ւ էլ,- ամիջապես վրա եմ բերում, հետո կարկամելով ասում,- միայն ձեռքիդ սիգարետն ա ավելացել…

Երանի այն անհոգ, դպրոցական տարիներին....

                    Մի օր հանկարծ շենքերը բարձրացան
                    Եւ մարդիկ հանկարծ փոքրացան, փոքրացան...

No comments: