Monday, June 20, 2011

Դասերի առաջին օրը

Էսօր դասերի առաջին օրն էր, երկուշաբթի, բայց դե ես դաս չունեի։ Ավելի ճիշտ, միայն ֆրանսերեն ունեի, էն էլ դասախոսը գրել էր, որ դեռ քաղաքում չէր, ուստի դաս չէինք անելու։ Առիթից օգտվելով, որ առավոտյան դասի չեմ, գիշերը քնել չէի շտապում։ Իսկ երբ արդեն պատրաստվում էի լափթոփս փակել, օդնոյով «առաջին սիրուս» զարմուհին սկսեց գրել, զրույցով ընկա, ու լույսը բացվեց։ Չգիտեմ ինչու, չէր հավատում, որ իրեն հիշում եմ։ Ես էլ որոշ դեպքեր նկարագրեցի մանրամասնորեն, զարմացավ, թե՝ ազիզ, ոնց էլ հիշում ես։ Էդ պահին մեկը կողքս որ լիներ, հիասթափված քմծիծաղս կնկատեր, որի մեջ, չեմ թաքցնում, մի քիչ էլ ուրախության նշույլներ կային։ Ինչևիցե։
Վալը զարթնեց։ Երկմտում էի՝ արդյոք արժե՞ր հասնել համալսարան գրքերն առնելու համար, Վալն էլ համոզում էր, թե՝ հա։ Գիտեի, որ տանը մնայի, միանգամից քնելու էի, ուստի որոշեցի գնալ, ժամանակս համալսարանում վատնել, մի կերպ դիմանալ, որ գիշերը քնել կարողանայի։
Մարիամն ու Հայկն եկան վերցրին, հասանք համալսարան ու հրաժեշտ տվինք իրար։ Իրենք իրենց էմքյաթի դասին գնացին, ես էլ Վալին Յանգի մեջով իր լսարանի տեղը ցույց տվեցի ու գնացի Յանգ Ռիսըրչ՝ հայերեն գրքերը քչփորելու, մինչև Վալի դասը վերջանար, ու գնայինք տուն։ Մարիամենք պիտի մնային գրադարանում պարապելու, մենք էլ ավտոբոսով տուն պիտի գնայինք։ Էս ամառ իրար հետ են առել փառքինգի փերմիթը, դրա համար ամբողջ ամառն իրար հետ ենք դասի գնալու ու մինչև ժամը յոթը գրադարանում լինենք։ Բախտս բերել է, որ գրադարանը յոթին է փակվում, թե չէ համոզված եմ, որ մինչև ուշ գիշեր կմնային։ Էրեխեքը սիրահարված են գրադարանին։
Վալն իր դասից հետո գրեց, որ Հունանի հետ Վեսթվուդ գիրք առնելու պիտի գնան, բայց տեղը չգիտեն։ Իջա, միասին գնացինք, առան գրքերը։ Հետո էլ Հունանի հետ եկանք տուն։ Ոտքի վրա հազիվ էի կանգնում, գլուխս պտտվում էր։ Վալի հետ իբր պիտի գնայինք բան-ման առնելու, հաջորդ օրը մեր պատվավոր հյուրերն էին գալու, բայց ի վիճակի չէի ես։ Պառկեցի քնելու։ Երեկոյան Հայկի սմս-ից արթանացա, հետո էլ մերոնց անհանգիստ ձայներն ականջիս հասան։ Վալը Բրիթնի Սփիրսի համերգին էր գնացել ընկերուհիների հետ, հետ գալուց վթարի էին ենթարկվել։ Պապան մի քիչ ջղայնացել էր, մաման գույնը գցել էր, երևի մտքով հազար ու մի բան էր անցնում։ Ես էլ ձայն չէի հանում ու ցույց էի տալիս իբր թե անտարբեր եմ ու բան էլ չի եղել, բայց հետզհետե ես էլ սկսեցի անհանգստությունս թաքցնել չկարողանալ։ Մարդը միայն զանգել ասել էր, որ ավարիա են արել ու որ հեռախոսի չարջը նստում ա, չի կարա խոսա։ Ոչ գիտեինք՝ ուր է, ոչ էլ եսիմ ինչ։ Բայց լավ է, վերջապես եկավ տուն՝ քիթ-մռութը կարմրած ու ուռած։
-Արինեին էդ վիճակով կդիմավորես,- չկարողացա զսպել մտքիս եկածն, ու ծիծաղից փլվեցինք։ Իրականում ուրախ էի, որ ողջ-առողջ տուն էր մտել։

No comments: