Wednesday, June 22, 2011

Մի քիչ առօրյա

Էսօր Սյուզին էլ էր մեր հետ դասի գալու։ Մինչև Մարիամենք եկան մեզ վերցրին, հետո գնացինք Սյուզիին էլ վերցրինք, մի տաս րոպե տևեց. խցանման մեջ ընկանք ու դասից ուշացանք։ Մտա լսարան, տեղս զբաղեցրել էին։ Ստիպված ուրիշ տեղ նստեցի, տետր-մետր դեռ չհանած՝ անունս լսեցի՝ Նաղի՛ն։ Զգաստացա։ Վալերիան սկսեց ֆրանսերեն խոսել, հետո հարց տվեց։ Կմկմալով պատասխանեցի։ Սխալ դուրս եկավ։ Կարմրեցի երևի, բայց հեչ պետքս էլ չէր։ Նախորդ օրը գիրք չէի բացել. հարգարժան հյուրերի հյուրընկալությամբ էի զբաղված։
Քիչ անց մի ուշացած հերոս էլ մտավ լսարան։ Առաջին դասին չկար ինքը. անծանոթ էր։ Վալերիան անունը հարցրեց։ Օտար անուն էր։ Առաջին անգամ էի լսում։ Թղթի վրա անունը չգտավ, ազգանունն էլ հարցրեց։ Զարմացա ու միանգամից շրջվեցի էդ տղայի կողմը, որ դեմքը տեսնեմ։ Հայկական ազգանուն ուներ, բայց ինքը հեչ հայի նման չէր։ Մտածեցի՝ երևի ականջիս լսվեց...
Դասից դուրս եկա, սրճարանում նստեցի, որ Հակի դասերը հավաքեմ։ Համարյա վերջացնում էի, երբ հայի ազգանունով անծանոթը մոտեցավ։ Հետաքրքրվում էր, թե գիրքը որտեղից կարող է գնել, ինչ կարելի է սպասել էս դասից և այլն։ Պարզվեց՝ Եգիպտոսից նախորդ օրն էր եկել, լրիվ անծանոթ էր համալսարանին։
-Հա՞յ ես,- հարցրեց։
-Հա, դու՞,- հետ չմնացի…
-Երևի ազգանունիցս հասկացար, որ հայ եմ։
-Հա, բայց անունդ շատ տարօրինակ է… Հայերեն խոսո՞ւմ ես։
-Չէ։ Մենակ մի բառ գիտեմ՝ ինչպես ես։
-Ափսոս, իսկ ծնողնե՞րդ։
-Չէ, հայրս է հայ, բայց ինքն էլ չի խոսում։ Մայրս եգիպտացի է։
-Հետաքրքիր է։
-Երևի ավելի լավ կլիներ  հայերեն սովորեի ֆրանսերենի փոխարեն, չէ՞։
-Հա, բայց հիմա հայերենի դասեր չկան, աշնանը կարող ես վերցնել, շատ լավ կլինի։
-Մի ամսից գնալու եմ, միայն ամռան համար եմ եկել...
Մի խոսքով, պարզվեց՝ ուզեցել էր Հայաստանում սովորել, էն էլ բանակ գնալու հարցն էր առաջ եկել, փոխարենը ԱՄՆ էր եկել։ Գրախանութի տեղը ցույց տվեցի, բայց խորհուրդ տվեցի գիրքն ուղղակի գրադարանից վերցնել։ Գնացինք գրադարան։ Ցույց տվեցի ինչ, որտեղ, ոնց և այլն ու գնացի Քըրքաֆ՝ Վալի մոտ։ Ինձ էր սպասում, որ տուն գնանք։ Սյուզին էլ պիտի գար, որոշեցինք նրան սպասել։ Գլխացավից գլուխս տրաքում էր։ Հիշեցի, որ նախորդ օրը բերանս մի կտոր հաց չէի դրել, բերանս բաց հյուրերի «ներկայացումն» էի դիտել ու լիովին մոռացել սովածությանս մասին։
Երեսս առել էի ձեռքերիս մեջ, արմունկներով հենվել սեղանին ու մրմնջում էի՝ մեռնում եմ։ Մի պահ աչքերս բացեցի ու Արմին նկատեցի հեռվում։ Մի ուրախություն պարուրեց ինձ, կարծես հազար տարի չհանդիպած հարազատիս էի տեսնում։ Վեր կացա, փաթաթվեցի ու ուժեղ պաչեցի։ Զարմացավ։ Երեկվա չըլըփացնողներից էի վարակվել երևի... Չնայած ահագին կարոտել էի, վաղուց չէինք հանդիպել։ Մի քիչ խոսեցինք, գնաց։ Ինգայի հետ էր…
Սյուզին եկավ, գնացինք կանգառ։ Սպասում էինք ավտոբուսին, ես հազիվ էի ինձ պահում, որ գետնին չընկնեմ։ Գլխացավի հետ մեկտեղ սկսեց սիրտս խառնել։ Հաստատ մրսել էի։
Վալն ու Սյուզին հավեսով իրենց դասերից ու ապագայից էին խոսում։ Սյուզին պատմում էր, որ ընկերուհին բժշկական է դիմել ծնողների կամքով, բայց չի ուզում գնալ, չգիտի ինչ անի։ Ծնողների կամքին հակառակ գնալ էլ չի կարող, ոչնչով չեն օգնի հետո։
-Ուֆ, սաղ ուզում են իրանց երեխեքը բժիշկ դառնան։ Ասա՝ շատ էիք ուզում, դուք դառնայիք, երեխեքին ինչի եք զոռով բժիշկ դարձնում,- ջղայնացավ Վալը։
-Ըմմ, օրինակ՝ ես ինքս եմ ուզում բժշկական գնալ,- ժպտաց Սյուզին,- պապաս ուզում էր, որ գիտնական դառնամ... Միշտ ասում էր՝ աղջիկս գիտնական ա դառնալու, բայց...
-Հաշտվեց քո ցանկության հետ,- մեջ ընկա ես։
-Ի՞նչ,- Սյուզին չէր լսել ասածս։
-Էլ չի՞ ուզում գիտնական դառնաս։
-Օհ, անցյալ տարի մահացավ նա...
Էդ պահին ոնց որ սառը ջուր լցնեին գլխիս։
-Ցավում եմ,- միանգամից վրա բերեցի ու սկսեցի ինձ ատել խոսակցությանը մեջ ընկնելու համար։ Ցավում եմ... ինչ կեղծ ու անբնական է հնչում։
Մտորումների մեջ ընկա։ Անկախ ինձնից պապայիս հիշեցի ու աչքերս լցվեցին։ Առանց իրա  ապրել չեմ կարող։ Ինչ ասես մտքովս անցավ։ Ոչ մի կերպ չէի կարողանում էդ մտքերը վանել։ Բարեբախտաբար ավտուբուսն եկավ։ Մի կերպ տեղ հասանք ու տուն մտնելուն պես ինչ դեղ կար, կուլ տվեցի։ Թվում էր՝ աչքերս խոռոչներից դուրս էին գալիս։
Վալին ասացի, որ Universal  իրենց հետ չեմ գնա։ Չհամաձայնվեց. դու որ չես գալիս, ես էլ չեմ գնում։
Արդյունքում շատ ուշ գնացինք, մի երկու ժամ շրջեցինք ու փակվեց ամեն ինչ։ Չգիտեմ մեր շվեդահայ հյուրը մի բան հասկացավ, թե չէ, բայց ես լրիվ անտարբեր էի էդ հարցում։ Գնացինք սրճարան։ Ահագին զրուցեցինք, հետո նրան իր իջևանած տեղը տարանք, հրաժեշտ տվեցինք ու գնացինք տուն։
Էլի մեռած ընկա անկողնուս։

No comments: