Sunday, July 3, 2011

Ով ինձ ճանաչում է, գիտի, որ հեռուստացույց ընդհանրապես չեմ նայում։ Առաջ եթե ոչ մի համերգ կամ որոշ շոուներ  բաց չէի թողնում, ժամերն անգիր գիտեի ու տուն էի վազում, որ նայելուց բացի ձայնագրեի էլ, հիմա լրիվ անտարբեր եմ դարձել։ Հազարից մեկ է պատահում, որ մերոնցից լսում եմ ինչ են ցույց տվել ու հետաքրքրում է, հետո ինտերնետում փնտրում, նայում եմ…
Երեկ գործով էի ընկել, հենց վերջացրի,  մաման սուրճ եփեց, նստեցինք հյուրասենյակում։ Հեռուստացույցը միացրած էր։ Անջատել չհասցրի, պուլտը մաման արդեն վերցրել էր։ Չեմ սիրում, որ նստում ենք սուրճ խմելու կամ զրուցելու, ու հեռուստացույցն անտեղի միացրած է լինում։ Ինչևէ։ Խնդրեցի անջատել, բայց իզուր։ Ես էլ սուս ու փուս սկսեցի մի քանի րոպե նայել նրա հետ։ «Жди меня» հաղորդումն էր։ Մի ռուս կնոջ բարեկամին էին գտել, կանչել էին ստուդիա, էդ մարդն եկել էր Իտալիայից, ոչ ռուսերեն հասկանում էր, ոչ էլ... բայց հենց իրար տեսան, մի ուրախացան, մի գրկախառնվեցին, իմ լացն էլ եկավ ու զարմացա, որ էս քարսիրտ հալով կարողացա մի քիչ հուզվել… Հայաստանի տատս միշտ հիշեցնում է, որ Նյու Յորքում բարեկամներ ունենք, որ կարծեմ կոտորածից հետո են այնտեղ հաստատվել, մի բան անենք, գտնենք։ Էհ, ոնց գտնեմ, կամ որ գտնեմ, ի՞նչ ասեմ։ Նա Հայաստանում իր հոր հորեղբոր տղային էր գտել 80-ական թվականներին (շատ հետաքրքիր ու հուզիչ էր նրանց հանդիպումը, մի օր կգրեմ, թե հավես ունենամ), ու դրանից հետո հավատում է, որ մնացածին էլ  կգտնի… Բայց դե ես նման բաներից շատ հեռու եմ… ։( Ինձ որ մնա, ոչ կփնտրեմ ինչ-որ մեկին, ոչ էլ իսկի մտքովս կանցնի, որ կարելի է փնտրել ու գտնել։ Իսկի էստեղ ունեցած հարազատներիս համարյա չեմ այցելում, ուր մնաց թե կորածներին փնտրեմ։ Մաման էլի հիշեցրեց, որ սառը մարդ եմ։ Ի՞նչ անեմ. էս եմ, ես եմ... Բայց վրաս ազդեց որոշ չափով էդ ամեն ինչն, ու էսօր որոշեցի գնալ էստեղի տատիս այցելության։ Խեղճ կինը աչքերին չհավատաց երևի, երբ ինձ տեսավ։ Ուրախությունից չգիտեր ինչ աներ։ Ահագին ժամանակ է, ինչ չէինք տեսնվել։ Փոքրացել էր տատս. համ ֆիզիկապես, համ էլ մի տեսակ երեխա էր դարձել։ ։)  Լսում էի նրան ու մեղմ ժպտում։ Ճիշտ է, 80 տարեկան է, բայց ինձնից առողջ ու կայտառ է… Մի քիչ թեթևություն զգացի, որ այցելեցի։ Խոստացա նորից շուտով էլի գնալ իր մոտ, բայց գիտեմ, որ չհավատաց։ ։(

No comments: