Էսօր հիշողությանս մեջ մնացած պատկերդ թղթին հանձնեցի։ Մաշկդ սովորականից
թուխ էր, դու էլ սովորականի համաձայն հեռուն չէիր նայում։ Հայացքդ հառել
էիր վրաս։ Ավելի ճիշտ, ես էի քո հայացքը հառեցրել վրաս։ Աչքերդ
անտարբերություն էին արտահայտում։ Դեմքիդ ոչ բնորոշ քմծիծաղ էր հայտնվել։
Վերնաշապիկդ կանաչ էր. գիտեմ, որ չես սիրում էդ գույնը։ Դիտմամբ էդպես
ներկեցի. չսազեց։ Վրայից կարմիր քսեցի, գորշ երանգ ստացավ։ Չեմ սիրում, որ
մուգ ես հագնում։ Ի՞նչ արած։
Երկար նայեցինք իրար, հետո ձանձրացա։
Ուզեցա քմծիծաղդ վերացնել, ջանքերս զուր անցան։ Ջղայնացա ու աչքերիդ տակը
կապտացրի։Հայացքդ էլի նույն բանն էր հաղորդում։ Չհանդուրժեցի։ Շուտով երեսդ
շիկնեց, ու էդ պահին իմ դեմքին քմծիծաղ հայտնվեց։ Վրձինս նորից թաթախեցի
կարմիրի մեջ ու ճակատիդ գծեր տարա, հետո ուշքի եկա ու հասկացա, որ չափն
անցա։ Վրձինս ջրոտեցի ու փորձեցի էդ գծերը անհետացնել։ Չհաջողվեց ճակատդ
անհետք թողնել։ Ասի գոնե շապիկիդ գույնը բացացնեմ։ Թուղթս փափկեց։ Հավեսս
եկավ։ Վրձինս անիմաստ աջ ու ձախ անելով սկսեցի դեմքդ թաքցնել կապույտի տակ։
Նկարդ լրիվ լղոզեցի, բայց էլի անփոփոխ հայացքդ հառված էր վրաս։ Թուղթս
ճմրթեցի ու շպրտեցի։ Հետքդ մնաց պատին։ Մյուս անգամ քեզ էդտեղից կկախեմ։
Եթե ռիսկ անեմ կրկին նկարել…
No comments:
Post a Comment